Նոր Նորքի 5-րդ զանգվածում գտնվող Մառի փողոցի 12 շենքի բնակիչները իրենց խնդիրների մասին գրավոր եւ բանավոր, խմբակային բողոքներով շատ են դիմել թաղապետարան, քաղաքապետարան, դրանց մասին գրվել է մամուլում, բայց անօգուտ. այսօր էլ 16 հարկանի շենքի բնակիչները զրկված են վերելակներից եւ իջնում-բարձրանում են ջարդված ու մաշված աստիճաններով՝ սառած ու խցանված աղբատարի գարշահոտության ուղեկցությամբ:
Կարդացեք նաև
Այս շենքը շահագործումից ի վեր՝ 40 տարի չի վերանորոգվել: Բնակիչների բազմաթիվ բողոքներից հետո, այս տարվա ամռանը թաղապետարանը վերանորոգեց մուտքի միայն առաջին հարկը: Իսկ վերեւի հարկերում անմխիթար վիճակ է. կեղտոտ պատեր, մաշված ու ջարդված աստիճաններ, հոսանքի, կապի ու այլ բազմաթիվ՝ պետքական ու անպետք լարեր, խողովակներ, որոնք չգիտես ինչի համար են:
Այս ամենի ֆոնին՝ խցանված, երբեք չմաքրված աղբատար ու իրար գլխի հավաքված տոպրակներով աղբ, գարշահոտություն: Նեղ աստիճանավանդակներում տեղադրված հոսանքի հաշվիչների վահանակներին ու կախված լարերին չդիպչելու համար պետք է ծայրահեղ զգույշ լինել, միաժամանակ չմոռանալ ոտքի տակ նայել՝ առնետներից խուսափելու համար: Ի դեպ, մի շաբաթ առաջ էլ բախտ ենք ունեցել առնետի հետ վերելակով 9 հարկ իջնել:
Շենքում կա երկու վերելակ, դրանցից մեծը արդեն տարիներ շարունակ չի գործում եւ ծառայում է բացառապես պատասխանատուների «բիզնեսին», քանի որ բնակիչները իրեր տեղափոխելու համար համապատասխան գումար են վճարում եւ օգտվում դրանից: Այդ վերելակը միացվում է նաեւ ընտրությունների օրերին, այն էլ «պիկ» ժամին, երբ որոշ մարդկանց պատվերով ընտրողների հոսք է պետք ապահովել:
Բնակիչների բազմաթիվ բողոքներին համատիրությունից, թաղապետարանից պատասխանում են, որ մեծ վերելակը սարքին վիճակում է եւ շենքը այդ առումով խնդիր չունի: Այս աբսուրդի լուծումը բնակիչները փորձել են գտնել համատիրություն-թաղապետարան-քաղաքապետարան գրած դիմումներով, բողոքներով, բայց անօգուտ:
Արդեն 4-րդ օրն է 96 բնակարան ունեցող այս շենքի մի քանի հարյուր բնակիչները զրկված են նաեւ մյուս վերելակից: Իսկ դա նշանակում է , որ շատ հաշմանդամներ զրկված են տեղաշարժվելու, իրենց տարրական կարիքները հոգալու, նույնիսկ հաց գնելու հնարավորությունից: Եղել են դեպքեր, երբ բնակիչները հրաժարվել են շտապօգնություն կանչել, քանի որ 16 հարկ ոտքով բարձրացած բժիշկը (եթե իհարկե համաձայնեն բարձրանալ) ի՛նքը օգնության կարիք կունենա:
Այս ամենի մասին մեկ անգամ եւս գրելով հույսեր չենք փայփայում, թե կլուծվեն շենքի խնդիրները, բայց համակերպվել նման պայմաններին, ոչինչ չանել՝ եւս չենք կարող, որովհետեւ այդ ամենը տեսնելով վիրավորվում է մարդու արժանապատվությունը, ուստի Նոր Նորքի թաղապետին եւ Երեւանի քաղաքապետին հրավիրում ենք Մառի 12 եւ խնդրում մեկ անգամ ոտքով բարձրանալ 16-րդ հարկ՝ լսելու, թե ինչ են ասում իշխանությունների հասցեին մի կերպ իջնող-բարձրացող քաղաքացիները:
Անժիկ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ