Լրահոս
Օրվա լրահոսը

Որոշ հայեր Եվրոպայում որպես ադրբեջանցի են ներկայանում (Տեսանյութ)

Դեկտեմբեր 18,2013 15:32

Եվրոպական երկրներ մեկնող հայ միգրանտները, որոնք որպես փախստական են ներկայանում, կամ ապաստան հայցողներ, այդ երկրներում մնալու կարգավիճակ ստանալու համար որոշ խորամանկությունների են դիմում, կեղծ փաստաթղթեր են ներկայացնում, լեգենդներ պատմում, նույնիսկ որպես ադրբեջանցի են ներկայանում: Այսօր «Հենարան» ակումբում նման կարծիք հայտնեց «Մարդը կարիքի մեջ» հասարակական կազմակերպության միգրացիոն ծրագրերի ղեկավար Տաթեւիկ Բեժանյանը:

Նրա ներկայացմամբ` Հայաստան վերադարձողների 2 խումբ կա,. նրանք ովքեր մեկնած են եղել աշխատելու համար ու աշխատանք են ունեցել, հայրենիք վերադառնալուց հետո հեշտ են վերաինտեգրվում, իսկ նրանք, ովքեր  մեկնել են ապաստան հայցելու համար ու չի ստացվել, հետ են ուղարկել, նրանք մեծ դժվարությամբ են Հայաստանում վերաինտեգրվում: Սրա պատճառը, ըստ տիկին Բեժանյանի, այն է, որ Եվրոպայում միգրանտները որեւէ կարգավիճակ ստանալու համար երկար տարիներ են սպասում ու այդ ընթացքում նպաստ են ստանում եւ չեն աշխատում, այդ ընթացքում կորցնում են իրենց մասնագիտական հմտություններն ու վերածվում չաշխատող մարդու, ուստի վերադառնալուց հետո էլ այդ մարդիկ կարծում են, թե Հայաստանում էլ նման քաղաքականություն պիտի լինի`չաշխատել, բայց փող ստանալ:

«Մարդը կարիքի մեջ» հ/կ-ն աշխատում է հայրենիք վերադարձած միգրանտների հետ, աջակցում որեւէ բիզնես սկսելու համար, իսկ մեկնողներին՝ խորհրդատվություն տրամադրում, թե որ երկրում ինչ պայմաններ ու օրենքներ են միգրանտների վերաբերյալ:

Տիկին Բեժանյանը նշեց, որ հայերը մեկնում են հիմնականում Ռուսաստան, քանի որ այնտեղ հաղորդակցվելն ավելի հեշտ է, վիզային ռեժիմ չկա, եւ աշխատելու հնարավորությունն էլ մեծ է:

Aravot.am-ի այն հարցին՝ հիմնականում Ռուսաստան են մեկնում, քանի որ հնարավորությունն է մեծ, իսկ  արդյոք ցանկությունն էլ է մեծ հենց Ռուսաստան մեկնելու, տիկին Բեժանյանն ասաց՝ այո, շատերը հենց Ռուսաստանն են նախընտրում. «Այնտեղ կապերը մեծ են, մարդկանց մոտ կա կարծիք, որ եթե գնում ես աշխատելու, լավագույն տեղը Ռռւսաստանն է, այնտեղ ավելի լավ կլինի: Տիպիկ անեկդոտ կա, հային ասում են` գնալու ես Ռուսաստան փողը գետնին թափված է լինելու` հավաքելու ես: Մարդ գնում է ու հենց օդանավակայանում գետնին 100 դոլար է տեսնում, ոտքով հրում է ու  ասում` սկսվե¯ց: Այսինքն` անգամ այն մտայնությունը, որ դրսից եկավ խոպանչի է, նրա գործերը լավ են, թյուրըմբռնման է բերում»:

Տիկին Բեժանյանը իրենց շահառուներից մեկի օրինակը բերեց, որին խոստացել էին, թե Ռոստովում բարձր վարձատրությամբ աշխատանք կունենա, մեկնելուց ու որոշ ժամանակ աշխատելուց հետո, անձը հետ է վերադարձել, քանի որ ծախսերը հանած, եկամուտը եղել է նույնքան, որքան Հայաստանում էր. «Մենք ցուցակներ ենք կազմելու, թե որ երկրում ինչ պայմաններ են, ասենք` տան վարձ ու այլ ծախսեր, որպեսզի մեկնողների համար պարզ լինի` գուցե չարժե ընտանիքից կտրվել գնալ»:

Մեր այն հարցին էլ, արդյոք Հայաստանի` Մաքսային միությանը անդամակցելն ավելի չի մեծացնի՞ հայերի հոսքը Ռուսաստան, եթե նախկինում Ռուսաստանը մշտապես միգրանտների համար պայմաններն էր խստացնում ու թույլատրելի քանակն էլ ամեն տարի նվազեցնում, տիկին Բեժանյանն ասաց. «Այնպես չէ, որ հիմա հայերի մուտքը դժվար է, միգուցե ավելանա, միգուցե` պակասի, չգիտեմ, բայց ես այնքան էլ լավատես չեմ Մաքսային միության հետ կապված, զերծ կմնամ քաղաքական դիտարկումներից»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031