Թուրք քաղաքագետ Օմեր Թաշփինարը «Թըդեյս Զաման» թերթում հրապարակված հոդվածում ողջունում է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի Հայաստան կատարած այցը: Փոխանցում է «Ֆրի փաբլիշ» լրատվականը:
«Հայկական հարցը գրեթե ամեն անգամ ընգրկվում է Թուրքիայի արտաքին քաղաքական օրակարգում, երբ Արևմուտքում փորձում են Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձև ընդունել», – գրում է Թաշփինարը «Թուրքիա-Հայաստան. հետո ի՞նչ է լինելու» հոդվածում, -«Երկու տարուց, 2015թ. Թուրքիան կկանգնի երկընտրանքի առաջ»:
«Կանխատեսելի է, որ Թուրքիան զայրույթով կարձագանքի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը Արևմուտքի նշելուն: Նման փորձություններից խուսափելու համար, Անկարան պետք է հիմա մտածի Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու մասին, քանի դեռ Արևմուտքի կողմից ճնշումները չեն սկսվել»:
Այս առումով Թաշփինարը Դավութօղլուի Հայաստան գալու որոշումը ճիշտ քայլ է համարում և ողջունում է այն. «Խուճապի մեջ ընկնելու փոխարեն, մինչև 2015թ. Թուրքիայի կառավարությունը պետք է հետևողականորեն բազմակողմանի ռազմավարություն իրականացնի: Առաջին հերթին՝ Թուրքիան պետք է բացի սահմաններն այդ երկրի հետ և դիվանագիտական հարաբերություններ հաստատի»:
Կարդացեք նաև
Քաղաքագետը նշում է, որ եթե Թուրքիան իրոք մտադրված է բարելավել Հայաստանի հետ հարաբերությունները, ապա պետք է որոշակի վտանգի տակ դնի Ադրբեջանի հետ հարաբերությունները. «Թուրքիան պետք է Ադրբեջանին համոզի, որ հայ-թուրքական հարաբերությունների բարելավումը կարող է դրական անդրադառնալ Ղարաբաղի հարցի կարգավորմանը»:
Դավութօղլուն Հայաստան էր այցելել դեկտեմբերի 12-ին՝ մասնակցելու Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության արտգործնախարարների խորհրդի հանդիպմանը:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ