«ՀԱԿ-ի վերամիավորման հարց չի կարող լինել, քանի որ այն ոչ բարոյական ճանապարհով լուծարվեց»,-Aravot.am-ի հարցին՝ Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» նախաձեռնության ստեղծումը չի՞ վկայում այն մասին, որ ՀԱԿ-ի վերամիավորման հարցը առ ոչինչ է, այսպիսի կարծիք հայտնեց «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը:
Նա նկատեց, որ «ՀԱԿ-ի լուծարման քաղաքակիրթ ձև կար, դրա կազմում գտնվող տասնութ միավորները կարող էին շնորհակալություն հայտնել հինգ տարվա աշխատանքի համար ու քննարկել ՀԱԿ քաղաքական միավորի՝ կուսակցության վերածվելու հարցը»:
Պարոն Մակեյանն ասաց, որ մամուլից են իմացել, թե ՀԱԿ-ը գոյություն չունի՝ որպես քաղաքական միավոր և ՀՀՇ-ի հիմքի վրա կուսակցություն է ձևավորվելու: Այնուհետև Պետրոս Մակեյանն այսպիսի եզրահանգում արեց. «Դուրս է գալիս, որ հարյուրավոր քաղբանտարկյալներ ՀԱԿ-ի համաժողովրդական շարժման հենքի վրա բերդերում հայտնվեցին, տասնութ քաղաքական միավորներ այդ գործընթացին մասնակցեցին ու մեկ գիշերվա մեջ մի կուսակցությունը, որը պատասխանատու է երկրի այս վիճակի համար, իրեն ողջ ստեղծածի տերն է համարում»:
Պարոն Մակեյանը կարծում է, որ «Նիկոլ Փաշինյանի ձևավորած ուժը որևէ առնչություն չպիտի ունենա ՀԱԿ-ի հետ, քանի որ նա ևս դուրս եկավ ՀԱԿ-ից»: Շարունակելով Պետրոս Մակեյանն ասաց. «Այդ ուժը չի կարող գործել այնպես, ինչպես ՀԱԿ-ն է գործել, քանի որ, եթե ՀԱԿ-ը ճիշտ գործեր, ապա այս իշխանությունն այլևս չէր լինի: Կարծում եմ՝ Նիկոլն ու Սասունը կընտրեն ճիշտ ճանապարհ, որը կբերի հանգուցալուծման և նոր գործելաոճով կփորձեն ժողովրդին գործուն դարձնել»:
Մանրամասները՝ տեսանյութում:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ