Սահմանադրական դատարանը քիչ առաջ հրապարակեց այս տարվա դեկտեմբերի 2-ին Երեւանում ստորագրված Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության միջեւ «Հայռուսգազարդ» ՓԲԸ բաժնետոմսերի առուվաճառքի եւ հետագա գործունեության պայմանների մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրությանը համապատասխանելու հարցը:
Այս համաձայնագրից բացի, բանավոր ընթացակարգով լսվեց նաեւ երկու կառավարությունների միջեւ բնական գազի առաքման ժամանակ գների ձեւավորման կարգի վերաբերյալ, ինչպես նաեւ նավթամթերքների եւ չմշակված բնական ալմաստների առաքման ոլորտում համագործակցության վերաբերյալ պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը:
Ի դեպ, ՍԴ է դիմել Հայաստանի Հանրապետության նախագահը:
Բացի էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանից, դատական նիստը դատարկ դահլիճում է ընթացել:
Կարդացեք նաև
Համաձայնագիրը իր պարտավորություններով, ըստ ՍԴ որոշման, համապատասխանում էր Սահմանադրությանը: Ըստ այդ համաձայնագրի ՀՀ սեփականությունը հանդիսացող 20,007% բաժնեմասը 1 մլն 260 հազար անվան բաժնետոմսերով 63 մլրդ 339,9 մլն արժեքով օտարվում է Ռուսաստանի Դաշնության «Գազպրոմ» ընկերությանը:
ՍԴ անդամներին հետաքրքրում էր, թե էներգետիկան, որն արտադրվում է Հայաստանում, դրա ո՞ր մասն է Հայաստանինը եւ որը «Հայռուսգազարդինը»: Ըստ նախարարի՝ 5-րդ բլոկն է «Հայռուսգազարդինը», որը տարեկան արտադրում է 800-900 մլն կիլովատ/ժամ էներգիա, որի կեսն է օգտագործում Հայաստանը:
Համաձայնագրում գրված էր, որ թույլատրվում է էներգիայի արտադրություն եւ իրացում Հայաստանի տարածքում եւ արտահանում: ՍԴ անդամին հետաքրքրում էր, թե ամբողջ արտահանումը պայմանավորվա՞ծ է «Գազպրոմով», թե՞ Հայաստանը կարող է ինքնուրույն արտահանել:
Ըստ նախարարի՝ Հայաստանն ունի իրավունքներ ներքին շուկայի կարգավորման համար եւ որեւէ սահմանափակում համաձայնագիրը չի պարտադրում Հայաստանին:
Ի դեպ, նախարարը պատասխանելով մեկ այլ հարցի, թե բացի Ռուսաստանից, որեւէ այլ պետություն իրավունք ունի՞ գազ ներկրել, նա ասաց, որ խոսքը վերաբերում է «Գազպրոմին», ռուսական որեւէ այլ կազմակերպություն իրավունք չունի ներկրելու:
Ըստ նախարարի, պարտավորությունները մեր պետության կողմից են, մեր առաջացած պարտքի հետ են կապված: Արմեն Մովսիսյանը տեղեկացրեց, որ Ռուսաստանի «Գազպրոմի» համար համաձայնագրով սահմանված է 15% շահութաբերության մակարդակ եւ որ բանակցությունների արդյունքում իջեցրել են 9%, ժամկետը երկարացրել (30 տարով), որպեսզի դա քիչ ազդեցություն ունենա:
ՍԴ անդամ Ֆելիքս Թոխյանի հարցին՝ Ռուսաստանը Եվրոպա ի՞նչ գներով է առաքում գազը, նախարարը պատասխանեց՝ 440 դոլարից է սկսվում, իր խոսքը նաեւ ավարտելով լավատեսությամբ, թե եթե միջազգային գները ընկնեն, լինի նաեւ այլընտրանք՝ գազի գնման գինը պետք է լինի ամենաէժանը եւ գազ կբերվի ոչ միայն Ռուսաստանից, այլեւ Իրանից:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ