Լրահոս
Օրվա լրահոսը

Երևանի դպրոցների տնօրենների ընտրությունը հարմարեցվում է ինչ-որ մարդկանց շահերին

Դեկտեմբեր 19,2013 15:15

Հրավիրում եմ ԿԳ նախարարի և Երևանի քաղաքապետի ուշադրությունը

19 դեկտեմբերի 2013, Երևան: Երևան քաղաքի դպրոցներում տարվում է կադրային անվերահսկելի քաղաքականություն, որի համար պատասխանատվություն է կրում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կրթության վարչությունը: Կարծում եմ՝ անհրաժեշտ է վերանայել այդ քաղաքականությունը, որովհետև Երևանի քաղաքապետը օրենքով է պատասխանատու Երևանում կրթության կառավարումն օրենքներով և ՀՀ կառավարության որոշումներով իրականացնելու, հատկապես տնօրենների ընտրության օրինական գործընթացի համար: Ասածիս հիմքում դրված են հետևյալ փաստարկները. սույն թվականի նոյեմբերի 1-ին նամակով դիմեցի Երևանի քաղաքապետին՝ խնդրելով տրամադրել տեղեկություններ իր օրոք աշխատանքից ազատված տնօրենների մասին: Պատասխան նամակով ինձ տրվել է մի ցուցակ, ըստ որի՝ 2011 թվականից այս կողմ Երևանի ենթակայության դպրոցների 41 տնօրեններ ազատվել են աշխատանքից, որոնցից 27-ը թոշակի տարիքի պատճառով, մեկը՝ դպրոցի լուծարման, մեկը՝ վերակազմակերպման, 9-ը՝ անձնական դիմումի համաձայն, 4-ը՝ գործատուի նախաձեռնությամբ: Ոչ մի ազգանուն չեմ նշում:

Ինձ տրամադրված ցուցակում արձանագրեցի տարօրինակ փաստեր, որոնք պետք է հայտնի դառնան հասարակությանը: Հիշո՞ւմ եք 2012 թվականի նոյեմբերի 28-ին «Հայելի» կայքէջում հրապարակված «Կեղծ դիպլոմով դպրոցի խաբեբա տնօրինուհին դատապարտվեց» լուրը: Պարզվում է, որ այդ բավականին երիտասարդ կինը, ով դպրոցում «թագավորեց» ընդամենը երկու շաբաթ՝ 10.01.2012-27.01.2012թ.թ., ազատել են «ՊՈԱԿ-ի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի «բ» կետի համաձայն, որն ասում է. «Լրացել է նրա 65 տարին»: Մեկնաբանություն, իհարկե, կարելի է անել, սակայն այն շատ հեռու կտանի, հետևություններ թող անեն այն մարդիկ, ովքեր այս խայտառակությունը նախաձեռնել, իրականացրել ու պարտակել են:

Հաջորդը. 2011 թվականի նոյեմբերի 22-ին աշխատանքից ազատվել է «Երևանի Համո Սահյանի անվան հ.70 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի ԺՊ Նարինե Մատինյանը՝ թոշակի անցնելու պատճառով, իսկ 2011թ. նոյեմբերի 29-ին նույն անձը, այսինքն՝ 7 օր անց, նույն հիմքով ազատվել է «Երևանի հ.140 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի ԺՊ-ի պաշտոնից: Տատիկս կասեր՝ «Բան մը կհասկնամ նե՝ արաբ ըլլամ»:

Հաջորդը. 2012 թվականի հուլիսի 7-ին «Երևանի Ա.Մռավյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի լուծարման պատճառով դպրոցի տնօրենն անձնական դիմումի հիման վրա ազատվել է աշխատանքից: 35-րդ տողում նույն, փաստորեն արդեն լուծարված՝ «Երևանի Ա.Մռավյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենն է, ոչ ԺՊ-ն, ազատվել իր դիմումի համաձայն

2012 թվականի դեկտեմբերի 7-ին, այսինքն՝ ուղիղ չորս ամիս կառավարել է լուծարված դպրո՞ցը և ստացել աշխատավա՞րձ: Հետո ասում են՝ գանձարանում կրթության համար փող չկա՞:

Հաջորդը. 2012 թ. հունվարի 12-ին թոշակի անցնելու պատճառով աշխատանքից ազատվել է «Երևանի հ.81 դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենը, թե երբ է կայացել մրցույթը և տնօրենի ընտրությունը, հայտնի չէ, սակայն նոր տնօրենը, ոչ ԺՊ-ն, 2012թ. փետրվարի 6-ին, այսինքն՝ մեկ ամսից էլ պակաս ժամկետում, անձնական դիմումի համաձայն՝ ազատվել է աշխատանքից: Այս դպրոցի ոդիսականը շարունակվում է, որովհետև 2012 թ. հուլիսի 9-ին անձնական դիմումի համաձայն՝ աշխատանքից ազատվում է «Երևանի հ.81 դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի ԺՊ-ն: Կարծես աճուրդի մասին ես կարդում:

Հաջորդ հետաքրքիր փաստը. 2012թ. հոկտեմբերի 23-ին գործատուի նախաձեռնությամբ աշխատանքից ազատվել է «Երևանի Վ. Համբարձումյանի անվան հ.17 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենը, իսկ 2012թ. դեկտեմբերի 24-ին՝ անձնական դիմումի համաձայն՝ արդեն նոր տնօրենը, այսինքն՝ ուղիղ երկու ամիս հետո: Հարցն ինքն իրեն է հայտնվում. ե՞րբ հասցրեցին մրցույթ հայտարարել, տնօրեն ընտրել ու նա հրաժարվեց աշխատելուց՝ չափսոսալով նույնիսկ իր հավաստագրման վրա ծախսած գումարը:

Ինչ-որ խիստ կասկածելի են այս փաստերը, որոնցից հետևում է, որ Երևանի դպրոցների տնօրենների ընտրությունը հարմարեցվում է ինչ-որ մարդկանց շահերին, կոռուպցիան ակնհայտ է, իսկ հասարակությունը և դպրոցների արտաքին գնահատման արդյունքները խոսում են կրթության որակի անընդհատ անկման մասին: Պատասխան պետք է տան ՀՀ ԿԳ նախարարն ու Երևանի քաղաքապետը: Սպասում ենք…

Հ.Գ. Երևանի թ.27 դպրոցի նախկին տնօրենն այսօր հայտնվել է մեղադրյալի աթոռին՝ խոշոր չափի հասնող յուրացումների համար, իսկ թ.70 դպրոցի տնօրենն էլ այդ ճանապարհին է, ում անօրեն վարքագծի պատճառով չի բացառվում, որ ուսուցիչները շուտով զրկվեն աշխատավարձից:

Ես՝ որպես Երևանի ավագանու կրթության հանձնաժողովի անդամ, բարձրացնում եմ այս հարցերն ու սպասում մեր երեխաների կրթության իրավունքը պաշտպանող Քաղաքապետի համապատասխան արմատական քայլերին, մասնավորապես՝ ազատել Համո Սահյանի անվան դպրոցի գործող տնօրենին, հակառակ դեպքում հասարակությունն ականատեսը կլինի տնօրենի նկատմամբ հարուցվող հերթական քրեական գործի:

Անահիտ Բախշյան

Երևանի ավագանու

«Բարև Երևան» խմբակցության ղեկավար

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031