Լրահոս
Օրվա լրահոսը

Միրքադիրով. «Չկա արդարություն, մի՛ փնտրեք»

Դեկտեմբեր 18,2013 22:32

«Զերկալո» ադրբեջանական պարբերականի Անկարայի թղթակից, քաղաքական մեկնաբան Ռաուֆ Միրքադիրովն այսօր Երեւանում կայացած միջազգային համաժողովում՝ նվիրված տարածաշրջանայի համագործակցությանը, խոսելով ԼՂ հակամարտության մասին, ասաց, որ տարածաշրջանում, մասնավորապես ԼՂ հարցում հնարավոր չէ խաղաղություն՝ միջազգային հովանու ներքո, որովհետեւ ինչպես աշխարհի այլ տարածաշրջաններում, այստեղ էլ կան շահերի բախումներ. գերտերությունները՝ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն, այստեղ իրենց շահերն ունեն, դրանից բացի կան ոչ այդքան մեծ, բայց հետաքրքրված տարածաշրջանայի խաղացողներ՝ Իրանն ու Թուրքիան: Թուրքիան ուզում է դերակատարություն ստանձնել այս հարցում, առաջին հերթին՝ Ադրբեջանի համար, բայց նաեւ հետաքրքրված է էներգակիրների, հաղորդակցության ուղիների հարցով, ինչպես նաեւ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման խնդրով: Ըստ Միրքադիրովի՝ Իրանն էլ ավելի ակտիվ կլիներ այս հարցում, եթե ԱՄՆ ազդեցությունն այստեղ այդքան զգալի չլիներ, քանի որ Իրանը հստակ տեսակետ ունի՝ չի ընդունում ոչ տարածաշրջանային խաղացողների դերակատարությունը: «Մի խոսքով, ամեն ինչ շահերի մեջ է, չկա արդարության կամ համակրանքի խնդիր: Լեռնային Ղարաբաղի հարցն այն խնդիրներից է, որով Ռուսաստանը կարողանում է ազդել եւ մանիպուլյացիաների ենթարկել Հայաստանն ու Ադրբեջանը: Հարցն այստեղ այն չէ, որ որեւէ երկիր սիրում է կամ չի սիրում հակամարտող կողմերից որեւէ մեկին, հարցը շահերն են,եւ ոչ ոք, իհարկե, իրավունք չունի Ռուսաստանին ստիպել, որ իր շահերը չհետապնդի»,-ասաց վերլուծաբանը եւ հավելեց, թե նույնը վերաբերում է նաեւ Թուրքիային եւ հակասելով իր քիչ առաջվա ասածին, որ համակրանք-հակակրանքի խնդիր չի կարող լինել, ասաց, որ Թուրքիայի պահով ոչ միայն սեփական շահերն են, այլեւ՝ Ադրբեջանի նկատմամբ անձնական վերաբերմունքը:

Նա նաեւ պնդեց, որ ԼՂ հարցի կարգավորումը սխալ է կապել ժողովրդի կամ հասարակության կամքի հետ, քանի որ որպես այդպիսին՝ ժողովուրդ չկա ոչ Ադրբեջանում, ոչ Հայաստանում: Ընդ որում, ըստ պարոն Միրքադիրովի, երկու երկրների իշխանությունները հասել են նրան, որ ոչ միայն ընդդիմություններին են ձեռնասուն դարձրել (որպես հայկական օրինակ՝ նա բերեց ԲՀԿ-ին, որը խորհրդարանական ընտրություններում հսկայական ձայներ հավաքելով՝ չգնաց նախագահական ընտրությունների), այլեւ ժողովուրդն է դադարել գործոն լինելուց:  Ըստ Միրքադիրովի, օրինակ` Ուկրաինայում, չնայած այն բանին, որ դրսի ազդեցությունը կա ժողովրդի վրա, այդուհանդերձ, որոշիչ գործոնը հասարակությունը, ժողովուրդն է: Նա նկատի ուներ հատկապես Եվրոմայդանում հավաքվածներին: Այնինչ, մեր երկու երկրներում ժողովուրդը գոյություն չունի՝ որպես դերակատար:

Խոսելով Ռուսաստանի վարած քաղաքականության մասին, վերլուծաբանն ասաց, որ, Ադրբեջանին վաճառած զենքից ստացած գումարով Ռուսաստանը փակեց այն ծախսերը, որ անում է Հայաստանի համար: Ադրբեջանին զենք վաճառելով՝ Ռուսաստանը մեծացրեց ռազմական վտանգը, սակայն ՀԱՊԿ շրջանակներում ավելի խորացնելով Հայաստանի հետ համագործակցությունը՝ բալանսի բերեց այդ սպառնալիքը:

Միրքադիրովն անդրադարձավ նաեւ Սեպտեմբերի 3-ին: Ըստ նրա՝ այդ օրը, երբ հայտարարվեց ՀՀ-ի մտադրությունը՝ միանալ Մաքսային միությանը, սառը ցնցուղ էր բոլորի համար: Նախ՝ մյուս գերտերությունների, հատկապես՝ ԱՄՆ-ի, որոնք իրենց փքված հնդկահավերի նման էին պահում, կարծելով, որ Ռուսաստանն այլեւս դերակատարություն չի կարող ունենալ այս տարածաշրջանում: Դրանից հետո նրանք հասկացան, որ կարող են կորցնել Հարավային Կովկասը եւ արագորեն սկսեցին ակտիվանալ:

Հայաստանի համար էլ էր սառը ցնցուղ, քանի որ Հայաստանը, ըստ «Զերկալոյի» մեկնաբանի, կարծում էր, որ երկու աթոռի վրա նստած է մնալու՝ Ասոցացման համաձայնագիրը ստորագրելու է, Ռուսաստանին էլ համոզի, որ դա խնդիր չի: Բայց այդպես չստացվեց:

Սեպտեմբերի 3-ը սառը ցնցուղ էր նաեւ Ադրբեջանի համար, քանի որ Հայաստանի միջոցով կսկսվի ուժեղ ճնշում Ադրբեջանի վրա՝ կարծում է Միրքադիրովը:

 

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031