Երեկ խորհրդարանական՝ «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության միջեւ ՀՀ գազի, նավթամթերքների եւ չմշակված բնական ալմաստների առաքման ոլորտում համագործակցության վերաբերյալ», «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության միջեւ ՀՀ բնական գազի առաքման ժամանակ գների ձեւավորման կարգի վերաբերյալ» եւ «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության միջեւ «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի առքուվաճառքի եւ հետագա գործունեության պայմանների մասին» համաձայնագրերի վերաբերյալ լսումների ժամանակ ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը պատգամավորներին ներկայացրեց գազի գնի վերաբերյալ ռուս-հայկական բանակցությունների եռամյա ոդիսականը :
Նախարարի պատմությունն այդքան էլ չգոհացրեց լսումներին ներկա ընդդիմադիր պատգամավորներին, անգամ իշխանական պատգամավոր Սամվել Ֆարմանյանն ասաց, որ իր գործընկերների հնչեցրած հարցերն ու մտահոգությունները տեղին էին, քանի որ վերոնշյալ համաձայնագրերի արդյունքում Հայաստանը կախման մեջ է ընկնում մեկ երկրից՝ թեկուզ այն լինի ռազմավարական գործընկեր:
Նախարար Արմեն Մովսիսյանի պարզաբանումները չեն գոհացրել նաեւ «Բարեւ Երեւան» ավագանու խմբակցության անդամ Ստեփան Սաֆարյանին: Aravot.am-ի հետ զրույցում պարզվեց, որ Ստեփան Սաֆարյանի համար եւս նախարարի պարզաբանումները լույս չեն սփռել գազի գնի թանկացման պատմության մութ անկյունների վրա: «Ինչո՞ւ այս տարիների ընթացքում հանրությանը չի ներկայացվել, որ Հայաստանը կուտակում է գազի պարտք»,- բոլորին մտահոգող, հնչած, բայց նախարարի կողմից տրամաբանական պատասխան չստացած հարցը մտահոգում է նաեւ մեր զրուցակցին: «Այն, ինչը որ ակնարկվել է մեկ-մեկուկես տարի առաջ, միայն ակնարկվել է, որ իրենք բանակցում են ռուսական կողմի հետ՝ գազի գնի շուրջ: Միայն դա է եղել: Ուրիշ բանի մասին չի հայտարարվել: Որեւէ կերպ, որեւէ ձեւով չի ասվել, որ Հայաստանը 300 միլիոն դոլարի պարտք է կուտակում: Հիմա, չկարողանալով հիմնավորել դա, ուղղակի տարբեր ստեր են բերվում»:
Մեր զրուցակիցը համարժեք չի համարում այդ պարտքի դիմաց «ՀայՌուսգազարդի» 20 տոկոս բաժնեմասի վաճառքը «Գազպրոմին», քանի որ. «Ստրատեգիական ակտիվները չեն վաճառում: Այս պարագայում, ՀՀ իշխանությունները ոչ թե վաճառել են դա, այլ իրենց ձեռքից խլվել է, ճիշտ այնպես, ինչպես նրանց ձեռքից խլեցին Իրան-Հայաստան գազամուղը, որը կառուցեց Հայաստանը: Եկեք իրերն իրենց անուններով կոչենք: ՌԴ-ի վերաբերմունքը չափազանց մերժելի է եղել այս տարիների ընթացքում եւ նա Հայաստանից խլել, վերցրել է այն, ինչը ցանկացել է: Խնդիրն այն է, որ ՀՀ իշխանությունները չափազանց խոցելի են»:
Կարդացեք նաև
Այս համատեքստում վերլուծելով վերջին շրջանի հայաստանյան եւ ուկրաինական իրադարձությունները, Ստեփան Սաֆարյանը հանգում է նրան, որ որքան էլ դժվար է դիմակայել՝ երկրի շահերի հանդեպ արվող շանտաժներին, այնուամենայնիվ, դա հնարավոր է: Բայց, քանի որ, ըստ նրա, երկու երկրների ղեկավարներն էլ թաթախված են տարբեր հանցագործությունների մեջ՝ տրվում են ճնշումների՝ հլու հնազանդ տալով այն, ինչն այլ պարագայում հնարավոր չէր տալ:
Այս իրավիճակում, մեր զրուցակիցը լուրջ չի համարում այլընտրանքային էներգոհամակարգի հնարավորությունների մասին խոսելը, անգամ եթե Իրանի դեսպանը բավականին բաց հայտարարություններ արեց. «Մենք ամբողջ էներգետիկ համակարգը, այդ թվում եւ խողովակաշարը, տվել ենք ՌԴ-ին: Հիմա, որքան էլ հեշտ լինի Իրանի հետ բանակցել եւ ցանկալի գնով գազ ստանալ, չափազանց դժվար է լինելու ոչ մեզ պատկանող խողովակաշարով այն բերելը: ՌԴ-ն արհեստական խոչընդոտներ է ստեղծելու եւ թույլ չի տալու, որ իր գազը թողած, Հայաստանն ուրիշի գազը գնի: ՌԴ-ն թույլ չի տալու, որ Հայաստանին թթվածին մատակարարի ինչ-որ մեկը, երբ ինքն է կտրել այդ թթվածինը»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Հարգելի պ. Սաֆարյան
Համաձայն լինելով ձեր քննադատությանը` հարցնում եմ` ի՟նչ եք առաջարկում անել, որևէ գաղափար կա՟ այդ ամենի դեմն առնելու; Ի՟նչ է առաջարկում Ժառանգությունը: