Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցն արդար դատաքննության վերաբերյալ հերքումների տարափ առաջացրեց։
Երեկ, սակայն, մի անսպասելի «հիմնավորում» է ստացվել անսպասելի այցելուից, եւ դա ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի հարազատ եղբայրն էր՝ մասնագիտությամբ իրավաբան Ռուբեն Մկրտումյանը, ով, իր խոսքերով, զեկույցը կարդալուց հետո որոշել է, որպես իրազեկ անձնավորություն, որոշ մանրամասներ հաղորդել Արման Մկրտումյանի նյութական առաջխաղացման վերաբերյալ, որոնք ապացուցում են, որ ՄԻ պաշտպանը չի սխալվում, եւ դատական համակարգն իրոք կոռումպացված է։ Իր եղբոր ունեցվածքը, ըստ Ռուբեն Մկրտումյանի, կտրուկ սկսել է ավելանալ՝ սկսած 1998 թվականից, երբ նա նշանակվեց ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի նախագահ։ «Այն ժամանակահատվածում, որ մեծ ընտանիք էր, մենք եղբայրներով, նաեւ ծնողներով դեռ շփվում էինք։ Հետագայում նա դադարեց որեւէ մեկի հետ շփվել, բայց ես, որպես իրազեկ անձ, նրա եղբայր, կարող եմ ասել, որ մինչեւ 98 թվականը նա աշխատում էր Նազարյան Վոլոդյայի ՍՊԸ-ում։ Նրանք զբաղվում էին Քաղաքացիական օրենսգրքի մշակմամբ։ Պարզ է, որ դա ոչ բիզնես էր, ոչ էլ եկամտաբեր աշխատանք։ Նրա ստացած աշխատավարձը 1995, 96, 97 թվականներին հազիվ էր բավարարում նրա ընտանեկան առօրյա հոգսերին։ 98 թվականի աշնանը նա պալատի նախագահ դարձավ, այսինքն, դատարկ տեղից ստացավ պաշտոն դատական համակարգում, իսկ 99-ին Թումանյան փողոցում, որտեղ որ նա բնակվում էր, «Թումանյանի շաուրմայի» շենքում երկու սենյականոց բնակարան գնեց՝ կես տարվա մեջ։ Հերքելով ՄԻՊ ընդդիմախոսներին, ասեմ, որ նա ժառանգություն չի ստացել, որովհետեւ եթե ստանար, ես էլ կստանայի, ես էլ էի ժառանգ, հայրը թոշակառու, մայրը, զոքանչը՝ իրենց հետ ապրող՝ թոշակառուներ, բիզնես չուներ։ Բացառում եմ այլ հիմքեր, որոնք հնարավորություն կտային այդ բնակարանն առնել։ Մյուս տարի՝ 2000 թվականին, նա իր եւ այդ բնակարանները միացրեց իրար եւ այդ ամբողջ տարածքի վերեւի հարկում կառուցեց նոր բնակարան։ Մեկ տարի հետո ամբողջ տարածքը, որը մոտ 150 քմ է կազմում, հիմնովին նորոգեց։ Թող մասնագետները հաշվարկեն, թե որքան կկազմի բաղդադե շենքում բետոնապատել եւ հիմնովին կառուցել, կահավորել երկու հարկանի բնակարան»։
Ըստ Ռուբեն Մկրտումյանի, կոռուպցիայի փաստեր են նաեւ 2000թ. Պուշկին-Սարյան խաչմերուկում երկու հարկանի ահռելի տան, Թումանյանի վրա գտնվող նախկին «1000 ու մի մանրուք» խանութի մոտ դստեր անունով եւս մեկ բնակարանի, Ձորաղբյուրում եւս մեկ տան ձեռքբերումը, նաեւ արտասահմանյան մակնիշների մեքենաները, արտասահմանում որդուն ուսման տալը։ «Այսքանը գիտեմ,- ասաց նա,- այնպես որ, ես հիմնավորում եմ, որ մարդու իրավունքների պաշտպանի զեկույցն ամբողջությամբ համապատասխանում է իրականությանը»:
Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում