Լրահոս
Օրվա լրահոսը

Տասը տարուց ավելի է՝ հնաբնակ երեւանցու բնակարանը տնօրինում են «անհայտ ծագումով» անձինք

Դեկտեմբեր 19,2013 13:28

Վերաքննիչ քրեական դատարանն այս տարվա մարտի 11-ին քննության առավ տոհմիկ ընտանիքի ժառանգ, 2-րդ կարգի հաշմանդամ, ճարտարապետ Կարինե Խորասանյանի բողոքը:
Հնաբնակ երեւանցի Կ. Խորասանյանը վիճարկել էր Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դեկտեմբերի 14-ի որոշման օրինականության հարցը: Վերաքննիչ քրեական դատարանը որոշել էր բողոքը բավարարել, վերացնել առաջին ատյանի դատարանի որոշումը, պարտավորեցնել վարույթն իրականացնող մարմնին՝ վերացնելու բողոքաբերի իրավունքների եւ ազատությունների խախտումը:
Գործի նախապատմությունը հետեւյալն է.
Կարինե Խորասանյանը հաղորդում է ներկայացնում ոստիկանության Կենտրոնականի բաժին, այն մասին, որ 2003 թ. մայիսի 29-ին «Կենտրոն» նոտարական գրասենյակում իր դստերը պատկանող Ամիրյան 18 շենքի N բնակարանի 1/2-րդ մասի առքուվաճառքի պայմանագիրը կնքելիս նոտարի կողմից թույլ են տրվել ձեւակերպումներ, ինչի հետեւանքով թե կադաստրի, թե նոտարի պատճառով զրկվել է ողջ բնակարանից:

Կ. Խորասանյանն ասում է, որ ինքը վաճառել է Խաչատուր Բեդրոսի Բահարյանին բնակարանի 1/2 մասը, ստացել է 700 դոլար պակաս այդ մասի հետ կապված, անշարժ գույքի պետական կադաստր չի գնացել, սեփականության իրավունքի վկայական էլ չի հանձնել: Ի դեպ, անձնագրային տվյալների համաձայն՝ գնորդը ծնվել է մի քանի անգամ, մեկ՝ 18.02.1921թ. -ին, մեկ՝ 20.03.1922թ.-ին:

Մեկ կանադացի է, մեկ՝ ամերիկացի, մեկ՝ իրանցի: ՀՀ-ում ունի մի քանի բնակարան. հողակտոր:
2012թ. ապրիլի 18-ին ոստիկանության Արաբկիրի հետաքննության բաժնից են չգիտես ինչու ստացվում ոստիկանության Կենտրոնականի բաժնի հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերը:

Թե նոտարի, թե կադաստրի գործողություններում հանցակազմի բացակայության հիմքով մերժվում է քրեական գործ հարուցելը:
Կարինե Խորասանյանը դիմում է ՀՀ նախագահին, գլխավոր դատախազին, ազգային անվտանգության ծառայության պետին, Հատուկ քննչական ծառայությանը, Մարդու իրավունքների պաշտպանին:

Երեւան քաղաքի դատախազի տեղակալ Կ. Բատիկյանը գրավոր տեղեկացրել էր, որ քրեական գործի հարուցումը մերժելու որոշումն օրինական է, այն վերացնելու հիմքեր չկան:
Բողոքաբերը դիմում է այս անգամ Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ հետաքննիչների դեմ:

Այն դատարանի կողմից նույնպես մերժվում է, իսկ Երեւան քաղաքի դատախազի տեղակալ Գ. Միքայելյանի անգործության դեմ բողոքի մի մասն էլ թողնվում է առանց քննության:
Վերաքննիչ դատարանն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ գործից բացակայում են Խորասանյանի՝ իր դստեր կողմից տրված լիազորագիրը՝ գույքի 1/2 մասն օտարելու մասին, բնակարանը ընդհանուր համատեղ սեփականություն լինելու, համատեղ սեփականատերեր լինելու մասին ապացույցները՝ փաստաթղթերը:
Կ. Խորասանյանը, ըստ վերաքննիչի գնահատման, վաճառող սուբյեկտ չի եղել, նա նման լիազորություններով օժտված չի եղել, նա չի վաճառել իր գույքը:
Քրեական հետապնդում իրականացնող մարմինը, ըստ այս գործի նյութերի, բացատրություն է երկու անգամ վերցրել Կ. Խորասանյանից եւ Կենտրոն նոտարական գրասենյակի նոտար Է. Շաբոյանից: Ավելի գործառույթ չի իրականացրել:

«Վերաքննիչ դատարանը գտնում է, որ քրեական գործ հարուցելու մասին որոշումը թույլ կտա գործի դնել ՀՀ քրեադատավարական օրենսդրությամբ ամրագրված գործիքների ողջ «զինանոցը», գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ, օբյեկտիվ ստուգում իրականացնելու եւ կատարված լիարժեք քննության արդյունքում համապատասխան իրավական եզրահանգման համար»,- ասված է որոշման մեջ:

Ուշադրության արժանի է այն, որ վերադաս դատարանը մեղադրել է ստորադաս դատարանին, արձանագրելով. «Վերաքննիչ դատարանը գտնում է, որ Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն իր որոշմամբ իրավական գնահատական չտալով քրեական հետապնդման մարմնի կողմից հանցագործության եւ հաղորդման հիման վրա նյութերի թերի, միակողմանի նախապատրաստմանը, կայացրել է անօրինական, անհիմն որոշում, որը սահմանափակել է անձի իրավունքներն ու ազատությունները»:

Կարինե Խորասանյանը դիմել է գլխավոր դատախազ Գ. Կոստանյանին, բողոքարկելով Երեւանի նախկին դատախազ Հ. Բադալյանի գործողությունները, ուզում է հանդիպել Գ. Կոստանյանին, սակայն «խոչընդոտում» են: Սակայն ինչ ընթացք կարող է տալ Գ.Կոստանյանը, որ Խորասանյանին իրավունքներից զրկողները գլխավոր դատախազությունում են, իսկ շատերն էլ անցել են այլ աշխատանքի:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031