Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուս գործիչը նոր պատերազմի ակնարկնե՞ր էր անում

Դեկտեմբեր 18,2013 23:23

Արդեն տեղեկացրել ենք, որ այսօր «Կոնգրես» հոթելում սկսվեց եւ վաղը կշարունակվի «Անվտանգությունը եւ համագործակցությունը Հարավային Կովկասում» անունը կրող միջազգային համաժողովը՝ կազմակերպված «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի (Հայաստան) եւ «Պոլիկոնտակտ» քաղաքական տեխնոլոգիաների կենտրոն ԻՈԱԿ (Ռուսաստան) նախաձեռնությամբ:
Համաժողովի ժամանակ «Ռազմավարական կոնյունկտուրայի կենտրոնի» (ՌԴ) փոխտնօրեն Միխայիլ Չեռնովը իր ելույթում շատ վարդագույն պատկեր ներկայացրեց, թե Մաքսային միությանն անդամակցելուց հետո ինչ հեռանկարներ են բացվելու Հայաստանի առջեւ՝ տնտեսական հսկայական վերելք, նոր հաղորդակցության ուղիներ, եւ այլն, եւ այլն… Ընդ որում, այս երազներում նա տեսնում էր Հայաստան-Ռուսաստան ավտոմոբիլային եւ երկաթուղային ուղիղ ճանապարհներ՝ Ջավախքով, Հարավային Օսեթիայով, Դաղստանով… Այս ծրագրերը ներկայացնելուց պարոն Չեռնովը նաեւ ասաց. «Ռուսաստանն իր պատմության ընթացքում մի քանի անգամ հեռացել է Կովկասից: Բայց ամեն անգամ վերադարձել է եւ ամեն վերադառնալուց սահմաններ են փոխվել: Այս անգամ էլ փոխվեց՝ Աբխազիա, Օսեթիա… Եւ դեռ էլի կփոխվի»:

Նրա այս ասածներին մեկ այլ ռուսաստանցի գործիչ՝  ՌԳԱ Գիտակազմակերպչական վարչության ԳՀԱ ծրագրման բաժնի պետ, Հասարակական– քաղաքական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Վլադիմիր Եվսեեւը արձագանքեց այսպես.«Այն ծրագրերը, որ ներկայացնում եք, չափազանց դժվար կլինի իրականցնել, բայց, կարծում եմ, նման տեսակետը գոյության իրավունք ունի»:

Իսկ ադրբեջանական «Զերկալո» լրատվամիջոցի Անկարայի թղթակից, քաղաքական մեկնաբան Ռաուֆ Միրքադիրովը նկատեց, որ կոնֆերանսը, որը համախմբել է բոլորին, ընթանում է «անվտանգություն եւ համագործակցություն» խորագրով, եւ նման դեպքերում հնչեցնել Հարավային Կովկասի տարածքում նոր պատերազմ ենթադրող ծրագրերի մասին՝ անկախ այն բանից, թե դա որքանով է իրական, այնքան էլ ճիշտ չէ: «Գուցե Ռուսաստանը նման ծրագրեր ունի, բայց չեմ կարծում, որ դրանք բարձրաձայնելը, այն էլ՝ այս կոնֆերանսում, ճիշտ է», – նկատեց քաղաքագետը:

Ի պատասխան բավականին վրդովված ձեւով արձագանքեց նույն Եվսեեւը. «Ռուսաստանը ոչ մի դեպքում եւ ոչ մի տեղ չի ուզում պատերազմ: Ես ձեզ հավատացնում եմ, որ երբեք եւ ոչ մի պարագայում Ռուսաստանը պատերազմի կողմնակից չէ, եթե դրա համար չկան լուրջ պատճառներ: Ասել, որ պատերազմ է ուզում՝ շատ սխալ է: Պատերազմը սկսելը շատ հեշտ է, բայց ավարտելը՝ շատ դժվար»:

Ավելի ուշ՝ Չեռնովն էլ ասաց, որ իր ներկայացրած ծրագրերը պատերազմի ակնարկ չունեին:

 

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031