Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Վարդան Պետրոսյանի վթարի գործ. ընտանիքի 2 զավակների քառասունքի օրը, տարբեր ԶԼՄ-ներում վիճարկվում էր մեղավոր-անմեղության հարցը (Տեսանյութ)

Դեկտեմբեր 18,2013 14:00

Վարդան Պետրոսյանի վթարի գործով նշանակվել էր դատահետքաբանական փորձաքննություն եւ ինչպես Aravot.am-ի եւ Panorama.am-ի զրույցի ժամանակ տեղեկացրեց տուժող Արթուր Հակոբյանի ներկայացուցիչ՝ փաստաբան Ռուբեն Բալոյանը, այն նշանակվել էր իր նախաձեռնությամբ: Փորձաքննությունն առնչվում էր «Նիվա» մակնիշի ավտոմեքենային, որը հետազոտվել էր Նաիրիի ոստիկանության տուգանային հրապարակում:

Մեր այն հարցին, թե ինչ պետք է պարզեր փորձաքննությունը, Ռ. Բալոյանն ասաց. «Վթարի պահին հետին տեսանելիության հայելիներ եղե՞լ են, թե՞ ոչ»: Փաստաբանը տեղեկացրեց նաեւ, որ այս գործով մեղադրյալ Վարդան Պետրոսյանի պաշտպաններից որեւէ մեկը ներկա չի գտնվել: Նիկոլայ Բաղդասարյանը Սանկտ Պետերբուրգում է, իսկ փաստաբաններից մեկն էլ չի ներկայացել:

Մեր հարցին, թե ի՞նչ հարցեր են տրվել փորձագետին, Ռուբեն Բալոյանը պատասխանեց. «Ես չեմ պատրաստվում հրապարակել, եզրակացությունը դեռեւս չի ստացվել, իսկ առաջադրված հարցերը հետեւյալն էին՝ «Վազ 21» մակնիշի ավտոմեքենայի դռները, բեռնախցի ծածկոցը աշխատունա՞կ վիճակում են, թե՞ ոչ, եթե ոչ՝ ապա դրանք ինչի՞ հետեւանք են: «Վազ 21» մեքենայի դռների վերին հատվածների դեպի դուրս ծռվածությունը ինչի՞ հետեւանքով է, կապ ունի՞ հայելիների հետ եւ ավտոմեքենայի որեւէ մաս սեղմված վիճակում գտնվո՞ւմ է, թե՞ ոչ: Խոսքը ասֆալտին սեղմված լինելու մասին է»:

Պարոն Բալոյանը ցույց տվեց դեպքի վայրի նկարները (ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի կողմից արված), որոնք, ըստ նրա՝ ակնհայտ ցույց են տալիս, որ մեքենայի հետնամասի դետալները սեղմված են ասֆալտին, բայց դրա վերաբերյալ փորձագետի եզրակացություն չկա: «Շամշյանի կողմից կատարված լուսանկարներից պարզ երեւում է՝ որտեղ է բախումը տեղի ունեցել»,- ասում է փաստաբանը:

Իսկ այն հարցին ի պատասխան էլ, որ Վարդան Պետրոսյանի մեքենայի արագության չափի վերաբերյալ եղել են հրապարակումներ, մասնավորապես՝ որ նա մեքենան վարել է 71 կմ/ ժամ արագությամբ, տուժողի ներկայացուցիչն ասում է. «Հիմքը փորձագետի եզրակացությունն էր, որը մատնանշում էր պաշտպանության կողմը: Փորձագետը եզրակացություն է տվել, որ Վարդան Պետրոսյանը ընթացել է 71 կմ/ժ արագությամբ: Դա չի համապատասխանում, փորձագետը նման եզրակացություն չի տվել: Խոսքը ավտոմեքենայի նվազագույն արագության մասին էր՝ 71 կմ/ժ: Այսինքն՝ մենք չունենք համապատասխան մեթոդիկա, որպեսզի հնարավոր լինի ավտոմեքենաների դեֆորմացիաներով որոշել մեքենաների արագությունը: Հաշվի առնելով բախման ուժգնությունը, կարող եմ ասել՝ միանշանակ բավական մեծ արագությամբ է ընթացել, ստույգ ինչքան՝ կարող եմ ասել  եւ 72, եւ 100, եւ 120 կմ/ժ  արագությամբ»:

Ի վերջո՝ որտե՞ղ է գտնվել տուժողի «Նիվա» ավտոմեքենան եւ ովքե՞ր են եղել դրա մեջ: Փաստաբանն ասում է, որ «Նիվան» գտնվել է հողածածկ գոտում, այսինքն՝ բախումը եղել է հողածածկ գոտում, իսկ պաշտպանական կողմը պնդում է, որ բախումը եղել է երթեւեկելի մասում: «Նիվայի» մեջ գտնվել են վարորդը, կողքին՝ եղբայրը, ետեւում՝ 4 երեխաները՝ կողք կողքի:

Տուժողի ներկայացուցիչը ցույց տալով նկարները եւ առանձին դրվագներ (տես տեսանյութը), հանգել է այն եզրակացության, որ դեպքի վայրի զննությամբ կան հստակ հետքեր եւ նաեւ բախման նախորդող պահին Վարդան Պետրոսյանն արգելակման դիմել է, սակայն ուշացած: Տարածքում լուսավորություն չի եղել:

Մեր այն հարցին, թե սթա՞փ է եղել իր վստահորդը՝ «Նիվայի» վարորդը, պարոն Բալոյանն ասաց. «Եթե բախումը տեղի է ունեցել հողածածկ գոտում, ուզում է «Նիվայի» վարորդ լինի ոչ սթափ, ուզում է՝ վարորդական իրավունք չունենար, հետին տեսանելիության հայելիներ չլինեին կամ մեքենայի հետեւում 8 հոգի նստած լինեին, սա վթարի հետ կապ ունի՞: Իմ վստահորդը՝ Արթուր Հակոբյանը, գտնվել է սթափ վիճակում, ունի վարորդական վկայական, երկարատեւ աշխատանքային ստաժով: Ես նրա գործողություններում ՃԵԿ-ի որեւէ խախտում չեմ տեսել, որը դառնար վթարի պատճառ»:

Մեր հարցին, թե ըստ շրջանառվող լուրերի՝ մեքենայի երրորդ ուղեւորի վիճակն էլ ծանր է, Ռ. Բալոյանը տեղեկացրեց, որ խոսքը Արթուր Հակոբյանի աղջկա մասին է. փշրվել են կոնքի ոսկրերը, խնձորակները, տանն է՝ անշարժ, անկողնային վիճակում եւ ըստ բժիշկների՝ ժամանակ է պետք, որ բոլոր ֆունկցիաները վերականգնվեն:

Փաստաբանն ասաց, որ նոյեմբերի 30-ին՝ ընտանիքի 2 զավակների քառասունքի օրը, տարբեր լրատվամիջոցներում վիճարկվում էր մեղավոր-անմեղության հարցը եւ ըստ նրա՝ փորձ էր արվել մեղադրել «Նիվայի» վարորդին  վթարի համար: «Այդ օրվանից սկսած՝ տուժող կողմի զայրույթն է առաջացրել կատարվածը, ինձ էլ նշել են, որ Վարդան Պետրոսյանը պետք է պատժվի օրենքի ողջ խստությամբ: Մի կողմից փորձում են ապացուցել, որ Վարդան Պետրոսյանն անմեղ է, մյուս կողմից էլ՝ հակառակն են անում»,- ասաց ներկայացուցիչը:

Ի դեպ,  Ռուբեն Բալոյանը Վարդան Պետրոսյանի սթափության հետ կապված, մասնավորապես՝ «Էրեբունի» ԲԿ-ի արձանագրության հետ կապված, ուր տարբեր գրիչներով հարցական նշաններ են ավելացվել, միջնորդելու է դատաձեռագրաբանական փորձաքննություն անցկացնել, որպեսզի պարզ դառնա՝ արդյոք միջամտությո՞ւն է եղել բժշկական փաստաթղթում, թե՞ ոչ:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031