«Հայաստանի Հանրապետության երեք նախագահները պետք է քաղաքական արենայից դուրս մղվեն, որովհետև երկրում ստեղծված իրավիճակի համար պատասխանատու են երեքն էլ՝ մեկը մի քիչ շատ, մյուսը ավել քիչ»,- այսօր «Տեսակետ» մամուլի ակումբում հայտարարեց «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը:
Պարոն Մակեյանն անդրադարձավ նաև Նիկոլ Փաշինյանի ու Սասուն Միքայելյանի «Քաղաքացիական պայմանագիր» նախաձեռնությանը: Նա ասաց. «Նիկոլի և Սասունի հետ երկար ճանապարհ ենք անցել, Սասունի հետ խորհրդարանում ենք աշխատել: Նիկոլի հետ 2006-ին այլընտրանք ձևավորեցինք, բայց ոչ ԲՀԿ-ի նման, ձևավորեցինք «Իմպիչմենթ» դաշինքը: 2008-ին մեզ միացել է Սասուն Միքայելյանը: Այսուհետև մեր կուսակցությունը մասնակցելու է նախապայմաններով, եթե դրանք ընդունեն, բնականաբար մենք կհամագործակցենք ու խնդիր չի լինի: Մենք միշտ եղել ենք առաջին կարգերում՝ անկախ նրանից, թե ով է առաջնորդը ու առանց նախապայմանների»:
Խոսելով արտաքին քաղաքականությունից՝ պարոն Մակեյանն ասաց. «Արտաքին քաղաքականությունն իր հանգրվանին հասավ սեպտեմբերի 3-ի հայտարարությունից հետո: Հետադարձ հայացք գցենք ու հիշենք, Վարդան Օսկանյանի քաղաքականության վրա, որը հիմնված էր երկու բևեռների խաղերի հետ: Բայց մկան վազքը մինչև մառանն է: Երկիրը հասցրեցին երկու ուժային կենտրոնների բախման կիզակետի: Սեպտեմբերի 3-ը մի բան ցույց տվեց, որ 2008-ից գործում էր կլանային իշխանություն, բայց ի հայտ եկավ, որ կլանի իշխանությունը վերածվել է մեկ անձի իշխանության, դա ապացուցում է սեպտեմբերի 3-ի նախագահի հայտարարությունը»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ