Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Քանի դեռ սիրում են խախտել, պետք է «չորով» զսպել. Օրինապաշտի անկյուն

Դեկտեմբեր 18,2013 14:08

Պատկերացրեք այսպիսի բան. մտնում եք որեւէ սուպերմարկետ, եւ սուպերմարկետի տասնյակ բաժիններից մեկի վրա դրված է զգուշացնող ազդանշան՝ «այս բաժինը հսկվում է տեսախցիկով»: Այսինքն՝ այս բաժնից գողություն չանել: Իսկ ողջ խանութի՞ց: Դե, պարզ է, որ գողություն չանողը ամբողջ խանութում էլ չի անի, իսկ նա, ում միայն տեսախցիկն է զսպում, իրեն ազատ կզգա մյուս բաժիններում:

Որքանո՞վ է այս իրավիճակը տարբերվում արագաչափերի նախազգուշացնող ցուցանակներից: Դավիթաշենի կամրջի վրա, օրինակ, անգամ այս ձյուն-սառույցին, երբ ուղղակի մահացու վտանգավոր է քշել 60կմ/ժ արագությամբ, վարորդները, մինչեւ արագաչափին բավարար չափով մոտենալը, քշում են գրեթե 100 կմ/ժամով՝ վտանգելով ոչ միայն իրենց, այլեւ մոտակայքով ընթացող բոլոր մեքենաների ուղեւորների եւ վարորդների կյանքը, եւ հանկարծ կտրուկ արգելակում են ու շարունակում արագաչափի «տիրույթում» քշել անգամ 20, 30կմ/ժամ արագությամբ, հետո հենց անցնում են այդ տիրույթը, կրկին վայրենանում են:
Վստահ եմ, շատ ավելի ճիշտ եւ նպատակին՝ վթարավտանգ իրավիճակներից զերծ մնալուն ծառայող կլինի, եթե բավարարվենք ընդհանուր տեղեկությամբ, որ Հայաստանի տարածքում ճանապարհները հսկվում են արագաչափերի եւ տեսախցիկների միջոցով, ու դրված լինեին արագությունը սահմանափակող նշանները: Վե՛րջ: Գիտե՞ս, որ այս ճանապարհին իրավունք չունես անցնել 40 կմ/ժամից ավելի արագությամբ, մի՛ անցիր, եւ ոչ թե աճպարարություն արա՝ արագաչափի մոտ:

Ամռան վերջին Դավիթաշեն թաղամասում նոր ճանապարհային գծանշումներ արեցին եւ կրկնակի հոծ գծով փակեցին Տիգրան Պետրոսյան գլխավոր փողոցի գրեթե բոլոր խաչմերուկները: Այժմ մարդիկ իրենց բակ մտնելու համար ոչ թե խաչմերուկից պետք է թեքվեն ձախ, այլ բավականաչափ նեղլիկ (քանի որ ճանապարհի երկու կողմերում մեքենաներ են կայանած լինում), ուղիղ ճանապահի վրա: Այնպես է ստացվում, որ ուղղակի անհնար է այդ նեղ հատվածներում շրջադարձ կատարել՝ «մեկ հարվածով», արդյունքում, մինչեւ ետ ու առաջ են անում, որպեսզի կարողանան շրջադարձ անել, մի թեթեւ խցանում է առաջանում, կամ հետեւից եկող անհամբեր վարորդները, անտեսելով վթարավտանգ իրավիճակը, պատրաստ են վրայովդ անցնել: Տուժում է երթեւեկությունը, տուժում են վարորդները, շահում են հաճախակի այդ անկյուններում ծիկրակող ոստիկանները, որոնք բռնում եւ տուգանում են վթարավտանգ իրավիճակներից խուսափելու համար օրենքը խախտող՝ խաչմերուկներից ձախ թեքվող մեքենաներին: Այսպիսի դեպքերում անգամ ամենաանկարգ վարորդները երազում են, որ խաչմերուկները բաց լինեն եւ այնտեղ դրված լինեն տեսախցիկներ:

Տեսախցիկների գոյության մասին եմ ամեն անգամ երազում դրանք չունեցող խաչմերուկներում, երբ տեսնում եմ, թե ինչպես են «ջիպազգիները» առաջին գծից կտրուկ մտնում երրորդ գիծ՝ հենց խաչմերուկի բերանին՝ ուղղակի թքած ունենալով երրորդ գծում խելոք շարված եւ ձախ թեքվելու պատրաստվող մեքենաներին եւ երկրորդ գծից արդեն ուղիղ ընթացողներին: Տեսախցիկի մասին եմ երազում ոչ միայն խաչմերուկներում, այլեւ սովորական ճանապարհներին, երբ քաղաքային տրանսպորտի միջոցները երրորդ գիծը բռնած գնում են՝ խանգարելով ողջ երթեւեկությունը եւ փակելով բոլորի տեսադաշտը:

Մի անգամ տաքսիստը, որի մեքենան, ոչ բարով, նստել էի, ուղղակի մազ էր մնում՝ հսկայական «Կամազի» տակ հայտնվեր, ինչ է թե՝ վարորդը հեռախոսով էր զրուցում… Երբ հարցրեցի՝ տեսախցիկը չֆիքսե՞ց, որ մեղքը ձերն էր, որ հեռախոսով էիք խոսում, հպարտ-հպարտ ասաց, որ տեսախցիկը չունի էդ հնարավորությունը, եւ ինքը որքան կուզի կխոսի՝ ղեկին նստած:
Երբ ամեն գնով ապօրինություն անելն ապրելակերպ է, «հսկող աչքերը» այլընտրանք չունեցող անհրաժեշտություն են:

ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031