Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանցի վերլուծաբան. «Ի՞նչ է՝ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիեւը Պուտինից ավելի խելո՞ք են կամ ուժե՞ղ»

Դեկտեմբեր 18,2013 18:49

Անկարայում «Զերկալո» շաբաթաթերթի (Ադրբեջան) քաղաքական մեկնաբան Ռաուֆ Միրքադիրովը այսօր Երեւանում հրավիրված «Անվտանգությունը եւ համագործակցությունը Հարավային Կովկասում»  միջազգային համաժողովի ժամանակ ներկայացրեց Հարավային Կովկասում համագործակցության իր տեսակետները:

Նախ, հենց սկզբից պարոն Միրքադիրովը հայտարարեց, որ հանդես է գալու «սատանայի փաստաբանի» դերում, եւ որպես այդպիսին կասկածի տակ դրեց քաղաքականության եւ ընդհանրապես ցանկացած հարցում արդարության կամ համագործակցության հնարավորությունը՝ կրկնելով միայն, որ ամեն տեղ խնդիրը հանգում է շահերի բախմանը: Եթե որեւէ տեղ համընկնում են գերտերությունների շահերը՝ այդտեղ հարցերը լուծվում են արագ եւ միանգամից, եթե այդ շահերը չեն համընկնում՝ պրոցեսը ձգձգվում է.«Միջազգային հարաբերությունների մասին խոսելիս՝ պետք է քիչ խոսել արդարության մասին: Երբ որեւէ քաղաքական գործիչ խոսում է արդարության մասին, ուրեմն նրան արագ պետք է հեռացնել քաղաքականությունից եւ ուղարկել մզկիթ, սինագոգ կամ եկեղեցի»:

Պարոն Միրքադիրովը զեկույցը նվիրված էր ԼՂ հակամարտության կարգավորման հեռանկարին՝ արտաքին գործող ուժերի, Ադրբեջանի եւ Հայաստանի հասարակությունների եւ քաղաքական վերնախավերի համատեքստում: Անդրադառնալով ԼՂ հարցի լուծմանը, ավելի ճիշտ չլուծմանը, պարոն Միրքադիրովը հեգնեց նրանց, ովքեր պնդում են, թե Իլհամ Ալիեւն ու Սերժ Սարգսյանը չեն կարողանում վերջնական համաձայնության գալ, քանի որ մեր հասարակությունները պատրաստ չեն դրան, չեն ուզում փոխզիջումների գնալ. «Այդ ինչպե՞ս է, որ մնացած բոլոր հարցերով այդ երկուսը չեն էլ լսում ժողովրդին, բայց այդ մի հարցում հաշվի են առնում նրա կարծիքը»: Այն տեսակետին, թե արտաքին ուժերը, մասնավորապես՝ Մինսկի խումբն ամեն ինչ անում է հարցը լուծելու համար, իսկ երկու նախագահները չեն գնում ոչ մի լուծման՝ պարոն Միրքադիրովը նույնպես չի ընդունում. «Այդ դեպքում պիտի ընդունենք, որ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիեւը շատ ավելի խելոք եւ ուժեղ են, քան Ֆրանսիան, ԱՄՆ-ը եւ Պուտինը»: Չի ընդունում նաեւ Մինսկի խմբի «բարի կամքի դեսպան» լինելը. «Անընդհատ ասվում է, որ նրանք միայն առաջարկներ են ներկայացնում, սակայն ոչինչ չեն կարող ստիպել: Երեւի մոռանում են, որ այդ երկրները հզոր միջուկային գերտերություններ են, եւ երբ իրենց պետք է լինում՝ լավ էլ ստիպում են»:

Տարբեր մասշտաբի միջազգային չինովնիկների կողմից հնչող տեսակետը, թե «ԼՂ հարցը չունի ռազմական լուծում», պարոն Միրքադիրովը նույնպես լուրջ չի ընդունում եւ հարցնում է՝ այդ ինչպե՞ս է, որ ԱՄՆ նախագահը Իրանի հետ խնդիրները լուծելիս միշտ շեշտում է, որ լուծման ուժային տարբերակը շարունակում է մնալ սեղանի վրա: Ադրբեջանցի վերլուծաբանը նաեւ նկատեց, որ հակամարտության սկզբում շատ էր ասվում, եւ հատկապես հայկական կողմն էր շատ շեշտում, որ Ադրբեջանը պետք է հաշվի նստի իրականության հետ՝ ընդունի իր պարտությունը եւ այն իրավիճակը, որ ստեղծվել է պատերազմի արդյունքում: Սակայն, նրա դիտարկմամբ, այժմ այդ թեզը այնքան էլ բացահայտ չի ասվում, որովհետեւ դա պրովոկացիոն ազդեցություն է թողնում՝ դե, եթե կան ինչ-ինչ արդյունքներ, որոնք ձեռք են բերվել պատերազմում եւ որոնց հետ պետք է հաշվի նստել, ուրեմն կարելի է մեկ այլ պատերազմով փոխել այդ իրականությունը եւ հաշվի նստել այլ արդյունքների հետ:

Նա պնդում էր, որ ԼՂ հարցի պարագայում գերտերությունները, ինչպես ցանկացած այլ դեպքում, առաջնորդվում են միայն սեփական շահով՝ եթե ԱՄՆ եւ ՌԴ շահերը համընկնում են կամ գոնե չեն հակադրվում, կանչում են ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ եւ միանգամից որոշում են ինչ անել, ոնց անել: Սակայն կոնկրետ ԼՂ պահով նրանք չունեն այդ համաձայնությունը եւ, այդ իսկ պատճառով, երբ 1993 թվականին ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը բանաձեւ ընդունեց ԼՂ վերաբերյալ, վերջին կետում նշեց՝ «այս հարցին կվերադառնանք մոտ ժամանակներս», եւ այդ «մոտ ժամանակները» արդեն քսան տարի է՝ չեն գալիս:

 

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031