Այսօր քաղաքագետ Ալեքսանդր Մարգարովը «Տեսակետ» ակումբում խոսեց տարվա կարեւոր իրադարձությունների մասին, առանձնացնելով դրանցից հետեւյալը. «Ընտրական ցիկլի փակումը Հայաստանում, ըստ էության, անցյալ տարվա շարունակությունն էր: Ընտրական պրոցեսների հետ կապված`ուշագրավ է այն մոտեցումը, որ ցուցաբերում էր ընդդիմությունը քաղաքականության մեջ: Չկար ընդդիմադիր ուժ, որը ի վիճակի էր կոնսոլիդացնել ընդդիմադիր հատվածին, չկար նաեւ մոբիլիզացիոն կոչ»:
Ալեքսանդր Մարգարովը նշեց, որ կարեւոր իրադարձություններից էր նաեւ սոցիալ-տնտեսական խնդիրների բարելավմանն ուղղված քայլերը:
Ըստ նրա`ուշագրավ էր նաեւ այն, որ քաղաքացիական հասարակության ակտիվ հատվածին ոչ մի ուժ չկարողացավ օգտագործել իր շահերի համար:
Մյուս կարեւոր տարրն էլ Ալեքսանդր Մարգարովի խոսքով`դա այն էր, որ արդեն սկսում է սահմանադրական հանձնաժողով գործել:
Կարդացեք նաև
Ալեքսանդր Մարգարովն առանձնացրեց արտաքին քաղաքական ամենակարեւոր իրադարձությունները, որոնցից մեկը`«Համագործակցությունն էր Եվրամիության հետ, Ասոցացման համաձայնագրի վերաբերյալ աշխատանքներն էին, մյուսն էլ` սեպտեմբերի երեքի հայտարարությունը, Մաքսային միությանը միանալը, դրանից հետո տեղի ունեցած իրադարձություններն էին»:
Ալեքսանդր Մարգարովի ձեւակերպմամբ`տարին, որն ավարտեց ընտրական գործընթացները, շարունակվում է առանց մեծ ցնցումների:
Aravot.am- ի հարցին պատասխանելով էլ`ի՞նչ է կանխատեսում 2014 թվականի համար, անցնող տարվա կարեւոր իրադարձություններից որեւէ մեկի շարունակության ականատեսը կլինե՞նք, թե՞ ոչ, Ալեքսանդր Մարգարովը պատասխանեց. «Արտաքին քաղաքականության մեջ անհրաժեշտ է ակնկալել այն աշխատանքը, որը վերաբերում է ճանապարհային քարտեզին, կապված Մաքսային միության հետ: Հասկանալի է նաեւ այն, որ բանակցությունները ԼՂՀ հարցի շուրջ պետք է շարունակվեն: Իսկ ինչ վերաբերում է ներքին քաղաքականությանը, ապա այստեղ էլ անհրաժեշտ է նախ բարելավել սոցիալ-տնտեսական իրավիճակը»:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ