Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Միայն Ալբերտ Բազեյանն է դեմ եղել ԱՄՆ դեսպանատան համար հողհատկացմանը (Տեսանյութ)

Դեկտեմբեր 19,2013 13:50

«ԱՄՆ-ի դեսպանատան հողահատկացումը կատարվել է ապօրինի ճանապարհով: Մենք ունենք կառավարության պատասխանը, քաղաքապետարանի պատասխանը, կադաստրի պատասխանը եւ մեր հարցերին այդ բոլոր պատասխանները մեկը մյուսին հակասող են»,- այսօր «Իրատես դե ֆակտո» մամուլի ակումբում հայտարարեց «Հայկանդուխտ» ավանդապաշտ ժողովրդավարական կուսակցության նախագահ Արմենուհի Ղազարյանը` «ԱՄՆ-ի դեսպանատանը հատկացված հողատարածքի հարցը ակնհայտ կեղծ գործարք է՝ կոռուպցիոն դրսևորումներով» թեմայով մամուլի ասուլիսի ժամանակ:

«Մի կառույցը տալիս է, որ ութ հեկտար հող է հատկացվել, մյուսը`ինը, կադաստրի կոմիտեի նախագահի տեղակալ պարոն Մուսոյանի հետ իմ հեռախոսազրույցի ժամանակ պարզվում է՝ ԱՄՆ դեսպանատանը տասնմեկ հեկտար հող է հատկացվել: Աբսուրդային իրավիճակ է ստեղծվել`վերջապես, իրականում ինչքա՞ն հող է հատկացվել եւ որքան գումար է վճարվել այդ հողի դիմաց»,- մանրամասնեց Արմենուհի Ղազարյանը:

Համաձայն լրագրողներին տրամադրված փաստաթղթերի, հողը նախ տրամադրվել է վարձակալությամբ`36 000 դոլար մեկ տարվա համար, վաճառքի գինը սահմանվել է երկու միլիոն երեք հարյուր հազար ԱՄՆ դոլար:

Քաղաքապետ Ալբերտ Բազեյանը դեմ է եղել այդ հողահատկացմանը, սակայն, Նարեկ Սարգսյանի «համառ ջանքերով» հողհատկացում է եղել:

Ուսումնասիրելով իրենց ձեռքի տակ եղած փաստաթղթերը եւ համադրելով պաշտոնական ատյանների պատասխանները, գործով զբաղվող անձինք հանգել են եզրակացության, որ «տեղի է ունեցել կոռուպցիա»:

«Երեւանի քաղաքապետարանից մենք հարցում էինք արել եւ խնդրել էինք պատասխանել, թե որքա՞ն գումար է տրամադրվել քաղաքապետարանին` ԱՄՆ դեսպանատան կողմից, տվյալ տարածքի համար: Երեւանի քաղաքապետի տեղակալ պարոն Նիկոյանի պատասխանում ասվում է, որ Իսակովի պողոտային հարող տարածքում դեսպանության շինարարության համար հողամասի տրամադրման հիմքը կարգավորվել է կառավարության համապատասխան որոշմամբ եւ Երեւանը, որպես քաղաքային համայնք, ձեւավորվել է 2009 թվականին, ուստի նշված ժամանակահատվածում գումարների վճարների վերաբերյալ որեւէ տեղեկատվություն Երեւանի քաղաքապետարանում առկա չէ»,-մանրամասնեց Արմենուհի Ղազարյանը:

Այլ բացահայտումները` տեսանյութում

Այս նախաձեռնության հեղինակներից է նաեւ «Դեպի Եվրասիական միություն» շարժման համակարգող խորհուրդը: Շարժման նախագահության անդամ Իշխան Թովմասյանն էլ հայտարարեց, որ այս հարցով դիմելու են ՀՀ նախագահին եւ ՎՊ նախագահին`կցելով համապատասխան փաստաթղթերը: Փետրվարից սկսած՝ բողոքի ակցիաներ են անելու ԱՄՆ դեսպանատան մոտ: Նրանք վիրավորված են դեսպանատան պահվածքից. «ամենավերջին մարդուն են ուղարկում մեզ հետ հանդիպելու»: Ակցիայով պահանջելու են նաեւ, որ ԱՄՆ-ը Ցեղասպանության հարյուրամյակին ընդառաջ ի վերջո ճանաչի Հայոց ցեղասպանությունը, քանի որ ԱՄՆ բոլոր նախագահները հայ համայնքի ձայներն են կորզում ու ապրիլի քսանչորսին ցեղասպանության հետ առնչություն չունեցող հայտարարություններ են անում:

«Ես ԱՄՆ դեսպանին իմ դիմումում խնդրել էի շատ հստակ պատասխանել`որքա՞ն տարածք է զբաղեցնում դեսպանատունը եւ ինչքա՞ն գումար է վճարել դրա համար: Մի հատ էլ անձնական հարց եմ տվել`այն ակտիվությամբ, որ դուք Հայաստանում եք գործում, ձեր չար ծրագրերն իրականացնելու համար, այդ նույն ակտիվությամբ գործո՞ւմ եք ԱՄՆ-ի համապատասխան ատյաններում, որպեսզի ճանաչեն Հայոց ցեղասպանությունը եւ վերջապես, Դուք`անձամբ, ճանաչո՞ւմ եք, թե`չէ: Դրա համար չորս անգամ գնացինք, չորսն էլ մեր հայ ներկայացուցիչներին են ուղարկում մեր հետ բանակցելու»,- ասաց Իշխան Թովմասյանը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031