Այս տարվա պետական մրցանակի շնորհումը Գրողների միության նորընտիր նախագահ Էդուարդ Միլիտոնյանի «Է» ժողովածուն բուռն քննարկումների ու վրդովմունքի տեղիք տվեց: Հանձնաժողովի անդամներ Հասմիկ Հակոբյանը եւ Արքմենիկ Նիկողոսյանը Գրողների միությունից դուրս գալու դիմում գրեցին, իսկ Գուրգեն Խանջյանը ԳՄ նախագահությունից դուրս գալու դիմում գրեց եւ որոշեց սառեցնել անդամակցությունը Գրողների միությանը: Պետական մրցանակի շուրջ բարձրացված աղմուկի մասին զրուցում ենք Պետական մրցանակի հանձնաժողովի անդամ, Գրականության ինստիտուտի տնօրեն ԱՎԻԿ ԻՍԱՀԱԿՅԱՆԻ հետ:
–Պարոն Իսահակյան, ինչպե՞ս եք մեկնաբանում Պետական մրցանակի շուրջ ստեղծված այս աղմուկը:
-Էդուարդ Միլիտոնյանն իր բանաստեղծությունների «Է» ժողովածուն ներկայացրել է մինչեւ նախագահ առաջադրվելը: Երկրորդ տեղ գրավածի համեմատ Միլիտոնյանի ժողովածուն 11 բալ ավել էր ստացել: Հանձնաժողովի աշխատանքը կատարվել է շատ թափանցիկ:
Ես մի փոքր զարմացա, որ խոսակցություններ եղան, թե որոշ մարդիկ այլ թեկնածու են ունեցել, եւ քանի որ իրենց թեկնածուի գիրքը չի արժանացել մրցանակի, ի նշան անհամաձայնության, Գրողների միությունից դուրս գալու դիմում են գրել: Դա, իհարկե, իրենց անձնական գործն է: Նրանք երկուսն էլ մեր ինստիտուտում են աշխատում: Պարզապես ես կցանկանայի նրանց ասել, որ այնպիսի վիթխարի գրող, ինչպիսին Եղիշե Չարենցն է եղել, ժամանակին մեծ դառնություն է ապրել, երբ փորձել են իրեն Գրողների միությունից վտարել:
Իսկ նրանք, որ գրողների միության, հայ գրականության համար դեռ պետք է շատ աշխատեն, վաստակ ունենան, աղմկահարույց ձեւով դիմում են գրում ու դուրս գալիս միությունից: Եթե դժգոհ են հանձնաժողովի աշխատանքներից, թող դուրս գան հանձնաժողովի կազմից, ոչ թե միությունից:
Ասենք` ֆուտբոլային թիմերից մեկը հաղթում է, մյուսը` ոչ: Պարտվողը պետք է հայտարարի` մենք սպորտից դուրս ենք գալիս, այլեւս չենք խաղալո՞ւ: Եթե դու գրող ես կամ գրականագետ, այդքան հեշտությամբ չպետք է դուրս գաս այդ ընտանիքից: Միությանն ապահարզան տալը ո՞րն է:
Ես վաղուց եմ հանձնաժողովում: Երբեւիցե՝ ո՛չ Լեւոն Անանյանի օրոք, ո՛չ նոր ընտրված նախագահի օրոք, մի բառ անգամ չի եղել այս կամ այն մարդուն ձայն տալու մասին: Ովքե՞ր են ստացել մրցանակներ` հրաշալի բանաստեղծները, օրինակ, Հովհաննես Գրիգորյանը, Դավիթ Հովհաննեսը, Արտեմ Հարությունյանը, Հենրիկ Էդոյանը, Հրաչյա Թամրազյանը, Վարդան Հակոբյանը:
Այս համաստեղծության մեջ իր արժանի տեղն ունի նաեւ Է.Միլիտոնյանը: Արդյոք գրական աշխարհի մյուս ազգանուններն ավելի՞ հայտնի են, քան Միլիտոնյանինը, արդյոք նրանց գիրքը ավելի շատ է ընթերցվել, կամ ավելի՞ բարձր է գնահատվել հայ քննադատների կողմից, քան Միլիտոնյանինը` իհարկե ոչ:
Կարդացեք նաև
Լիլիթ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում