Լրահոս
Օրվա լրահոսը

Տեխնոլոգիական կրթություն և աշխատանք՝ հաշմանդամություն ունեցող մարդկանց համար

Դեկտեմբեր 18,2013 22:20

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը, «Ինստիգեյթ մոբայլ» ընկերության հիմնադիր Վահագն Պողոսյանը և «Սեյվ դը չիլդրեն ինթերնեշնլ» հայաստանյան ներկայացուցչության LIFE ծրագրի տնօրեն Ջինա Սարգիզովան համատեղ իրականացնում են հաշմանդամություն ունեցող անձանց տեխնոլոգիական ուսուցման, մասնագիտական որակավորման բարձրացման և ՏՏ ոլորտում աշխատանքի տեղավորման ծրագիր: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԻՏՁՄ-ի գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:

«Պաշտոնական տվյալներով ներկայումս ՀՀ-ում ապրում են 189.500 հաշմանդամություն ունեցող անձինք, որոնցից շատերը բարձրագույն կրթություն ունեն և տեխնոլոգիական ոլորտին քիչ թե շատ տիրապետող մարդիկ են, իսկ տեղեկատվական և հեռահաղորդակցման տեխնոլոգիաների ոլորտը, ինչպես գիտեք, լավ մասնագետների կարիք ունի»,- ասաց Կարեն Վարդանյանը՝ նկատելով, որ իրենց համագործակցության նպատակներից մեկն էլ այս բացը լրացնելն է:

Նրա խոսքով՝ ծրագիրը երկու հիմնական նպատակ ունի, որոնցից առաջնայինն է՝ ընտրել հաշմանդամություն ունեցող 15 անձանց, «Ինստիգեյթ ուսումնական կենտրոն»-ի փորձառու դասավանդողների օգնությամբ 7-ամսյա դասընթացների ընթացքում տալ նրանց տեխնոլոգիական շուկայում մրցունակ գիտելիքներ վեբ ծրագրավորման բնագավառում: Արդյունքում՝ 10-12 լավագույն ցուցանիշներ ցուցաբերած անձինք կապահովվեն մշտական աշխատանքով «Ինստիգեյթ Մոբայլ» ընկերությունում:

Ծրագրի երկրորդ նպատակն է ստեղծել առցանց տեխնոլոգիական կրթական միջավայր, որտեղ կտեղադրվեն շուկայում մրցունակ մասնագիտությունների ուսուցման ծրագրեր: Հաշմանդամություն ունեցող բոլոր անձինք կկարողանան ինքնուրույն ուսուցանել դրանք և հասնել անհրաժեշտ որակավորման:

«Սեյվ դը չիլդրեն ինթերնեշնլ» հայաստանյան ներկայացուցչության LIFE ծրագրի տնօրեն Ջինա Սարգիզովան հույս հայտնեց, որ ծրագիրը շարունակական բնույթ կունենա և տեղեկացրեց, որ ծրագրին մասնակցելու համար հաշմանդամներն իրենք պետք է դիմեն և որևէ սահմանափակում չկա:

«Հաշմանդամություն ունեցող անձն իրեն պետք է հասարակության լիիրավ անդամ զգա, իսկ համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ կարծրատիպերը հնարավոր է հաղթահարել միայն գործով, որովհետև թեկուզ ինչքան էլ մենք ասենք, որ հաշմանդամություն ունեցող անձը ոչնչով չի տարբերվում հաշմանդամություն չունեցողից, միևնույն է, դա անօգուտ է: Իսկ եթե մենք ստեղծում ենք ձեռնարկություններ, որտեղ հաշմանդամություն ունեցող անձինք կողք կողքի աշխատում են հաշմանդամություն չունեցողների հետ, և ապացուցում են, որ ունեն նույն ներուժը, աշխատելու նույն կարողությունը, ինձ թվում է՝ դա արդեն կարծրատիպը ոչնչացնելու լավագույն և, հավանաբար, միակ տարբերակն է»,- համոզված է Ջինա Սարգիզովան:

 

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031