Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետը չգիտի՞ իրենց շարքերն ումից է մաքրել, թե՞չգիտի հակակոռուպցիոն բաժինն ինչի համար է

Դեկտեմբեր 18,2013 16:55

Կառավարությունը 10 օր է՝ չի կարողանում պատասխանել Aravot.am-ի մի քանի հասարակ հարցերին: Ընդ որում, կառավարության լրատվական ծառայությունը նույնիսկ «նեղություն չքաշեց» տեղյակ պահել, ինչպես «Տեղեկատվության ազատության մասին» օրենքն է պահանջում, որ մեր հարցերի պատասխանները գտնելու համար որոշ ժամանակ է անհրաժեշտ: Ավելի պարզ՝ կառավարությունը խախտել է վերոնշյալ օրենքի 9-րդ հոդվածը, որով հարցմանը պետք է պատասխան տրվի 5 օրում, իսկ եթե հավելյալ աշխատանք է պահանջվում, ապա համապատասխան մարմինը պարտավոր է գրավոր այդ մասին տեղեկացնել եւ պատասխանի վերջնաժամկետ նշել, ինչը կառավարությունը չի կատարել:

Մասնավորապես՝ կառավարությունից դեկտեմբերի 5-ին հետաքրքրվել էինք, թե կառավարության աշխատակազմում նոր ստեղծված հակակոռուպցիոն ծրագրերի մոնիթորինգի բաժինը հատկապես ի՞նչ գործառույթ է կատարելու եւ ինչպե՞ս է նպաստելու կոռուպցիայի դեմ պայքարին, այն դեպքում, երբ ՀՀ նախագահին կից նմանատիպ մի բաժին արդեն կա, եւ ի՞նչ կարիք կար նորից նույնանման մեկ այլ բաժին ստեղծել, եւ ինչո՞վ է այս նոր կառույցը տարբերվելու կամ ավելի լավ աշխատելու իր «եղբայրական» կառույցից:

Ընդ որում, կառավարություն ներկայացրած նախագծում այս նոր բաժնի ստեղծումը պայմանավորել են, թե անհրաժեշտությունը բխում է ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության 2009-2012թթ. միջոցառումների ծրագրի 2011թ. արդյունքի մոնիթորինգի առաջին կիսամյակի հաշվետվությունից: Aravot.am-ը կառավարությունից խնդրել էր պարզաբանել` արդյոք արդեն հրապարակված 180 էջանոց հաշվետվությունը բավարա՞ր չէ, որպեսզի գոյություն ունեցող Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդը եւ նրա հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման մոնիթորինգի հանձնաժողովը ոլորտ առ ոլորտ զբաղվի կոռուպցիայի դեմ պայքարով:

Մեր բոլոր բանավոր հարցերին, թե վերջապես, ե՞րբ կստանանք հարցման պատասխանները, կառավարությունից մշտապես վստահեցնում էին`«Հարցերը կարդացել ենք, կպատասխանենք»:

«Մենք բազմիցս հայտարարել ենք, որ շահագրգռված ենք այս ծրագրում հասարակական կազմակերպությունների եւ ընդդիմության ներկայացուցիչների մասնակցությամբ, այդ թվում նաեւ` կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդին կից հակակոռուպցիոն մոնիթորինգային հանձնաժողովի գործունեությանը, ինչը հնարավորություն կտա մի կողմից` վերահսկել, մյուս կողմից` մասնակից լինել ծրագրի իրականացմանը»,-սա ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի 2008 թվականի հուլիսի 1-ին Հայաստանի միջազգային հակակոռուպցիոն պարտավորությունների քննարկման նպատակով հրավիրված Հակակոռուպցիոն առաջին համաժողովի ընթացքում արած հայտարարությունն է: Այս առնչությամբ էլ` մենք ընդամենը հետաքրքրվել էինք, թե 2008 թվականին ՀՀ վարչապետի հայտարարած` հակակոռուպցիոն ծրագրում շահագրգռված է տեսնել նաեւ ընդդիմության ներկայացուցիչների մասնակցությունը, արդյոք մինչ օրս ընդդիմության որեւէ ներկայացուցիչ հրավիրվե՞լ է մասնակցել 2009-2012թթ. հակակոռուպցիոն ռազմավարության ծրագրի իրականացմանը, եթե այո, ապա ովքե՞ր են հրավիրվել:

Aravot.am-ը կառավարությանն էր ուղարկել Տիգրան Սարգսյանի այս ելույթի` լրատվամիջոցներից մեկում հրապարակված հիպերհղումով, որպեսզի կառավարության աշխատակիցների գործը թեթեւացնենք, ու չընկնեին տարիներ առաջ վարչապետի ելույթները գրող մասնագետին փնտրեին, հարց ու փորձ անեին` թե իրականում ի՞նչ է ասել վարչապետը:

Տարիներ առաջ Տիգրան Սարգսյանը, երբ դեռ նորանշանակ վարչապետ էր, հակակոռուպցիոն թեմայով այդ նույն քննարկման ժամանակ հասարակությանը վստահեցրել էր. «Պետք է սկսենք ինքներս մեզանից, մեր շարքերում չպետք է հանդուրժենք մարդկանց, ովքեր խուսափում են հարկերի վճարումից, ովքեր հովանավորում են այդ բիզնես-ոլորտը: Հասկանալի է, որ մեր գործողությունները առավել արդյունավետ կլինեն, եթե սկսենք ինքներս մեզանից»:

Հիշեցնելով վարչապետի տարիներ առաջ պատրաստակամությունը՝ կոռուպցիայի դեմ պայքարը իրենց շարքերից սկսելը, Aravot.am-ը հետաքրքրվել էր , թե այս տարիների ընթացքում որքանո՞վ է մաքրվել վարչապետի նշած շարքերը, արդյոք որեւէ բարձրաստիճան պաշտոնյա, բացի Վազգեն Խաչիկյանից, Մարգար Օհանյանից եւ Հովհաննես Թամամյանից, իրենց շարքերից պատասխանատվությա՞ն է ենթարկվել վարչապետի նշած խնդիրների համար, եւ եթե կան այդպիսինները, խնդրել էինք անուններ հրապարակել:

10 օր է կառավարությունը մտածում է եւ կարծես թե դեռեւս պատասխան չի գտնում:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031