Հայաստանում Բրազիլիայի Դաշնային Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Էդսոն Մարինյո Դուարտե Մոնտեյրոն այսօր «Սլաք» մամուլի ակումբում խոսեց 2014 թվականին իր երկրի 12 քաղաքներում անցկացվելիք ֆուտբոլի աշխարհի առաջնության նախապատրաստական աշխատանքների, եզրափակիչ մրցաշարում մասնակից պատվիրակությունների, հավաքականների եւ այդ օրերին Բրազիլիա ժամանող տասնյակ հազարավոր ֆուտբոլասերների ու զբոսաշրջիկների սպասարկման, անվտանգության ապահովման միջոցառումների ուղղությամբ տարվող աշխատանքների մասին, որոնք նրա հավաստիացմամբ կիրականացվեն ժամանակին եւ ամենաբարձր մակարդակով:
Դեսպանի խոսքերով, Բրազիլիան խորհրդակցում է այն երկրների հետ, որտեղ արդեն աշխարհի առաջնություն անցկացվել է եւ ամեն բան առաջին հերթին համապատասխանեցնում եւ համագործակցում է ՖԻՖԱ-ի հետ: Բրազիլիայի կառավարությունը ստեղծել է անվտանգության մի կոմիտե, որում ընդգրկված են իրավասու բոլոր կառույցները:
Դեսպանը խոսեց նաեւ Հայաստանի ազգային հավաքականի մասին: «Ընդամենը վեց ամիս առաջ եմ ժամանել Երեւան, երբ եզրափակիչ մրցաշարի մասնակից հավաքականների կազմավորման վերջին փուլն էր: Եվ մինչեւ հիմա չեմ կարողանում հասկանալ, թե ինչո՞ւ Դանիայի հավաքականին չհաղթեցիք: Ես տեսա, թե ինչպես Հայաստանի հավաքականը հաղթեց Բուլղարիային, բայց նույնը չարեց Դանիայի հետ: Բայց հաշվի առեք, որ աշխարհի հաջորդ առաջնությունը լինելու է Մոսկվայում: Մոսկվան Երեւանից այնքան էլ հեռու չէ: Հույս ունեմ, որ Հայաստանն այնտեղ կլինի», – ասաց դեսպան Մոնտեյրոն:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ