«Տարոն Մարգարյանը երեկ փախչում էր, երբ մենք Ծածկած շուկայի հետ կատարվածի մասին էինք հայտարարում: Նա փախավ իր շքախմբով: Մենք նրա հետեւից էինք գնում, երբ ոստիկանները մեզ բերման ենթարկեցին»,- երեկ երեկոյան Հանրապետության հրապարակում կատարված միջադեպի մասին պատմում է Նախախորհրդարանի անդամ Գեւորգ Սաֆարյանը:
Նրա պատմելով, երեկ ոստիկանական պատով պաշտպանված Տարոն Մարգարյանին իրենք ուզում էին հիշեցնել քաղաքում տեղի ունեցող ապօրինությունների մասին եւ ամոթանք տալ.
«Այն ապօրինությունները, որոնք տեղի են ունենում իր մեղավորությամբ, մասնավորապես Ծածկած շուկայի հարցը: Հենց Տարոն Մարգարյանն էր հայտարարել, որ ապօրինի է կառուցապատումը եւ հանրապետական նշանակության հուշարձան է, որը ոչնչացվում է քաղաքի կենտրոնում: Այդքանից հետո երեկ գնացել էր` մարդկանց աչքերին թոզ փչելու, տոնակատարություններ էր անում»:
Գեւորգի պատմելով, ոստիկանները երեկ քաշում էին ձեռքից բարձրախոսը, փորձում էին պոկել լարը, որ չկարողանա խոսել. «Հետո հավաքվեցին, խփեցին, հրեցին, հայհոյեցին, բռնի ուժով տարան ոստիկանական բաժանմունք, իսկ այնտեղ ինչպես միշտ նույնն է` Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182 հոդվածն է`ոստիկանի օրինական պահանջը չկատարելու մասին: Բայց անհասկանալի է` ինչ էին պահանջում, մեզ այնտեղ պահանջ չի ներկայացվել, փորձել են բարձրախոսը վնասել եւ ուժ են կիրառել, թե ինչ նկատի ունեն ոստիկանի օրինական պահանջ ասելով` չգիտեմ: Կարեւորը, որ մեզ հաջողվեց Ծածկած շուկայի խնդրի մասին մեր ասելիքը հասցնել քաղաքապետի պաշտոնը զբաղեցնող անձին եւ ամոթանք տալ: Իսկ մյուս հարցերով չհաջողվեց»:
Կարդացեք նաև
Նույն հոդվածն են առաջադրել նաեւ Գեւորգի հետ ակցիայի մասնակից Նախախորհրդարանի մեկ այլ ակտիվիստի` Արմենի նկատմամբ:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Տեսանյութը՝ Azatutyun Radiokayan-ի