«Իհարկե՛, առաջին տարին չէ, բայց ամեն անգամ, կարծես, տոն է դառնում այս սահադաշտի բացման արարողությունը եւ այս տարի սա զուգադիպել է այսօրինակ ցրտին: Ձյունը միշտ չէ, որ խրախուսելի է բացառապես այս սառույցի դեպքում է, որ հաճելի է, այն խորապես նպաստում է այս սառույցի ամուր եւ ավելի սահուն լինելուն»,- Կարապի լճի սահադաշտի բացման արարողության ժամանակ հայտարարեց Երեւանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը:
Նա լրագրողների հետ զրույցում նշեց, որ Երեւանի գեղասահքի եւ տափօղակով հոկեյի դպրոցը բարվոք վիճակում չէ, եւ քաղաքապետարանը փորձում է օգնել երեխաներին անցկացնել իրենց հիմնական պարապմունքները.
«Գեղասահքի դպրոցի սաները սահադաշտում անվճար են սահում եւ կոնկրետ տրված է ժամանակ նրանց պարապմունքների համար»:
Կարդացեք նաև
Միջոցառման ընթացքում ցուցադրական ելույթներով հանդես եկան Երեւանի գեղասահքի եւ տափօղակով հոկեյի մանկապատանեկան մարզադպրոցի սաները: Գեղասահքի եւ տափօղակով հոկեյի դպրոցի տնօրեն Մելինե Ավագյանը Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ երեխաները երկար են պատրաստվել այդ ելույթին: Նա նաեւ նշեց, որ դպրոցի սահադաշտը վերանորոգվում է եւ հավաքականի մարզիկները մարզվում են Մոսկվայում եւ Ռիգայում: Aravot.am-ը հետաքրքրվեց՝ արդյո՞ք հնարավոր է դպրոցի սաները իրենց պարապմունքներն անցկացնեն Կարապի լճի սահադաշտում.
«Բարձր սպորտային արդյունքների համար, իհարկե, ո՛չ, մենք այս սահադաշտով չենք կարող աշխարհին ներկայանալ: Իսկ մանկապատանեկան դպրոցի համար ինքը կարող է հարմար լինել»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ