Կառավարությունն այսօրվա նիստում մերժեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի առաջարկած «Սևանա լճի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծը, որով նախատեսվում էր ձկների ձվադրման, ինչպես նաեւ մանրաձկան ձեւավորման եւ զարգացման փուլում կասեցնել գործող ՀԷԿ-երի աշխատանքը:
Նիստին Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանն ասաց, քանի որ մանրաձկան ձեւավորման եւ զարգացման փուլը շարունակական գործընթաց է՝ իրականում ՀԷԿ-երի աշխատանքը փաստացի ոչ թե կկասեցվի, այլ կդադարեցվի: Ըստ նախարարի՝ «Սա հղի է լուրջ փոխհատուցման խնդրով, քանի որ կլոր տարին պետք է հիդրոէլեկտրակայանները չաշխատեն»:
Զարուհի Փոստանջյանն առաջարկում էր նաեւ, որպեսզի գործող հիդրոէլեկտրակայաններին այլեւս լիցենզիա չտան: Այս առաջարկությունն էլ, ըստ նախարարի, հսկայական փոխհատուցումների խնդրի առաջ կկանգնեցի կառավարությանը:
Պատգամավորի օրինագիծը ներկա տեսքով չընդունվեց: Արմեն Մովսիսյանը վարչապետին հիշեցրեց, որ Սեւանի ու ձկների խնդիրները բնապահպանության նախարարության գործառույթն է, ուստի էներգետիկայի նախարարը դժգոհեց, որ հենց ինքն է այս թեմայով պատասխանում, առաջարկեց, որ այս խնդրով զբաղվի բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը:
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ