Երևանի քաղաքապետարանում տեղի է ունեցել մայրաքաղաքի 4-րդ աստիճանի վթարայնության շենքերի բնակիչների փուլային վերաբնակեցման ծրագրով Սիսակյան 3 հասցեում գտնվող հանրակացարանային շենքի և Արցախի փողոցի 4-րդ նրբանցքի 10 հասցեում գտնվող (նախկին գեղարվեստի Հ.5 ուսումնարանի) հանրակացարանային շենքի երրորդ մասնաշենքի բնակիչներին հատկացվելիք նոր բնակարանների վիճակահանությունը:
Բնակարանների բաշխման վիճակահանության տարբերակը որոշվել է բնակիչների կողմից՝ Երևանի քաղաքապետարանում նախապես կայացած բազմաթիվ հանդիպումների և քննարկումների արդյունքում: Վիճակահանության միջոցով յուրաքանչյուր բնակիչ ինքն անձամբ է ընտրել իր ապագա բնակարանը: Ի դեպ, վիճակահանությանը ներկայացված բնակարանները հիմնականում եղել են Մարգարյան 37 հասցեում գտնվող նորակառույց բազմաբնակարան շենքի տարբեր մուտքերի, տարբեր հարկաբաժիններից: Բնակարաններ են հատկացվել նաև Սիսակյան 22, Ա. Բաբաջանյան 26/5 և Դավթաշեն վարչական շրջանի 4-րդ թաղամասի 53 շենքերից:
«Վթարային շենքերի բնակիչների վերաբնակեցման կարևոր այս ծրագրի շնորհիվ մենք փուլ առ փուլ նոր բնակարաններով ենք ապահովում տասնյակ ընտանիքների: Վերաբնակեցման ծրագրի ամբողջ գործընթացը քաղաքապետ Տարոն Մարգարյանի մշտական ուշադրության և հսկողության ներքո է: Առաջիկայում ձեզ կհանձնենք բնակարանների բանալիները, և դուք հնարավորություն կունենաք տեղափոխվելու նոր բնակարաններ, ինչի կապակցությամբ բոլորիդ շնորհավորում եմ»,- նշել է քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը:
Վթարային 2 շենքերի բնակիչներին այս փուլում ընդհանուր առմամբ 50 նոր բնակարան է հատկացվել:
Կարդացեք նաև
Բնակիչներն իրենց շնորհակալություն են հայտնել գործընթացը հնարավորին արագ կազմակերպելու և իրենց բնակարաններ հատկացնելու համար: Նրանք նաև նշել են, որ իրենց իսկ ցանկությամբ ընտրված վիճակահանության սկզբունքը բնակարանների բաշխման լավագույն տարբերակն էր:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնությա հետ կապերի վարչություն