Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ռուս փորձագետ. «Ռուսաստանը երբեք չի հրաժարվի Աբխազիայից եւ Հարավային Օսեթիայից»

Դեկտեմբեր 19,2013 15:35

«Անվտանգությունը եւ համագործակցությունը Հարավային Կովկասում» միջազգային համաժողովը այսօր էլ անցավ բավականին բուռն քննարկումներով: Բավական է ասել միայն, որ այսօր քննարկվող հարցերի շրջանակներում էր ռուս-վրացական հակամարտությունը, եւ ռուսական կողմի տեսակետը ներկայացնողները բավականին մարտականորեն էին տրամադրված:

Մասնավորապես, ` «Ռուս–վրացական հարաբերությունների հեռանկարները Սաակաշվիլիի վարչակարգի փոխարինումից հետո. դրական փոփոխություններ հնարավո՞ր են, թե ոչ» զեկուցմամբ հանդես եկած Ռուսաստանի ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի կովկասյան հետազոտությունների հատվածի պետ Յանա Ամելինայի ելույթը զուրկ էր դիվանագիտական լեզվին հատուկ մեղմ բնորոշումներից եւ համեմված էր «ծիծաղելի է անգամ մտածել», «այդ կարգի հիմարություններ», «ծիծաղելու չափ ակնհայտ», եւ ավելի աչառու արտահայտություններով:

Տիկին Ամելինայի ասածի հիմնական իմաստը հետեւյալն էր. Վրաստանի «այսպես ասած տարածքային ամբողջականության վերականգնումը» անհնարին է, Վրաստանը դարձել է Արեւմուտքի հակառուսական գործունեության լոկոմոտիվը, ԱՄՆ-ի ֆորպոստը, Ռուսաստանը երբեք չի հրաժարվի Աբխազիայից եւ Հարավային Օսեթիայից եւ այլն: Նա նույնիսկ չի հավատում, որ վրացական նոր իշխանությունները կարող են փոխել իրավիճակը. «Իրավիճակը հաստատ չի փոխվի, մի քիչ կտարբերվի, բայց չի փոխվի, որովհետեւ ոչ Ռուսաստանը, ոչ Վրաստանը պատրաստ չեն զիջումների գնալու»:

Տիկին Ամելինան խոսեց նաեւ Եվրոպայից եկող այլասերվածության մասին, բայց, հանուն արդարության պետք է նկատենք, որ նա չժխտեց, որ Ռուսաստանում էլ այդ այլասերվածությունը, կամ իր խոսքերով՝ «սատանայականությունը» տեղ ու դեր ունի: «Մարդիկ, ովքեր Ռուսաստանի մասին կարծիք են կազմում մեր ԶԼՄ-ների, մասնավորապես հեռուստատեսային հաղորդումների, սերիալների եւ այլնի միջոցով, կարող են կարծիք կազմել, որ այս երկիրը գոյություն ունենալու իրավունք չունի, որ այստեղ քաոս է, այլասերվածություն, կոռուպցիա, հանցագործություններ եւ աշխարհի բոլոր մեղքերի կուտակումը, սակայն իրականությունն այդպիսին չի: Այո, մենք շատ խնդիրներ ունենք, բայց այն, ինչ ներկայացվում է, ծայրահեղ չափազանցություն է»:

Այս առումով նա տեղ գտավ Վրաստանի հասցեին մի լավ բառ ասելու եւ նշեց, որ Ռուսաստանը Վրաստանից սովորելու մի բան ունի՝ վրաց ուղղափառ եկեղեցու բարձր դերը: Ավելի ուշ նրան արձագանքելով՝ Վրաստանի ռազմավարական հետազոտությունների կենտրոնի փորձագետ Գեորգի Գվիրմաձեն ասաց, որ նման բարձր հեղինակություն ունի միայն վրաց պատրիարքը, եւ ոչ թե ողջ եկեղեցին: Իսկ երբ Աբխազիայում եւ Հարավային Օսեթիայում պատերազմ էր եւ հոգեհանգստի արարողություն էր լինում՝ նույն եկեղեցին, թեեւ անընդհատ պնդում է, որ Աբխազիան եւ Հարավային Օսեթիան մտնում են վրաց ուղղափառ եկեղեցու հոտի մեջ, չէր սգում զոհված աբխազների եւ օսեթների համար, մոռանում էր հնչեցնել նրանց անունները:

 

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031