Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Ջավախյան. «Ժամանակակից գրողների գործերը զզվելիորեն կեղծ էին» (Տեսանյութ)

Դեկտեմբեր 19,2013 14:23

Արձակագիր Լեւոն Ջավախյանն այսօր «Հայելի» ակումբում խոսեց իր «Վերնիսաժ» նորատիպ գրքից: Նա լրագրողներին նվիրեց գրքի ազդ-օրինակներից, ասաց, որ առաջիկայում այն հասու կլինի լայն ընթերցողին. «Գիրքը Վերնիսաժում էլ կծախեմ, երեսից արծաթը կծախեմ, տակից իմ գիրքը: Նաեւ «Նոյյան տապանում» կլինի»:

javaxyan1Դառնալով իր ՝ գրականություն գալուն Ջավախյանը շարունակեց. «Մեր Լոռիում մի գյուղ կա՝ Կուրթան, գյուղացիները Համբոգրադ են ասում…էդտեղ Սարգիս Խարազյան մի գրող կար վաղամեռիկ, դրա մերը ամբողջ օրը տրտնջում էր, թե շան տղի Թումոն սաղ գրել ա, իմ տղուն փայ չի թողել: Բայց ինչպես տեսնում եք, էլի փայ մնացել է, եւ եթե Թումանյանը չկա, դա չի նշանակում էդ սուրբ տեղը դատարկ է»,-ասում է գրողը:

Նա առաջարկեց այս Ամանորին մարդիկ միմյանց մի տուփ կոնֆետից բացի գիրք էլ նվիրեն, որովհետեւ վաղուց մոռացվել է միմյանց գիրք նվիրելու ավանդույթը. «Եթե մի բուռ ջրից Սասնա ծռեր են ծնվել, բա մի ումպ հոգո՞ւց ինչեր կհղանան, դրա համար գիրք կարդալ է պետք»:

Լեւոն Ջավախյանն ասում է, որ ամեն մարդ սխալվելու իրավունք ունի, ինչ վերաբերվում է գրողին. «Իսկական գրողը գնում է անդունդի եզրով, կարող է ընկնի, բայց շարունակում է գնալ ու մնալ եւ մնում է նրա գրականությունը»: Գրականության մեջ իր սկզբունքն էլ հետեւյալն է. «Ամեն ճիշտ չէ, որ ճշմարտություն է, ճշմարտության հակառակը նորից ճշմարտություն է, դրա համար շատ հաճախ ես թարս եմ գնացել: Ես գրականության մեջ ուշահաս եմ, գրել սկսել եմ երեսուն տարեկանում, երբ Մակեդոնացին աշխարհն էր գրավել, իսկ ես էդ տարիքում դեռ նոր-նոր հեգում էի իմ պատմվածքները, որոնք սկզբում թույլ էին, դրա համար մի քիչ վառոդ էի խառնում: Մերուժան Տեր-Գուլանյանին էլ հորս քաշած օղիներն էի տանում, որ տպագրեր: Նա էլ օղիները խմում էր, գրածս մերժում…հիմա լավ է՝ եթերից տալիս է անունս»:

Արձակագիրը շարունակում է. «Երբ երեսուն տարեկանում սկսեցի գրել, ուսումնասիրում էի՝ ինչ կա գրական դաշտում, եւ առաջին բանը, որ աչքի էր զարնվում, ու որ ժամանակակից գրողներին կարդում էի, այն էր, որ զզվելիորեն կեղծ էին, հավատ չկար մեջը, կոմունիստական երջանկություն էին քարոզում: Ես էլ ձեռքս դրեցի սրտիս ու որոշեցի գրել միայն ճիշտը, մի քիչ էլ «պերեբարշիտ» արեցի…Իմ ակնարկը մի քիչ ինքնակենսագրական արձակ է, ինչպես շանսոնը, Հախվերդյանի երգերը, էդտեղ չես կարող ստել, ուղղակի ամեն մարդ պետք է իր հագով գրի: Բոլոր պատմվածքների վերջում դրա համար էլ գրում էի, թե որ թվականի, որ օրն եմ գրել: Հիմա երիտասարդ գրողներ կան, էլի էդ ոճով են գրում՝ ինքնակենսագրչական եւ գեղարվեստ են ստեղծում, բայց միշտ չի, որ հաջող է ստացվում: Ես ինքս իմ համար շկոլա եմ ստեղծել, ստիլ եմ ստեղծել, բարկանում եմ, որ իմ ոճով գրում եմ, բայց անշնորհք են գրում, պապային էլ չեն հիշում»:

Գրողը ասում է. «Որ տարիք ես առնում, անընդհատ մանկությունդ ես հիշում, ես դեպի իմ մանկությունն եմ գնում, ոչ թե դեպի մահ: Հիմա այլեւս լոլոկի-բոլոկի սպասող երեխա չեմ, արդեն ե՛ս եմ լոլոկ-բոլոկ բերողը, որոնք իմ գրքերն են: Ինչ վերաբերվում է «Վերնիսաժին», դա իմ ամենաօրյա կյանքն է»: Հեղինակի ձեւակերպմամբ, գրքի հովանավորը «բարձրագույն տեղ աշխատող մարդ» է, երկրորդ անգամ աջակցում է, բայց չի ցանկանում, որ անունը հնչի, քանի որ համեստ մարդ է: Նախորդ անգամ գրողն առաջարկել է կարդալ իր «Մնացորդաց երկիր» պատմվածքը եւ ինչ-ինչ հարցերի հետ համաձայն չլինելու դեպքում, չօգնել գրքի լույս աշխարհ գալուն, սակայն հովանավորն առարկել է՝ ինչ կապ ունի գեղարվեստը քաղաքականության հետ:

Լեւոն Ջավախյանը մաքուր ապրելու եւ սրբությունները անհարկի չշեփորելու կողմնակից է. «Մեր ժամանակներում հայրենասիրությունը, ազնվությունը վարկաբեկվեց, մինչդեռ հայրենասիրությունն էն բանն է, որ քո խոսքի մեջ չպիտի գովես, թե քո հայրենիքին ինչքան ես սիրում, դա նույն է, որ գովես, թե քո երեխուն ինչքան ես սիրում, չպիտի հայրենիքը շուրթիդ առնես ու գոռաս: Անկեղծ գրելն էլ, որ ասում եմ, դա չի նշանակում, թե իսկական գրականությունն անկեղծությունն է, գրողը պիտի ֆանտազիա ունենա, հեքիաթի վրա գրի, ուղղակի ես չեմ կարողանում ֆանտազիա անեմ, էդ առումով էդ տեսակ գրականության կրողը չեմ»:

Արձակագրի խոսքով. «Գրողը մի կողմից պիտի ինքն իրեն գտնի, մի կողմից էլ բախտ ունենա, ընթերցողն իրեն պիտի ընդունի»:

Ջավախյանին կարդում են բոլորը, ասում է որոշ պաշտոնյաներ այնքան հաճույքով են կարդում իր պատմվածքները, կարծես իրենց մասին չլինի. «Իրենց դուրը զարմանալիորեն գալիս ա, հենց գիտեն իրանց մասին չի, ասում են մալադեց Լեւոն, քեզ չկորցնես, էդպես էլ շարունակի, բայց հենց իրանց եմ «պախարակում»:

Գրողի ձեւակերպմամբ, Հոմերոսից սկսած բոլորն ուզում են փոխել աշխարհը, բայց չի աշխարհը փոխվում. «Փոխարենը գրողն է փոխվում, քայլ առ քայլ առաջ ես գնում: Ի դեպ, գրականությունն ինձ համար պարապ վախտի խաղալիք է, ուղղակի եթե ճաշակավոր ես, մարդկանց կյանքը պիտի էնպե՜ս զարդարես…Ընդհանրապես իմ ցանկությունն այն է, որ իսկական մտավորականը հումանիստ լինի, միայն սերն է պտուղ տալիս»:

Անդրադարձ եղավ նաեւ Լեւոն Ջավախյանի «Քիրվա» պատմվածքի անհարկի շահարկմանը: Գրողն ասաց, որ դեմ է ատելությանը եւ ռեւանշիզմին՝ հատկապես հաղթած ժողովրդի պարագայում. «Մարդ կա իրա աղբորը չի սիրում, քրոջը չի սիրում, բայց «պա բալշոմու» հայրենասեր ա: Ախր էդպես ոնց կլինի… Մի ադրբեջանցի ռուսերեն էր կարդացել իմ «Քիրվան» ու ֆեյսբուքով նամակ գրել, թե Մուալիմ (հարգարժան) Լեւոն Ջավախյան, ես քո «Քիրվան» կարդացի, հուզվեցի, դա ինձ մի պատմություն հիշեցրեց: Ես ժամանակին «ժողովրդական ճակատում» էի, մյուսների հետ հայերին հալածում էի: Մի անգամ էն խառը ժամանակները լսեցի, որ մի հայի ծեծում են, գնացի տեսա դանակը փորն են կոխել, տասը տարեկան երեխեն էլ լացում էր, թե հայրիկ մի մեռի: Սիրտս լցվեց, տարա բուժեցի,Կասպից ծովով էն կողմը ուղարկեցի: Անունն էլ Արկադի էր, հիմի ուզում եմ իրենից ներողություն խնդրեմ, չեմ գտնում: Բայց հասկացա, որ քեզանից պիտի ներողություն խնդրեմ»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031