Լրահոս
Օրվա լրահոսը

Աշոտ Մելիքյան. «Եվրոպական կառույցները պետք է ավելի նրբանկատ լինեն»

Դեկտեմբեր 18,2013 15:28

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) դեկտեմբերի 17-ին որոշում է կայացրել, որ 1915թ. Հայոց ցեղասպանության ժխտումը համապատասխանում է ազատ խոսքի իրավունքի սկզբունքին: Այդ մասին Aravot.am-ը տեղեկացել էր «Հուրիեթ» թերթից, որտեղ նաեւ նշվում էր, որ որոշումը կայացվել է թուրքական «Աշխատավորական կուսակցության» նախագահ Դողու Փերինչեքի հայտի հիման վրա, եւ որ այն վերջնական չէ ու երեք ամսվա ընթացքում կողմերը կարող են դիմել ՄԻԵԴ-ի Մեծ պալատ:

Aravot.am-ի հետ զրույցում Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը անդրադառնալով ՄԻԵԴ-ի որոշմանը՝ հետեւյալն ասաց. «Տարբեր երկրներում խոսքի ազատության տարբեր դրսեւորումներ կան: Օրինակ Ֆրանսիայում խոսք էր գնում օրինագիծն ընդունելու մասին, որ ցեղասպանությունը ժխտելու արարքը, դա քրեորեն պատժելի է: Բայց կան եվրոպական երկրներ, որոնք ինչպիսի դիրքորոշում էլ արտահայտվի, այնտեղ սահմանափակումներ չպետք է լինեն: Եվ այստեղ հիշատակման է արժանի հատկապես Դանիայում Մուհամեդի ծաղրանկարների փաստը: Այնտեղ համարում են, որ խոսքի ազատությունը թույլ է տալիս այդ ամենն անել:

Ինչ վերաբերում է մեր պատմությանը վերաբերվող խնդրին, կարծում եմ առաջին հերթին Թուրքիան, ապա եվրոպական կառույցները պետք է շատ ավելի նրբանկատ լինեն եւ հասկանան, որ դա մի ամբողջ ազգի ողբերգական անցյալի մասին է: Եվ եթե մի ազգ իր համար շատ ցավալի հարցում ամեն մի բառին նշանակություն է տալիս, ապա մարդկային էթիկան պահանջում է, որ շատ զգուշավոր արտահայտություններ անել ու որոշումներ կայացնել, մանավանդ, որ Եվրոպայի խորհուրդը, եվրոպական կառույցները իրենց  բազմաթիվ փաստաթղթերում եւ Եվրոպական կոնվենցիայում եւս այն կա, թե որ պարագայում կարող է խոսքի ազատությունը որոշ չափով ողջամիտ սահմանափակումներ ունենալ»:

Աշոտ Մելիքյանի կարծիքով`Եվրոպական դատարանը պետք է հաշվի նստեր վերոնշյալ փաստի հետ: Նա համոզված է, որ ցեղասպանության ժխտումը կարելի է որպես խոսքի ազատության դրսեւորում համարել, սակայն ըստ նրա` «Գոյություն ունեն բազմաթիվ պատմական փաստեր, հիմնավորված  բազմաթիվ ականատեսների ցուցմունքներով, այնպես, որ այդ փաստաթղթերը արդեն հիմք են, որ ժխտումը անպատասխանատու քայլ է, անպատասխանատու խոսք: Երբ դատարանը օրինական ուժ է տալիս եւ հղում կատարում խոսքի ազատությանը, կարծում եմ, դա այնքան էլ արդարացված չէ: Եվրոպայի խորհրդի մի շարք փաստաթղթերում բազմաթիվ դրույթներ կան ընդդեմ ռասիզմի եւ այլ տիպի խտրականությունների եւ Եվրոպական դատարանը պետք է հաշվի առնի նաեւ այդ փաստաթղթերի դրույթները: Շատ լավ է, որ այս որոշումը վերջնական չէ եւ բողոքարկելու հնարավորություն կա: Կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետությունը ու նաեւ այլ երկրներ հասկանում են, որ խոսքի ազատությունը կարեւորագույն իրավունքներից մեկն է, բայց նրա հետ կան շատ կարեւոր սահմանափակումներ, որոնց հետ պետք է հաշվի նստել»:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031