Լրահոս
Օրվա լրահոսը

«Վիեննա գալա» համերգ կամ վալսի հրավառություն օպերայում

Դեկտեմբեր 19,2013 13:24

Շուրջ 2 դար առաջ պալատական միջավայրի համար ավստրիացի կոմպոզիտորներ Յոհան եւ Յոզեֆ Շտրաուսների ստեղծած վալսերը եզակի այն ստեղծագործություններից են, որոնք ի սկզբանե «դատապարտված» էին մշտական գոյության: Դրանք առաջին անգամ Հայաստանում հնչել են 1950-ականների վերջերին, մեր հայրենակից, այդ տարիներին Սանկտ Պետերբուրգի Միխայլովյան թատրոնի գլխավոր դիրիժոր Էդվարդ Գրեկուրովի եւ մեր ֆիլհարմոնիկ նվագախմբի մատուցմամբ: Վալսերին դիմել են նաեւ Յուրի Պողոսյանը, Լորիս Ճգնավորյանը, օպերային թատրոնի նվագախմբի հետ՝ Զարեհ Մուրադյանը, Յուրի Դավթյանը եւ այլն: Իսկ 1960-ականներին Մարիինյան թատրոնի բալետմայստեր Վ. Վարկովիցկին Երեւանի օպերային թատրոնում բեմադրեց շտրաուսյան մի քանի վալս:

Դեկտեմբերի 20-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում «Վիեննա գալա» խորագրով համերգը եզակի հնարավորություն է առաջին անգամ ողջ երեկո ըմբոշխնել շտրաուսյան վալսերը թատրոնի նվագախմբի մեկնաբանմամբ, այն էլ՝ կոմպոզիտորի հայրենակից, ճանաչված դիրիժոր, համաշխարհային օպերային գրականության ընտիր նմուշներ, այդ թվում՝ «Ռիգոլետտո», «Նաբուկո», «Տրավիատա», «Կարմեն», «Կախարդական սրինգ» եւ այլն ղեկավարած Վոլֆգանգ Գրյոսի ղեկավարությամբ: Շտրաուսյան կատարումներով հանդես կգան նաեւ մեր օպերային թատրոնի պրիմադոննա Անահիտ Մխիթարյանը եւ ավստրիաբնակ սոպրանո Աննա Րիանը (Զաքարյան): Ընդ որում, երկու սոպրանոներն էլ ուսանել են Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում՝ Գոհար Գասպարյանի դասարանում:

«Առավոտի» հետ զրույցում դիրիժոր Վոլֆգանգ Գրյոսին (լուսանկարում) երբ հայտնեցինք, թե երգչուհիները եղել են Գոհար Գասպարյանի ուսանողները, մաեստրոն ասաց. «Հիմա հասկացա, թե ի՜նչ դպրոց են նրանք անցել… Թեեւ իմ առաջին համագործակցությունն է Անահիտ Մխիթարյանի հետ եւ դեռ նրա մասնակցությամբ փորձ չեմ վարել, բայց այս երգչուհու մասին բազմաթիվ հիացական արտահայտություններ եմ լսել, իսկ Աննայի հետ վաղեմի բարեկամներ ենք ու բեմ ենք բարձրացել լավագույն թատրոններում ու սրահներում»:
Մեր զրուցակիցը հիշեցրեց, որ մինչ Շտրաուսը, կոնկրետ՝ Ավստրիայում վալսն արգելված է եղել հենց այն պատճառով, որ զույգերը պարելիս շատ մոտ են եղել միմյանց: Դիրիժորն ասաց նաեւ, որ մինչ Շտրաուսները, դարձյալ իր համերկրացի Ժոզեֆ Լաներն է ստեղծագործել այս պարաոճում, սակայն, իր խոսքերով՝ վալսն աշխարհում ընդունվել, սիրվել ու տարածվել է Շտրաուսների շնորհիվ: Վոլֆգանգ Գրյոսը հավելեց նաեւ, թե վալս ունկնդրելով մարդիկ կտրվում են առօրյա հոգսերից, ժպտում, դառնում լավատես: Անդրադառնալով կայանալիք համերգին՝ Հայաստան առաջին անգամ ժամանած երաժիշտը նշեց, որ մեր օպերային թատրոնի նվագախմբի երաժիշտները պրոֆեսիոնալ են, իրենց մտածելակերպով եւ մարդկային որակներով՝ նման իտալացիներին:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031