Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Հայ-ռուսական երկկողմ հավասարակշռված հարաբերություններ չեն եղել

Դեկտեմբեր 19,2013 13:47

Ըստ Հայկակ Արշամյանի՝ Մոսկվայի քայլերն արդեն մոտ 15 տարի հրամցվում են որպես
հայ-ռուսական դարավոր բարեկամական կապերի ամրապնդում:

– Պարոն Արշամյան, ուկրաինացի հասարակության աննախադեպ ակտիվությունը՝ այդ երկիրը եվրաինտեգրման ուղով տանելու համար մղվող պայքարը, ի՞նչ եք կարծում՝ կարո՞ղ է շղթայական ռեակցիայի սկզբունքով տարածվել նախկին խորհրդային հանրապետություններում ընդհուպ մինչեւ ընդդեմ Ռուսաստանի՝ Եվրասիական ինտեգրման ծրագրերի, հնարավո՞ր եք համարում, որ հանուն իրական ժողովրդավարության հաստատման պայքարն էլ ավելի առարկայական դառնա:

– Եկեք փաստենք, որ չնայած ուկրաինական Մայդանի երկրորդ զարթոնքը սկսվեց որպես այդ երկրի ղեկավարության՝ Ասոցացման պայմանագիրը մերժելու ու Մաքսային միությանը միանալու վերաբերյալ հայտարարությանն անմիջական ռեակցիա, սակայն այն աստիճանաբար տրանսֆորմացվեց ավելի կազմակերպված պայքարի, որը պահանջում է ոչ միայն հրաժարվել Մաքսային միությունից եւ գնալ եվրոպական տնտեսական ինտեգրացիա, այլեւ փորձում է ձերբազատվել գործող իշխանություններից, որոնք այդ հզոր, տնտեսական ու մարդկային ռեսուրսներով հարուստ երկիրը դարձրել են սպառողների հասարակություն: Միեւնույն ժամանակ չպետք է մոռանալ, որ շարժմանն աջակցում ու նույնիսկ առաջնորդում են մի քանի կուսակցություններ, հայտնի մտավորականներ, արվեստի գործիչներ: Միայն Վիտալի Կլիչկոյի եւ «Օկեան Էլզի» խմբի ներկայությունն արդեն իսկ բավարար է մարդկանց ոգի եւ վստահություն ներշնչելու համար: Ինչ վերաբերում է շղթայական ռեակցիային, ապա այս պարագայում, այսպես կոչված, «արաբական գարնան» էֆեկտի հնարավորությունը շատ ցածր եմ համարում՝ հաշվի առնելով թե՛ մարդկային ու ֆինանսական ռեսուրսների տարբերությունը, թե՛ արտաքին աշխարհի վերաբերմունքը, թե՛ հասարակության ներսում ձեւավորված դարավոր կարծրատիպերը եւ այլն:

– Պաշտոնական Մոսկվայի վերջին ամիսների քայլերը վկայում են այն մասին, որ Ռուսաստանն, իսկապես, մտադրություն չունի հետ կանգնել հետխորհրդային հանրապետություններից: Մասնավորապես, Հայաստանում ՌԴ նախագահի հայտարարությունը, թե Ռուսաստանը Անդրկովկասից հեռանալու մտադրություն չունի, տարածաշրջանում ի՞նչ գործընթացների կարող է հանգեցնել:

– Պաշտոնական Մոսկվայի քայլերն այդ մասին վկայում են արդեն մոտ 15 տարի, բայց ամեն անգամ դա հասարակությանը հրամցվել է որպես հայ-ռուսական դարավոր բարեկամական կապերի ամրապնդում: Իրականում այդտեղ երկկողմ հավասարակշռված հարաբերություններ չեն եղել, խոսքը գնացել է հանրային հարստության, երկրի տնտեսության ու կոմունիկացիաների աստիճանական հանձնման մասին, որի դիմաց միակ խոստումը իշխանության պահպանումն է եղել: Ընդ որում, հասարակության ճնշող մեծամասնությունը կտրուկ չի արձագանքել այս գործընթացներին՝ սկսած «Գույք պարտքի դիմաց» տարօրինակ գործարքից մինչեւ «ՀայՌուսգազարդի» 20%-ի նվիրաբերությունը, որն, ըստ իս, հայկական «Ուոթրգեյթ» կարելի է որակել: Արդյունքում մենք արդեն սկսել ենք «վայելել» իշխանությունների քաղած պտուղները: Ադրբեջանի պարագայում իրենք վայելում են ռուսական զենքի անսպառ մատակարարումը ու իրենց համար շատ նպաստավոր ռուս-թուրքական հերթական մերձեցումը, իսկ Վրաստանի մասով վստահ եմ, որ Ռուսաստանին լուրջ մարտահրավերներ են սպասում: Հետաքրքիր էր նաեւ Իրանի վերջին արձագանքը այս գործընթացներին՝ իրանական գազի գնի ու դրա շուրջ ծավալված քննարկման առումով:

– Կիեւում՝ Մայդանում, արդեն մի քանի շաբաթ է հարյուր հազարավոր մարդիկ են պայքարում, Հայաստանում Պուտինի այցի օրը մի քանի հարյուր մարդիկ դուրս եկան ընդդեմ Մաքսային միությանը միանալու որոշման: Ինչո՞վ եք բացատրում այս երեւույթը՝ մեր հասարակության ճնշող մեծամասնությունը համարում է, որ «առանց ՌԴ-ի Հայաստանը կորա՞ծ է», թե՞ հասարակությանը ղեկավարող ընդդիմադիր նման ուժ չկա, որն այսօր Հայաստանի ինքնիշխանության համար պայքարի դուրս կգա:

– Այս համեմատությունը շատ է հրամցվում հասարակությանը, բայց եկեք սրան նայենք դինամիկայի տեսանկյունից: Սեպտեմբերի 3-ին Սերժ Սարգսյանի հայտարարության հաջորդ օրը մոտ 100 մարդ իր բողոքն արտահայտեց Բաղրամյան 26-ի դիմաց, հաջորդ օրը նույնքան մարդ գնաց Հանրապետական կուսակցության գրասենյակի մոտ շարունակելու իր բողոքը: Իսկ ահա Պուտինի՝ դեկտեմբերի 2-ի Գյումրի գալու օրը արդեն 500 մարդ դուրս եկավ փողոց: Դեկտեմբերի 10-ին՝ Մարդու իրավունքների պաշտպանության օրը, ՀԱԿ-ի նախաձեռնած ցույցին մասնակցեց առնվազն երեք անգամ ավելի քաղաքացի, ընդ որում՝ մի մասը առնվազն ՀԱԿ-ի համակիրներ չէին այնտեղ, բայց սոլիդարությունը, մեկ գաղափարի շուրջ համախմբումը շատ կարեւոր եմ համարում տվյալ դեպքում: Վերջերս մի նոր նախաձեռնություն հայտարարեց իր մասին: Խոսքս «Քաղաքացիական պայմանագրի» մասին է, որի կառավարման խորհրդի անդամները հայտարարեցին, որ պատրաստ են համագործակցության այն քաղաքական ու քաղաքացիական ուժերի հետ, ովքեր մտահոգ են երկրի ճակատագրով: Իսկ քաղաքացիական ակտիվիստների երիտասարդ սերունդն արդեն ամենուր է, չնայած դեռ ամռանը՝ «100 դրամ» ակցիայի ժամանակ, բազմիցս եմ լսել «մենք քաղաքականության մեջ չենք խառնվում» արտահայտությունը: Իսկ այժմ նայեք, թե այդ երիտասարդները որքան ակտիվ են տարբեր տեսակի նախաձեռնություններում ու ակցիաներում: Մեր հասարակությունն ի վերջո պետք է կոտրի այդ կարծրատիպը, քանի որ քաղաքականություն ասելով սխալմամբ հասկանում են կուսակցականություն, այնինչ պետության մեջ տեղի ունեցող ցանկացած գործընթաց արդեն իսկ քաղաքականություն է՝ սոցիալական խնդիրներից մինչեւ օրենքների մշակում եւ ընդունում, տնտեսական մոնոպոլիաներից մինչեւ գազի ու տրանսպորտի գին:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031