Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկական պլանշետները կունենան շուկայի համար մատչելի գին

Դեկտեմբեր 19,2013 12:37

 Պլանշետների արտադրությունը նախատեսում է կազմակերպել ամերիկյան կապիտալով ստեղծված «Թեքնոլոջի ընդ սայնս դայնամիքս» ընկերությունը, որը հիմնադրել է ամերիկահայ գիտնական Վ.Շաքարյանը։ Նա Կալիֆոռնիայի նահանգի Սանտա Բարբարա համալսարանի դասախոս է։ Պլանշետների արտադրության ոլորտում Վ.Շաքարյանի գործունեությունը նոր չի սկսվել։ Նա MINNO պլանշետներ արտադրող ընկերության հիմնադիրներից է։ 

Թերեւս այս ընկերության հետ էլ նախատեսվում է համագործակցությունը նաեւ հայկական պլանշետների արտադրության դեպքում։ Վերջինս զբաղվելու է դրանց իրացման կազմակերպմամբ, ինչն անշուշտ ամենակարեւոր խնդիրներից մեկ է։ Բարձր տեխնոլոգիաների արտադրության շուկայում նոր ընկերության մուտքն այնքան էլ հեշտ չէ։ Սակայն այս առումով «Թեքնոլոջի ընդ սայնս դայնամիքսը» ի սկզբանե լուրջ առավելություն է ստանում։

Կառավարությանը ներկայացված տեղեկանքի համաձայն, MINNO-ն կստանա հայկական ընկերության թողարկած բոլոր պլանշետները եւ կզբաղվի դրանց իրացման ու առաքման կազմակերպմամբ։ Սա նշանակում է, որ արտադրողից «վաճառքի իրականացման գծով որեւէ ջանք չի պահանջվի»։

Պլանշետների արտադրությունը «Թեքնոլոջի ընդ սայնս դայնամիքսը» պատրաստվում է իրականացնել «Ալյանս» ազատ տնտեսական գոտում։ Նպատակ ունենալով ներդրումներ ներգրավել Հայաստան՝ «ՌԱՕ Մարսի» եւ Մերգելյան ինստիտուտի տարածքում ստեղծված ազատ տնտեսական գոտին տրամադրում է լուրջ արտոնություններ։
Արտադրական գործունեությունը կազմակերպելու համար «Ալյանս» ազատ տնտեսական գոտում «Թեքնոլոջի ընդ սայնս դայնամիքսը» նախատեսում է վարձակալել 200 քառ. մետր տարածք։ Այստեղ սկզբնական շրջանում իրականացվելու է միայն պլանշետների հավաքումը։ Սակայն հետագայում նախատեսվում է ընկերության հայաստանյան գրասենյակ տեղափոխել մշակման եւ արտադրական բոլոր գործընթացները։

Մինչ այդ պլանշետների բաղադրամասերը բերվելու են դրսից։ Մասնավորապես՝ Չինաստանից եւ Հոնկոնգից։ Յուրաքանչյուր պլանշետի հաշվով այդ բաղադրամասերի արժեքը կկազմի 100 դոլար։ Արտադրության կազմակերպման առաջին փուլում պլանավորվում է թողարկել օրական 100 պլանշետ։

Ներկայացված բիզնես ծրագրի համաձայն, հայկական պլանշետները կունենան շուկայի համար մատչելի գին։ Դրանց ինքնարժեքը կլինի 135 դոլար, իսկ իրացումը՝ 185 դոլար։ Այլ կերպ ասած, արտադրության կազմակերպիչներն ակնկալում են յուրաքանչյուր պլանշետի հաշվով ստանալ 50 դոլար մաքուր շահույթ։ Շահութաբերությունը հասնում է 37 տոկոսի։

Ս. ԲԵԳԼԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031