Օրերս The Rolling Stone ամսագրին տված հարցազրույցում Queen-ի կիթառահար Բրայան Մեյը խոսել է Queen-ի նոր ձայնագրությունների, հնարավոր գալիք համերգների, Queen-ի երգերի վրա հիմնված We Will Rock You թատերական բեմադրության եւ Ֆրեդի Մերկուրիի կյանքին նվիրված երկար սպասված ֆիլմի մասին: Խոսելով Quuen-ի նոր ձայնասկավառակի լույս տեսնելու հնարավորության մասին՝ Բրայան Մեյն ասել է. «Ինչ-որ բան արդեն ճանապարհին է: Ես դեռ համոզված չեմ, թե ինչ է դա: Ես չգիտեմ, թե արդյո՞ք դա ամբողջական ալբոմ կլինի: Այնտեղ ալբոմի մի մաս կա: Մենք մտածում էինք Queen-ի ավելի անսովոր, բայց հիշարժան երգերի հավաքածու կազմելու մասին: Գործեր, որոնք սինգլներ չէին, բայց տարիների ընթացքում սիրված էին մնացել: Դա այդպես էր սկսվել, եւ այդ ժամանակ էր, որ մենք հայտնաբերեցինք ստուդիայում Ֆրեդիի երգերով եւ մեր մասնակցությամբ մի քանի ժապավեններ, որոնք մենք այդպես էլ չէինք վերջացրել: Մենք մտածում էինք, թե ամեն ինչ ավարտել ենք Made in Heaven-ով: Բայց որոշ նոր բաներ են հայտնաբերվել: Այնպես որ, ալբոմը կարող է դառնալ խառնուրդ՝ անցյալից որոշ անսովոր գործերի եւ շատ անսովոր գործերի, որոնք ոչ ոք ընդհանրապես չի լսել: Ռոջերն ու ես աշխատում ենք դրանց վրա, երբ ազատ ժամանակ ունենք»: Բրայան Մեյը նաեւ անդրադարձավ վերջերս հայտնաբերված Ֆրեդի Մերկուրիի եւ Մայքլ Ջեքսոնի համագործակցության արդյունքում ծնված երգերին: «Դրանցից մի երկուսում մասնակցում է նաեւ Մայքլ Ջեքսոնը, – ասում է Մեյը, – ինչը հետաքրքրության լրացուցիչ շերտ է ավելացնում: Ֆրեդին ու Մայքլը՝ ութսունականներին միասին երգելիս եւ երաժշտական փորձեր կատարելիս»: Մեյը նաեւ պատմել է Queen-ի երաժշտության վրա հիմնված We Will Rock You թատերական բեմադրության մասին: Նրա խոսքերով, լոնդոնյան շոուն ընթանում է արդեն 12 տարի եւ Լոնդոնում այն ընդհանուր առմամբ տեսել է 6 միլիոն հանդիսական:
Ցավոք, ներկայացումը Լաս Վեգասում բեմադրելու փորձը ձախողվեց, քանի որ «այն սխալ ժամանակ եւ սխալ վայրում էր»: Մեյի խոսքերով, թատրոնի սեփականատերերն ավելի շատ հետաքրքրված էին մարդկանց խաղասեղանների մոտ քաշելով, քան թատրոնում նրանց պահելով: Հարցազրույցի ընթացքում կիթառահարը ներկայացրել է Ֆրեդի Մերկուրիին նվիրված կենսագրական ֆիլմի աշխատանքները: Նրա խոսքերով, ֆիլմում գլխավոր դերը կկատարի Բրեդ Ուիշոուն: Նրանք ստիպված էին հրաժարվել ավելի վաղ հաստատված գլխավոր դերակատար Սաշա Բարոն Կոհենի մասնակցությունից: «Մենք հասկացանք, որ Սաշան այդ ֆիլմում շեղող կլիներ, որովհետեւ նա այնպիսի հզոր անհատականություն ունի եւ կերպարները, որոնք նա կերտում է, միտում ունեն աչքի ընկնելու, ինչը հարմար չէր լինի ֆիլմին, – ասել է Մեյը, – այս ֆիլմում Ֆրեդին պետք է լինի լիովին հավատալի: Դուք ոչ մի վայրկյան չպետք է մտածեք, որ Ֆրեդիին չեք նայում, ինչը հնարավոր չէր լինի Սաշայի մասնակցության պարագայում»: Queen-ը այս պահին նաեւ մտածում է հնարավոր գալիք ելույթների մասին՝ վոկալիստ Ադամ Լամբերտի հետ միասին, ով միացել էր խմբին սեպտեմբերին կայացած iHeart Radio համերգի ժամանակ:
Հայկական ռոք ասոցիացիա