«Մեզ համար անհասկանալի մնաց, ինչ էր, ինչ չէր, ինչ էին ուզում, որովհետեւ մեզ ընդհանրապես չեն մոտեցել»,- Aravot.am-ին ասաց Երեւանի քաղաքապետարանի լրատվության բաժնի պետ Արթուր Գեւորգյանը` անդրադառնալով երեկ Հանրապետության հրապարակում Ամանորին նվիրված միջոցառման ժամանակ
Նախախորհրդարանի անդամների իրականացրած ակցիային:
Պարոն Գեւորգյանի խոսքով. «Քաղաքապետը բավականին երկար է մնացել հրապարակում` մոտ մինչեւ ժամը ութը, հետո քայլելով բարձրացել է Հյուսիսային պողոտա, ծանոթացել , թե ինչպես են ընթանում Ամանորի տոնավաճառի աշխատանքները: Հետո բարձրացել է, մասնակցել՝ «Մոսկվա» կինոթատրոնի դիմացի ձմեռային շատրվանի գործարկմանը: Քաղաքապետը հեռանալու խնդիր չունի, եթե ինչ-որ մեկի երեւակայությունը չափից դուրս է եւ մտածում է, որ քաղաքապետին կարող է խուճապի մատնել: Որեւէ մեկը որեւէ տեղից, առավել եւս Երեւանի քաղաքապետը չի փախել, իրենց փախուստ ձեւակերպումը թող պահեն փախչողների համար: Ես անձամբ եղել եմ քաղաքապետի կողքին: Հրապարակում լույսերը միացնելուց հետո բավականին երկար մնացել ենք, քաղաքապետը շփվել է քաղաքացիների հետ: Մնացածը, թե ինչ են ասում ակտիվիստները, չի համապատասխանում իրականությանը»:
Հիշեցնենք, որ ակտիվիստ Գեւորգ Սաֆարյանը պնդում էր, որ իրենց ակցիայի ժամանակ քաղաքապետն իր շքախմբով փախել է հրապարակից:
Կարդացեք նաև
ՀՀ ոստիկանությունից էլ Գեւորգ Սաֆարյանի ասածների վերաբերյալ, թե երեկ ոստիկանական բաժանմունք տանելու ընթացքում ոստիկաններն իրեն հայհոյել են, հրել ու քաշքշել, պարզաբանեցին. «Չգիտեմ ակտիվիստներն ինչ են պատմում, իրականում վարչական բերում է իրականացվել, կազմվել է վարչական իրավախախտման արձանագրություն»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ