Լրահոս
Օրվա լրահոսը

Խրոխտ զեկույցներ Ամանորից առաջ

Դեկտեմբեր 19,2013 13:58

Իմ սերնդի մարդիկ երեւի կհիշեն Սովետական Միության էն լավ ժամանակները, երբ բոլոր կոլտնտեսությունները, կոլտնտեսությունների ֆերմաները, ֆերմաների առաջավոր կթվորուհիները, հովիվներն ու բրիգադիրները, գործարանները, գործարանների առանձին արտադրամասերը, այդ արտադրամասերի առաջավոր բանվորները տարեվերջին խրոխտ զեկուցում էին, թե «ծավալված գործարար սոցիալիստական մրցության» շնորհիվ ինչքան կաթ են մթերել, 100 գլուխ ոչխարից քանի գառ են ստացել, քանի ծնկաձեւ լիսեռ են արտադրել կամ քանի տոննա քարածուխ են արդյունահանել: Ու բոլորը, պարտադիր, նախորդ տարվա համեմատ մի բան ավելի էին արած լինում…

Հիմա կասեք՝ ո՞ւր տարավ էս մարդուն կարոտախտը…

Խոստովանում եմ՝ տարավ, բայց ոչ թե կարոտախտը, այլ ընդհակառակը՝ հայաստանյան էլեկտրոնային լրատվամիջոցներով տարածված երկու տեղեկություն, որ ինձ հիշեցրեց սովետական տարիների կթվորուհիների, խառատների ու ածխագործ բանվորների՝ կուսակցությանը եւ ժողովրդին հղած ամանորյա զեկույցները:

Առաջինը զվարճացրեց ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունը: Եվ քանի որ ես սիրում եմ ուրախությունս կիսել բոլորի հետ, շտապեմ ձեզ էլ աչքալուսանք տալ: Նախ՝ կարդացի նախարարության հաղորդագրությունը, որ հրապարակվել էր լրատվամիջոցներում, ու սկզբում չհավատացի: Բացեցի իրենց պաշտոնական կայքը: Հա էլի, էդպես էլ գրված է. «ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության կողմից 2013թ. հիմնանորոգվել եւ շահագործման են հանձնվել Սիսիանի տարածաշրջանով անցնող միջպետական նշանակության Երեւան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի 3.55 կմ ընդհանուր երկարությամբ առանձին ճանապարհահատվածները» (տե՛ս նախարարության պաշտոնական կայքում): Հասկացա՞ք, պատկերացրի՞ք՝ ինչ տիտանական ջանքեր է գործադրել նախարարությունը 2013 թվականին ամբողջ երեքուկես կիլոմետր ճանապարհ հիմնանորոգելու համար: Փառք, փառք եւ հազար բերան փառք շինարարներին, աշխղեկներին եւ իհարկե՝ անձամբ նախարարին: Չէ, փառք տալը քիչ է, կարելի է ցուցապաստառներ (Մաքսային միության տերմինաբանությամբ՝ պլակատներ) վերցնել՝ «Շնորհակալություն ենք հայտնում հայրենի կառավարությանը…» եւ նման այլ գրություններով, ու գնալ երախտագիտության ցույցեր անել կառավարության ու տրանսպորտի ու կապի նախարարության մոտ, շնորհակալական նամակ հանձնել…

Սակայն… Կա մի փոքրիկ նրբություն, որի մասին նախարարության պաշտոնական հաղորդագրության մեջ չի հիշատակվում. Երեւան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի ընդհանուր երկարությունը 375 (երեք հարյուր յոթանասունհինգ) կիլոմետր է (տե՛ս նույն նախարարության տվյալները ): Հասկացա՞ք, սիրելի բարեկամներս, նախարարությունը հիմնանորոգել է 375 կիլոմետրանոց ճանապարհի 1 տոկոսից էլ պակաս հատվածը, ու էնպիսի մի հաղորդագրություն է տարածել՝ ասես ոչ թե չինացիք, այլ հայրենի տրանսպորտնիկներն են ինքնագնաց իջեցրել Լուսնի վրա: Այսինքն՝ ինչո՞ւ եմ զարմանում՝ մեր կառավարության համար երեքուկես կիլոմետր ճանապարհ նորոգելը նույնն է, ինչ չինացիների համար՝ Լուսին հասնելը, կամ կատալոնցիների համար՝ Գաուդիի «Sagrada Famվlia» տաճարի կառուցումն ավարտին հասցնելը…

Բայց սրանով ամանորյա զեկույցները չեն ավարտվում: Հետ չի մնացել նաեւ Երեւանի քաղաքապետարանը: Նա (ուշադրությո՛ւն, խնդրում եմ պատրաստել թաշկինակները՝ ակամա հորդացող ուրախության արցունքներն արագ մաքրելու համար), պատկերացնո՞ւմ եք, «առաջնահերթության կարգով» ամբողջությամբ վերակառուցել եւ ամրացրել է 35 շենքի 76 շքապատշգամբ (տե՛ս )… Չէ, դուք միայն հաշվեք, խնդրում եմ, յոթանասունվեց… Ցավոք, ես չկարողացա ճշտել, թե Երեւանում ընդհանուր առմամբ քանի շքապատշգամբ կա, որպեսզի ձեզ տոկոս ասեմ… Կարծում եմ, որ դա, հաստատ, պատկառելի թիվ (դե տենց՝ մոտ 1 տոկոս) կկազմի… Հա, քաղաքապետարանը չի մոռացել «երեսով տալ», թե «…շքապատշգամբները բնակիչների սեփականությունն են, եւ դրանց հետ կապված յուրաքանչյուր, այդ թվում՝ պատշգամբների խնդիրը պետք է լուծի սեփականատերը եւ համատիրությունը: Սակայն, հաշվի առնելով բնակիչների անվտանգության ապահովումը, քաղաքապետի հանձնարարությամբ ծրագիրը կյանքի է կոչվել Երեւանի քաղաքապետարանի ծրագրերի շրջանակում» (նույն տեղում՝ պահպանված է բնագրի ոճը, ենթակայի եւ ստորոգյալի հնարավոր անհամաձայնությունները հաղորդագրությունը կազմողներինն են): Ես շքապատշգամբ չունեմ, բայց էս կարդալուց հետո քաղաքային իշխանությունների եւ անձամբ… (դե հասկացաք՝ Լեոնիդ Իլյիչ Բրեժնեւին նկատի չունեի) հոգատարության, չէ՛, ես կասեի՝ «անսահման հայրական հոգատարության» հանդեպ երախտագիտությունս չափ ու սահման չի ճանաչում…

Իսկ դուք ասում եք, թե Հայաստանում որեւէ լավ բան չի կատարվում: Այ, եթե դուք էլ ինձ նման, հետեւելով հայրենի կառավարության խորհուրդներին, հանեք ձեր սեւ ակնոցները, վերանաք միայն վատը տեսնելու արատավոր սովորությունից, կնկատեք մեր երկրի հսկայական քայլերով առաջընթացն ու նվաճումները՝ մեկ տարվա ընթացքում վերանորոգված երեքուկես կիլոմետր ճանապարհն ու վերակառուցված 76 շքապատշգամբը…
Ուռա, ընկերներ, առա՛ջ դեպի…

ՄԵՍՐՈՊ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031