ՀՀ նոր քրեական դատավարության օրենսգրքի նախագծում իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը առաջադիմական փոփոխություններ է տեսնում. «Օրինակ՝ խափանման միջոցների տարբեր ձեւեր է սահմանվում: Չնայած այսօրվա օրենսդրությամբ էլ էր հնարավոր այնպես անել, որ խափանման միջոցը համատարած կալանքը չլիներ: Այստեղ բազմապիսի խափանման միջոցներ կան»:
Պարոն Իշխանյանի խոսքով, օրենսդրական նախագծում կան որոշ դրական միտումներ, բայց. «Կան նաեւ բացասական միտումներ` օրինակ դեպոնացումը: Որը փաստաբաններին հնարավորություն չի տալիս ճկուն լինել քրեական գործերով դատական գործընթացներում: Վերջին 10 տարում անընդհատ դատաիրավական բարեփոխումների մեջ ենք եւ չի կարելի ասել, որ դատաիրավական բոլոր բարեփոխումները դրական առաջընթաց են բերել: Հերթական դատաիրավական բարեփոխումների առջեւ ենք կանգնած: Չհավատալու հիմքեր չունենք Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցին դատարանների վերաբերյալ: Եթե դատարանների վիճակն այդպիսին է, ինչ են տալու մեզ դատաիրավական բարեփոխումները: Մտավախություն ունեմ` այս օրենսգիրքը լինելու է դոփում տեղում` հաշվի առնելով Հայաստանում դատարանների կախվածության աստիճանը»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ