Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀԱՊԿ-ը հավակնո՞ւմ է լուրջ կառույց դառնալ

Դեկտեմբեր 18,2013 15:38

«Ես կարծում եմ՝ շատ կարևոր, խորհրդանշական ու նաև շատ խոսուն էր այն փաստը, որ ռուսական կողմը ընդունեց մեր առաջարկը և Գյումրի այցելության շրջանակներում երկու պետությունների ղեկավարները համատեղ այցելեցին այստեղ տեղակայված 102-րդ ռազմաբազա: Իհարկե, գիտեք, որ այն արձանագրությամբ, որով երկարացվեց բազայի տեղակայումը ՀՀ-ում, հանվեց այն սահմանափակումը, որը կար նախկին պայմանագրում, որով նախատեսվում էր, որ այդ ռազմաբազան կարող է օգտագործվել միայն ԽՍՀՄ նախկին արտաքին սահմանի երկայնքով՝ առկա վտանգների համար: Այսինքն՝ ընդլայնվեց ռազմական բազայի գործունեության մանդատը և, կարծում եմ, որ այդ համատեքստում մեզ համար շատ կարևոր է, որ այդ ռազմաբազան լինի շատ արդիական ու կարող, և այնտեղ ծառայություն անցնող զինծառայողները լինեն մարտական բարձր պատրաստվածության»,- ՌԴ նախագահի՝ Հայաստան կատարած այցից մեկ օր անց ամփոփելով այդ այցը, ասել էր ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը:

Թեեւ Հայաստանում ՌԴ-ի ռազմաբազաների տեղակայման պայմանագրի ի հայտ գալուց ի վեր հարցը մանրամասնորեն պարզաբանվել եւ լուսաբանվել է, այդուհանդերձ, Aravot.am-ը փորձեց եւս մեկ անգամ հստակեցնել՝ հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության նոր փուլում կա՞ն սողանցքներ, որով ռուսական զորքերը հնարավորություն են ստանում Հայաստանի ներքին գործերին միջամտելու:

ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ Թեւան Պողոսյանն այս առիթով մեր հարցին ի պատասխան՝ ասաց. «Խոսքն այն մասին է, որ եթե նախկինում ռազմաբազան օգտագործվում էր միայն նախկին ԽՍՀՄ սահմանի, այսինքն, հայ-թուրքական սահմանի, նաեւ ինչ-որ չափով Հայաստան-Իրան սահմանի, հիմա այս գաղափարը վերցված է: Դա չի  նշանակում, որ ռազմաբազան կօգտագործվի, եթե վտանգներ լինեն, բայց եթե վտանգներ լինեն, ապա ռազմաբազան կհամապատասխանեցնի իր գործողությունները»:

Մեր զրուցակիցն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ Հայաստանը եւ ՌԴ-ն ՀԱՊԿ անդամ երկրներ են եւ գոյություն ունի «ՀԱՊԿ երկրների սահմաններ» գաղափարը. «Օրինակ, Հայաստան-Ադրբեջան սահմանը Տավուշի մարզում, դա ՀԱՊԿ սահման է: Հայաստան-Նախիջեւան սահմանը նույն կերպ ՀԱՊԿ սահման է եւ եթե այդտեղ կլինեն վտանգներ, ապա ոչ միայն ռուսական ռազմաբազան պետք է օգտագործվի, այլ ՀԱՊԿ-ի համատեղ ուժերով պետք է այդ խնդիրներին արձագանքել: Հասկանալի է, որ այսօրվա դրությամբ երեւի մի փոքր հիպոթետիկ սցենարի մասին ենք խոսում, բայց եթե ՀԱՊԿ-ը հավակնություն ունի լուրջ կառույց դառնալու, ապա պետք է իր կարողությունները զարգացնի եւ համատեղ, կոլեկտիվ խնդրի շրջանակների գաղափարի գիտակցումով պետք է հարցերին մոտենա»:

ՀԱՊԿ-ի զարգացումը մեր զրուցակիցը հենց այդ կառույցի համար օրախնդիր է համարում եւ այդ համատեքստում, ըստ նրա, միանգամայն տեղավորվում է գաղափարը, որ այդ ուժերը ոչ միայն նախկին ԽՍՀՄ սահմանները պահպանեն, այլ, ասենք, Հայաստանի մյուս սահմանները՝ նաեւ ՀԱՊԿ սահմանների շրջանակներում:

Վերոնշյալ ձեւակերպումները, մեր զրուցակցի վստահեցմամբ, չեն առնչվում ներհայաստանյան խնդիրներին. «Խոսքը Հայաստանի պաշպանողական ֆունկցիաների մասին է»:

Ինչ վերաբերում է ներհայաստանյան հարցերին խառնվելուն, Թեւան Պողոսյանը գտնում է, որ դա մեզնից է կախված ու որեւէ կապ չունի մեր արտաքին սահմաններում որեւէ ռազմաբազայի գոյության հետ:

Նման մտավախություններ չի տեսնում նաեւ ՀՀ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը: Նմանատիպ բոլոր կարծիքները նա համարում է մտացածին:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031