Լրահոս
Օրվա լրահոսը

Վերաքննիչ դատարանը փոփոխել է «Մալիբուի» մենեջերի նկատմամբ կայացված դատավճիռը

Դեկտեմբեր 18,2013 13:58

Դատարանը որոշել է պայմանականորեն չկիրառել պատիժը

ՀՀ վերաքննիչ դատարանը մասնակիորեն բավարարել է ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Ռուբեն Հակոբյանի բողոքը` փոփոխելով նրա պաշտպանյալ, 11 հոգու պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու մեջ մեղադրվող վանաձորցի Ն. Ծ.-ի նկատմամբ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կայացրած վճիռը:
Ն.Ծ.-ին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա 2009 թվականից որպես մենեջեր աշխատելով Լոռու մարզի Վանաձոր քաղաքում գործող «Կարեն Հակոբյան» ՍՊ ընկերությանը պատկանող «Մալիբու» շոգեբաղնիք-հյուրանոցային համալիրում, մինչեւ 2013 թվականի մայիսի 17-ը նպաստել է Վ.Գ.-ի, Մ.Ք.-ի, Ն. Ռ.-ի, Հ.Կ.-ի, Ռ. Է.-ի, Վ. Բ.-ի, Մ.Դ.-ի, Ա. Վ.-ի, Ռ.Ա.-ի, Ն.Մ.-ի եւ Ա.Գ.-ի պոռնկությամբ զբաղվելուն։

Լոռու մարզի առաջին ատյանի դատարանը Ն.Ծ.-ին մեղավոր էր ճանաչել նախատեսված հանցագործության կատարման մեջ եւ ազատազրկման դատապարտել երեք տարի ժամանակով:
ՀՀ վերաքննիչ դատարանը, սակայն, որոշում է կայացրել փոփոխել իր նախորդի կայացրած դատավճիռը:
Դատարանը կիրառել է ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածը` նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառել` սահմանելով փորձաշրջան երեք տարի ժամկետով:
Դատարանը Ն. Ծ.-ի վարքագծի նկատմամբ վերահսկողությունը հանձնարարել է ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության այլընտրանքային պատիժների կատարման բաժնի համապատասխան բաժանմունքին` ըստ բնակության վայրի:
Դատարանը նաեւ վերացրել է Ն. Ծ.-ի նկատմամբ կիրառված խափանման միջոցը` կալանավորումը եւ նրան ազատ արձակել դատական նիստերի դահլիճում:
Ն.Ծ.-ի փաստաբան Ռուբեն Հակոբյանը «Առավոտի» հետ զրույցում նկատում է, որ իր պաշտպանյալի դեպքում բազմաթիվ մեղմացնող հանգամանքներ էին առկա, ինչը դատարանը չէր կարող անտեսել:

«Այս դեպքում կին է, մեղքն ընդունել է, նախկինում դատապարտված չէ, դրական է բնութագրվում, աջակցել է քննությանը, հանցագործության բացահայտմանը, խնամքին երկու երեխա ունի, որոնցից մեկն անչափահաս է, ինքը ամուսնալուծված է, ընտանիքի միակ կերակրողն է, եւ ներկայումս քաղաքացիական հայցադիմում կա դատարան ներկայացված՝ ալիմենտի պահանջով, սակայն պատասխանողի բնակության վայրը հայտնի չլինելու հիմքով կասեցված է, այսինքն՝ նույնիսկ երեխայի ապրուստի միջոցը ինքը չի կարողանում նախկին ամուսնուց ստանալ»,- նկատում է փաստաբանը՝ տեղեկացնելով, որ իրեղեն ապացույց ճանաչված 401 ԱՄՆ դոլարը, 1000 ՌԴ ռուբլին, 949.000 ՀՀ դրամը վերաքննիչ դատարանի որոշմամբ հանձնվելու է «Կարեն Հակոբյան» ՍՊ ընկերության տնօրինությանը:
«Լոռու մարզի առաջին ատյանի դատարանի կայացրած դատավճռով վերոնշյալ գումարը որպես եկամուտ հանձնվելու էր պետությանը»,- եզրափակում է փաստաբան Ռուբեն Հակոբյանը:

ԱՆՈՒՇ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ
Վանաձոր

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031