Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես են վարվում գերիների հետ. «Ժողովուրդ»

Դեկտեմբեր 19,2013 12:07

Առհասարակ, ինչպե՞ս են վարվում Ադրբեջանում ռազմագերիների հետ, եւ ի՞նչ ճնշումների գնով են հայ զինվորները ստիպված լինում ընտրել երրորդ երկիր՝ հետագայում ապրելու համար։ «Ժողովուրդ»-ն այս հարցերի պատասխանը փորձեց ստանալ 2003թ. Ադրբեջանում ռազմագերի եղած հայ զինծառայող Եղիա Հունանյանից։

…Եղիայի խոսքով՝ ադրբեջանցի զինվորները, ինքնաձիգները պահելով իրենց վրա, հանել են նրանց գոտիները ու կապել ձեռքները, ինչպես նաեւ փակել աչքերը ու տարել. «Բավականին երկար ճանապարհ գնացինք ու երբ բացեցինք աչքներս, մի սենյակում էինք, որտեղ ադրբեջանցի գեներալներ էին նստած։ Վերջիններս սկսեցին մեզ հարցաքննել, թե ձերը որ զորամասն է, ինչքան տանկ ունեք, քանի զինվոր եք, ինչքան զենք կա, ու լիքը նման բաներ։ Ավելի ուշ սկսեցին երեքիս առանձին-առանձին հարցաքննել, որ տեսնեին՝ խաբում ենք, թե չէ»։

Նրա նկարագրմամբ՝ ավելի ուշ իրենց տանում են մի սենյակ եւ ստիպում հանվել. «Մեր շորերը տարան, ինչ կար-չկար, վրաներիցս հանեցին, ոչ կոճակ, ոչ մի բան չէին թողել։ Այսինքն՝ ինչ վնաս տալու բան կար, հանել էին։ Այնքան սառած, վախեցած վիճակում էինք, որ բան չէինք հասկանում։ Ավելի ուշ իմ սենյակ եկավ մի տղամարդ ու սկսեց հետս հայերեն խոսել։ Այնքան լավ էր խոսում։ Ինձ մեր լեզվով հարցեր էր տալիս, թե քանի հոգի ծառայող ունեք։ Այդ մարդն ինձ ասաց, թե Ղարաբաղյան կռվի ժամանակ եկել է, մնացել Ադրբեջանում։ Ապրել է Արտաշատում ու ասում էր, թե հայ է։ Ինչեւէ. մի 20 անգամ, բոլորիս աչքերը փակ, այս սենյակից այն սենյակ էին տանում հարցաքննության։ Նրանց մի բան էր հետաքրքրում, թե մենք ինչ ունենք։ Ինձ ասում էին, թե դուք մի բուռ եք, մենք մի րոպեում ձեր հարցերը կլուծենք։ Հարցաքննության ժամանակ, երբ տեսնում էին, որ երեք զինվորներս տարբեր բաներ էինք ասել, ու հասկանում էին, որ խաբում ենք իրենց, այդ ժամանակ սկսում էին դաժան ծեծել մեզ։ Ձեռքների տակ ինչ ընկներ, դրանով խփում էին, ռեմենով ու նման այլ բաներով։ Բայց, միեւնույն է, ոչ մի ճիշտ բան չասացինք»։

Ըստ թերթի զրուցակցի՝ ինքն Ադրբեջանում մնացել է 2 ամիս 20 օր: Իրեն պահել են մի սենյակում, որտեղ երկաթից մահճակալը գետնին մեխված է եղել, իսկ իրեն էլ ստիպել են պառկել այդ մահճակալին, ու ձեռքերը մահճակալի վերեւի հատվածում շղթայով կապել են. «Այդպես երկու ամիս մնացել եմ, ինչ չէի կերել երբեք, այնտեղ կերա։ Այնտեղի զինվորներն առիթից օգտվում ու ծեծում էին. աչքերս փակ էր, ես էլ հարվածում էի, բայց չէր կպնում։ Ասում էի՝ ինչի եք խփում, ասում էին՝ լավ ենք անում։ Ինձ ամեն կերպ համոզում էին, թե մնա այստեղ, քո ծառայության կեսն այստեղ անցկացրու։ Ադրբեջանում քեզ ամեն ինչով կապահովենք, կգնաք Հայաստան, այնտեղ ձեզ համար վատ կլինի»։

Եղիան համոզված է, որ Հակոբ Ինջիղուլյանի դեպքում նույնպես ամեն ինչ արել են, որ համոզեն՝ գնա երրորդ երկիր: «Նրանք Հակոբին չեն ուղարկի երրորդ երկիր։ Մեզ ասում էին՝ Ռուսաստանից ու ձեր երկրից բացի՝ ուրիշ այլ երկիր ընտրի, գնա, ապրի։ Ավելին՝ ինձ ասացին, թե ասա՝ որտեղ ես ապրում, մենք քո ծնողներին կգտնենք, իրենց էլ կբերենք այստեղ ու ամեն ինչով կապահովենք, միայն հրաժարվեք ձեր երկրի քաղաքացիությունից»:

Քնար ՄԱՆՈՒԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մելիքսեթ says:

    … Ուղղակի՝ որպես նախկին զինվորական, կցանկանայ՝ տեղեկանալ, մեր՝ զիվորների հետ կատարվածից հետո, այդ՝ զ/մ-ի պատասխանատու հրամ կազմի ճակատագիրի մասին, ապրելով՝ մեր անօրեն երկրում …

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031