Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Արջուտի դպրոցի տնօրենն արդարացվել է

Դեկտեմբեր 18,2013 13:53

Դատախազը ճառի վերջում հրաժարվել է առաջադրված մեղադրանքից
Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Նարինե Հովակիմյանի նախագահությամբ, արդարացման դատավճիռ է կայացրել Արջուտ համայնքի միջնակարգ դպրոցի տնօրեն Անդրանիկ Սողոմոնյանի նկատմամբ` հռչակելով նրա անմեղությունը:

Մեղադրող դատախազ Արծվիկ Ասատրյանը դատական վիճաբանությունների փուլում` իր ճառի վերջում, հրաժարվել է առաջադրված մեղադրանքից՝ համարելով, որ հանցագործության կատարման սուբյեկտիվ կողմը բացակայում է:

Անդրանիկ Սողոմոնյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով պաշտոնատար անձ, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, 2012 թվականի սեպտեմբեր, նոյեմբեր ամիսների ընթացքում յուրացման եղանակով հափշտակել է ի պաշտոնե իրեն վստահված զգալի չափերով՝ 195.000 ՀՀ դրամ ընդհանուր արժողությամբ գույքը:
Նրա փաստաբան Ռուբեն Հակոբյանը «Առավոտի» հետ զրույցում ի սկզբանե անհիմն ու ապօրինի էր որակել առաջադրված մեղադրանքը՝ այն համարելով իրավազուրկ ու անտրամաբանական:

«Բացարձակ անհիմն, ակնհայտ ապօրինի մեղադրանք է, եւ դատարանում ես ակնկալում եմ միմիայն արդարացման դատավճիռ»,- մեզ հետ զրույցում ասել էր փաստաբանը՝ պատմելով դեպքի՝ դատաքննության ընթացքում պարզված հանգամանքները:
Նա պատմել էր, որ իր պաշտպանյալի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել դպրոցի սառնարանն ու տեսախցիկը յուրացնելու համար, այնինչ, վերջինս մտադրություն չի ունեցել յուրացնելու վերոնշյալ ապրանքատեսակները:

«Մինչ այս պահը պարզվել է, որ սառնարանը կայծակից վնասվել է, տնօրենը տեղափոխել է իր տուն, իր անձնական միջոցներով վերանորոգել է: Այդ ընթացքում դպրոցում պետական ծրագրով շինարարական աշխատանքներ են սկսվել, փոխվել են պատուհանները: Անդրանիկ Սողոմոնյանը սպասելիս է եղել շինարարության ավարտին, որպեսզի սառնարանը վերադարձնի դպրոց: Այդ ընթացքում, սակայն, սառնարանը հայտնաբերվել է եւ տարվել է դպրոց: Տեսախցիկն էլ խուզարկությունից երկու օր առաջ իմ պաշտպանյալը օգտագործել է կնոջ ծննդյան օրվա կապակցությամբ, ով նույնպես այդ դպրոցում մանկավարժ է աշխատում: Տեսախցիկը նորից դպրոց պիտի վերադարձվեր: Խուզարկության ժամանակ դա էլ է տանը եղել, համարել են, որ երկու իրը յուրացվել է»,- ասել էր Ռուբեն Հակոբյանը՝ նկատելով, որ առաջադրված մեղադրանքը ոչ միայն իրավաբանության հետ առնչություն չունի, այլեւ առարկայազուրկ է, նման մեղադրանքներն էլ եզակի են լինում:

«Ողջունելի է դատախազի քայլը, թեկուզ եւ դատաքննության ավարտին է նման միջնորդություն անում, այնուամենայնիվ, ողջունում եմ, գոհ եմ»,- եզրափակեց փաստաբան Ռուբեն Հակոբյանը:

Ա. ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ
Վանաձոր

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031