Լրահոս
Օրվա լրահոսը

Վրաստանցի փորձագետ. «Վրաստանի միակողմանի արտաքին քաղաքականությունն է լարվածության պատճառը»

Դեկտեմբեր 19,2013 10:39

Երեկ «Անվտանգությունը եւ համագործակցությունը Հարավային Կովկասում» անունը կրող միջազգային գիտաժողովի ժամանակ 

«Ռազմավարական կոնյունկտուրայի կենտրոնի» (ՌԴ) փոխտնօրեն Միխայիլ Չեռնովը ասաց , թե Մաքսային միության մեջ լինելով Հայաստանը լայն հեռանկարներ ունի, մասնավորապես, կբացվի Տրանսկովկասյան մայրուղին, Ռուսաստան-Հայաստան-Իրան ուղիղ ճանապարհ կլինի, կվերագործարկվի երկաթուղին եւ այլն: Նաեւ ասել էր հետեւյալը. «Ռուսաստանն իր պատմության ընթացքում մի քանի անգամ հեռացել է Կովկասից: Բայց ամեն անգամ վերադարձել է եւ ամեն վերադառնալուց սահմաններ են փոխվել: Այս անգամ էլ փոխվեց՝ Աբխազիա, Օսեթիա… Եվ դեռ էլի կփոխվի»:

Ադրբեջանի «Զերկալո» թերթի մեկնաբան Ռաուֆ Միրքադիրովը ձայն խնդրեց եւ ասաց, որ անվտանգության եւ համագործակցությանը նվիրված համաժողովում անհարիր է խոսել նոր պատերազմի մասին: Ներկաներից ոմանք սկսեցին համոզել, որ ոչ մի պատերազմի մասին էլ խոսք չկար:

Այս ամենի կապակցությամբ «Առավոտը» որոշեց խոսել հենց Վրաստանի ներկայացուցչի հետ: «Ռաուֆ Միրքադիրովը Միխայիլ Չեռնովի մեծապետական պլաններում նկատեց պատերազմի սպառնալիք՝ ուղղված, մասնավորապես, Վրաստանին: Դուք նման բան նկատեցի՞ք»՝ «Առավոտի» այս հարցին քաղաքագետ, Եվրասիայի ինստիտուտի (Վրաստան) փորձագետ, Գեորգի Վեկուան պատասխանեց. «Ես դա չընդունեցի որպես պատերազմի կոչ: Ես կարծում եմ, որ եթե Վրաստանը ավելի հավասարակշռված արտաքին քաղաքականություն վարի, որը չի ոտնահարի Եվրասիական միության եւ Ռուսաստանի շահերը, ապա հնարավոր կլինի ստեղծված իրավիճակից ելք գտնել եւ հակադրությունը՝ Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ, կհասցվի նվազագույնի: Վրաստանը հիմա ամբողջությամբ կողմնորոշված է դեպի Արեւմուտք եւ արհամարհում է տարածաշրջանում Ռուսաստանի շահերը, այստեղից էլ երկու երկրների հարաբերություններում առաջանում է լարվածություն: Կարծում եմ, որ այդ լարվածության մեղավորությունը Վրաստանի արտաքին քաղաքականությունն է, որն արդեն 15 տարի է՝ ամբողջությամբ միակողմանի է: Ընդ որում, Արեւմուտքի շահերը սպասարկելով՝ հաճախ արհամարհվում է հենց Վրաստանի, վրաց ժողովրդի շահերը: Ես կարծում եմ, որ եթե Վրաստանը սկսի ավելի հավասարակշիռ, ավելի չեզոք արտաքին քաղաքականություն վարել, ապա բոլոր հնարավոր կլինի խուսափել ցանկացած ծրագրերից, որոնք կարող են հանգեցնել հակամարտության, եւ իրականացնել տնտեսական, մշակութային, տրանսպորտային լայնամասշտաբ ծրագրեր՝ Ռուսաստանի եւ տարածաշրջանի այլ երկրների հետ համագործակցության հիման վրա»:

Այդուհանդերձ, որքանո՞վ եք իրատեսական համարում պարոն Չեռնովի նկարագրած ծրագիրը, որով Հայաստանը ուղիղ ավտոմոբիլային կապ կունենա Ռուսաստանի հետ: Մեր այս հարցին քաղաքագետը պատասխանեց. «Դե իհարկե, Ջավախեթիի ինքնավարության եւ Օսեթիայի անկախության մասին ծրագրերը մի քիչ… դժվար է հիմա պատկերացնել նման բան, բայց ընդհանուր առմամբ, իհարկե, կարելի է պատկերացնել, որ այն ավտոմայրուղին, որը կար Վրաստանի եւ Ռուսաստանի միջեւ եւ անցնում էր Հարավային Օսեթիայով, եւ որը փակվեց 2008 թվականի պատերազմական գործողությունների արդյունքում, սկսի գործարկվել: Եթե Վրաստանի քաղաքականությունը փոխվի Ռուսաստանի հանդեպ, ապա հնարավոր է, որ այդ ճանապարհը բացվի, որը կապում է Վրաստանը ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Հայաստանի եւ Իրանի հետ, եւ Հյուսիս-Հարավ տրանսպորտային մայրուղին կգործարկվի նաեւ Վրաստանի վրայով : Բայց ներկայումս Վրաստանը լիովին գործարկում է միայն Արեւելք-Արեւմուտք մայրուղին՝ դառնալով կապող օղակ՝ Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ: Իսկ Հյուսիս-Հարավ գիծը գրեթե ամբողջությամբ ոչնչացված է Վրաստանի կողմից»:

Իսկ Վրաստանի նոր իշխանությունները չե՞ն փոխել այդ միակողմանի քաղաքականությունը՝ հետաքրքրվեցինք: Ի պատասխան պարոն Վեկուան ասաց, որ այո, որոշ չափով փոխվել է նախորդ ղեկավարության քաղաքականությունը. «Այժմ չկա այն ռազմատենչ հռետորաբանությունը, որը հատուկ էր Սահակաշվիլու ռեժիմին: Դա լավ նշան է, բայց, ամեն դեպքում, առայժմ Վրաստանը չափազանց արեւմտականացված է, գտնվում է արեւմտյան ազդեցության ոլորտում եւ նոր իշխանությունները, կարծես, պատանդ են մնացել ստեղծված իրավիճակին: Բայց, իհարկե, փորձում են իրենց քաղաքականությունը դնել ավելի հավասարակշռված, ավելի չեզոք ուղու վրա»:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Լուսանկարը՝ «Ֆոտոլուրի»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031