Ամանորի և Սուրբ ծննդյան տոներին ընդառաջ Տեր Եսայի քահանա Արթենյանն այսօր անդրադարձավ հասարակական կյանքում եկեղեցու դերի կարևորությանը, հատկապես տոնական օրերին:
Նրա խոսքով՝ մեր իրականության մեջ դեռ շարունակում է գերակայող մնալ տոների արտաքին մասը. երբ մարդիկ փորձում են պարզապես ուրախանալ, մասնակից լինել այս կամ այն տոնին՝ առանց վերջինիս իմաստը կամ խորհուրդը ամբողջապես հասկանալու: Սակայն Տեր Եսային ուրախությամբ նկատեց, որ վերջին տարիներին՝ հատկապես տոնական օրերին, մարդիկ ավելի շահագրգռված են եկեղեցի գնալու, հարցեր տալու տոների հետ կապված. «Ուզում են ավելի գիտակցված և իմաստավորված մասնակցություն ունենալ այս կամ այն տոնին»,- ասում է քահանան:- Ընդունված ավանդույթ, սովորույթ է դարձել, որ մարդիկ շատ հաճախ եկեղեցում են դիմավորում Նոր տարին, եկեղեցում են նշում Սուրբ ծնունդն ու Սուրբ զատիկը, բայց այստեղ էականն այն չէ, որ եկեղեցին այս կամ այն տոնը ժողովրդի հետ նշի, էականն այն է, որ մենք կարողանանք ինչ-որ տեղ սովորեցնել մարդկանց, թե ինչպես է պետք նշել տվյալ տոնը և որն է նրա իմաստը կամ խորհուրդը»:
Քահանան նշեց, որ տարեցտարի ավելանում է այն մարդկանց թիվը, որոնք նախընտրում են Նոր տարին ընտանիքով դիմավորել եկեղեցում:
Տեր Եսայու խոսքով՝ Նոր տարվա գիշերը եկեղեցում կատարվում է հսկման արարողություն: Սա հանգստյան ժամերգությունն է, որը կատարվում է բոլոր եկեղեցիներում և ոչ միայն Նոր տարվա գիշերը: Այս ժամերգությամբ են եկեղեցում դիմավորում Նոր տարին:
Կարդացեք նաև
Տեր Եսային, սակայն, ցավով նշեց, որ մենք՝ հայերս, դեռևս խորհրդային տարիներից ավելի կարևորել ենք Նոր տարվա կերուխումը, սեղանների շքեղությունը, քան Սուրբ ծննդյան խորհուրդը: «Ցանկացած տոնի հետ կապված, ինչ, որ տեղի է ունենում եկեղեցուց դուրս, միշտ արտացոլանքն է այն բանի, թե ինչպես է մարդն ընկալում տվյալ տոնը: Սուրբ ծննդյան խորհուրդը կարևորող մարդը Նոր տարվան պահք է պահում, ոչ թե առատ սեղանի շուրջ նստած կերուխում է անում: Պարտադիր չէ, որ մարդն առատ սեղանի շուրջ նստի կամ ոգելից խմիչք օգտագործի, որպեսզի ուրախ լինի: Նոր տարվա ուրախությունը բոլորովին ուրիշ խորհուրդ ունի: Այստեղ խնդիրն այն է, թե մենք հատկապես ինչն ենք կարևորում»,- ասում է Տեր Եսային:
Ըստ նրա՝ Նոր տարվա կերուխումը մեզ միշտ խանգարում է Սուրբ ծննդյան տոնին լիարժեք մասնակցելու, քանի որ «դու չես կարող հարբեցողությամբ զբաղվել ու գալ Սուրբ ծննդի պատարագին հաղորդություն ստանալ»,- ասաց քահանան և ուրախությամբ նկատեց, որ հատկապես Նոր տարվա օրերին գնալով շատանում է պահք պահողների թիվը:
Եզրափակելով ասուլիսը՝ Տեր Եսայի քահանա Արթենյանը բոլորին սեր մաղթեց: Նա համոզված է, որ այսօր հասարակությանն ամենաշատը սերն է պակասում: «Մենք մեր խնդիրների, հոգսերի տակ կքած՝ ավելի հաճախ կորցնում ենք մեկս մյուսին պարզապես սիրելու և ընդունելու կարողությունը: Կարծում եմ՝ սերը մարդկային ամենապարզ, ամենակարևոր պահանջներից մեկն է: Եվ երբ մտովի հետ ենք նայում, տեսնում ենք, որ մեր բոլոր դժվարությունների, փորձությունների հիմքում ընկած է հիմնականում սիրո պակասը: Եթե մենք կարողանանք մի փոքր ավելի շատ սիրել իրար, վստահ եմ՝ ամեն ինչ ավելի հեշտ կհաղթահարվի»,- ասաց Տեր Եսային:
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ