Վերջին օրերին համաշխարհային ԶԼՄ-ներում ամենաքննարկվող թեման այն է, թե ԵՄ-ի հետ ասոցացման պայմանագիրը չստորագրելու դիմաց Ուկրաինային ինչ տվեց Ռուսաստանը։ Ուկրաինան ստացավ 15 միլիարդ դոլարի վարկ եւ հասավ ռուսական գազի գնի 30 տոկոս նվազեցմանը։ Ուկրաինայի նախագահ Յանուկովիչը դրանից ավելին չէր էլ ուզում։ Այսպիսով, Ուկրաինան ստացավ այն ամենը, ինչ ցանկանում էր։
Առաջին հայացքից սա զուտ ռուս-ուկրաինական հարաբերությունների խնդիր է եւ ոչ մի կապ չունի մեզ հետ։ Իրականում կապը ուղղակի է եւ ցույց է տալիս ՀՀ գործող իշխանությունների հավաքական ինտելեկտուալ մակարդակը։
Ո՞րն է խնդիրը։ Ռուսաստանի հետ բանակցություններում Յանուկովիչի ձեոքին կար հզոր փաստարկ։ Դա Կիեւի կենտրոնում հավաքված մարդկանց հոծ բազմությունն էր՝ Եվրամայդանը։ Մի կողմից, իհարկե, Եվրամայդանը չափազանց մեծ անհարմարություններ է ստեղծում Ուկրաինայի իշխանությունների համար։ Մյուս կողմից, սակայն, չափազանց հզոր խաղաքարտ էր Յանոկովիչի ձեոքին Պուտինի հետ բանակցելիս։
Կիեւի կենտրոնում Եվրոպա ձգտող մարդկանց հոծ բազմությունը Պուտինին ստիպեց տալ այն ամենը, ինչ կպահանջեր Յանուկովիչը, որպեսզի վերջինս «դատարկ ձեռքերով» չվերադառնար Կիեւ եւ կարողանար թեկուզ մասամբ արդարացնել ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը չստորագրելը։ Այսինքն, Պուտինը Եվրամայդանում հավաքվածներին պետք է փորձեր ցույց տալ, որ եվրաինտեգրումից ետ կանգնելը Ուկրաինայի համար գոնե տնտեսապես շահավետ է։
Կարդացեք նաև
Այսպիսով ընդամենը ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը չստորագրելու դիմաց Ուկրաինան ստացավ այն ամենը ինչ ուզում էր։
Հիմա նայենք, թե ինչ արեց Սերժ Սարգսյանը եւ ինչ ստացավ Հայաստանը դրա դիմաց։ Սերժ Սարգսյանը, նախ, հայտարարեց Ռուսաաստանի տնտեսական տիրույթ՝ Մաքսային միություն մտնելու մասին, դրանով տապալեց ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի ստորագրումը, «Հայռուսգազարդում» ունեցած 20 տոկոս բաժնեմասը զիջեց Ռուսաստանին, «Գազպրոմին» օժտեց Հայաստանում գործունեություն ծավալելու անտրամաբանական լիազորություններով ու հնարավորություններով, Գյումրին վերածեց ռուսական ռազմաբազային կից բնակավայրի, Էրեբունի օդանավակայանը հանձնեց այդ նույն ռազմաբազային, հապճեպ մարեց ՌԴ-ին ունեցած 500 միլիոն դոլարի վարկը տոկոսներով հանդերձ եւ այդ ամենի դիմաց ընդամենը ստացավ գազի գնի 30 տոկոս նվազում։
Դե հիմա համեմատենք. Ուկրաինան ստացավ նույն՝ 30 տոկոս գազի էժանացում եւ 15 միլիարդ դոլարի վարկ, դրա դիմաց ընդամենը չստորագրեց ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը, իսկ Հայաստանը չստորագրեց ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը, հայտարարեց, որ մտնում է Մաքսային միություն, տվեց Ռուսաստանին այն ամենը, ինչ ուներ, ու ստացավ ընդամենը 30 տոկոսով էժան գազ։ Համեմատելն է նույնիսկ ամոթ։ Իհարկե, թե Ուկրաինայի եւ թե Հայաստանի դեպքում տեղի է ունեցել պարզունակ առեւտուր եւ այլ բան ոչ Յանուկովիչից եւ ոչ էլ Սարգսյանից սպասել պետք չէր։ Պարզապես, Յանուկովիչը Պուտինից կարողացավ պոկել առավելագույնը, իսկ Սերժ Սարգսյանը Պուտինին հանձնեց առավելագույնը։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում
Մի տնից չենք, բայց մի օրի ենք։