Չմշկասահքի սիրահարների առջև արդեն 9-րդ անգամ իր դռներն է բացել մայրաքաղաքի Կարապի լճի սահադաշտը: Բացման պաշտոնական արարողությունն ուղեկցվել է տոնական միջոցառմամբ` ճանաչված երգիչ-երգչուհիների ու համույթների կատարումներով, արհեստավարժ գեղասահորդների ու տափօղակով հոկեյի Հայաստանի ազգային հավաքական թիմերի անդամների մասնակցությամբ:
Բացման խոսքում Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը նշել է, որ, հաշվի առնելով գեղասահք մարզաձևի նկատմամբ հետաքրքրության աճը, քաղաքապետարանը կանի ամեն ինչ՝ սահադաշտից ամեն անգամ հաճելի հուշերով վերադառնալու համար: Սահելու հնարավորություն կունենան բոլոր ցանկացողները, քանի որ տեղում հատկապես սկսնակ մարզիկներին իրենց գիտելիքները կփոխանցեն հմուտ մարզիչները: Սահադաշտի հարևանությամբ կգործի բուժկետ` հնարավոր վնասվածքների դեպքում առաջին օգնություն ցուցաբերելու համար: Սահադաշտի տոմսի արժեքը չի փոխվել. մեկ ժամը 500 դրամ սեփական չմուշկների,1000 դրամ՝ չմուշկի վարձույթի դեպքում: Սահադաշտը բաց կլինի ամեն օր՝ ժամը 11:00-ից 23:00-ն:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն