Լրահոս
Օրվա լրահոսը

Փիլիսոփա բասն ու «տիեզերական» խմբավարը նշում են հոբելյանները

Դեկտեմբեր 18,2013 13:36

Մեծանուն արվեստագետների մոտ գործում է չգրված օրենք. սեփական ծննդյան օրերն ու հատկապես հոբելյանները նշել հանդիսատեսի հետ: Դրան հավատարիմ են նաեւ անվանի երաժիշտներ՝ օպերային բաս Բարսեղ Թումանյանն ու խմբավար Հովհաննես Չեքիջյանը: Եվ քանի որ ՀՀ մշակույթի նախարարությունն ու Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ Էդուարդ Թոփչյանի գլխավարությամբ, հավատարիմ են իրենց որդեգրած աշխատաոճին՝ մեր դասական երաժշտարվեստի գործիչներին մեծարելուն եւ մեկ անգամ եւս հանրահռչակելու առաքելությանը, հետեւաբար երգչի 55 եւ խմբավարի 85-ամյա հոբելյանները կնշվեն համապատասխանաբար դեկտեմբերի 21-ին եւ 23-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում:

«Առավոտը» Բարսեղ Թումանյանից հետաքրքրվեց, թե ինչու է լայն հասարակությունից «թաքցնում» եկած այն փաստը, որ ինքը բարձրարվեստ գեղանկարիչ է, պոետ, փիլիսոփա եւ… գորգարվեստի գիտակ: «Ձեր նշած մասնագիտություններով ես դրամ չեմ վաստակում, միայն հաճույք եմ ստանում: Այո, տարիներ շարունակ դրանք՝ գումարած բեմական ստեղծագործական կյանքս, իմ ապրելակերպն են»,- հակիրճ պատասխանեց երգիչը:

Ժամանակին ներկայացնելով արվեստագետներին, ասվում էր, թե ում սանն է եղել: Մի քանի տասնամյակ Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր եք, այդուհանդերձ, երբեք չի խոսվել չեքիջյանական դպրոցի եւ ձեր դասարանն ավարտած երաժիշտների մասին՝ հարցին Հովհաննես Չեքիջյանը պատասխանեց. «Դասարանս ավարտած սաներիս ցանկը կարող եմ թվարկել, օրինակ՝ Մոսկվայում հրաշալի երգչախումբ է հիմնել Կարինա Ավետիսյանը, Մայր տաճարի երգչախմբի խմբավարն է Ռուբեն Շարբաթյանը… Իմ ղեկավարած Հայաստանի պետական ակադեմիական երգչախմբի ասիստենտս է Հարություն Օդաբաշյանը, ով թեեւ իմ դասարանում չի ուսանել, սակայն ես եմ ստորագրել նրա դիպլոմային աշխատանքը: Հիշեք մի բան. երբեք, օրինակ, ես ինձ նման խմբավար չեմ կարող պատրաստել, նույնն է, թե Վահրամ Փափազյանն ու Հրաչյա Ներսիսյանն ունենային իրենց «կրկնօրինակները»: Երր ես կանգնում եմ երգչախմբիս առջեւ ու ղեկավարում, տիեզերքից եմ ստանում այդ հրաշալի ուժը: Աշխարհում քիչ մարդիկ կարող են դրանով պարծենալ»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Լուսանկարները`ՖՈՏՈԼՈՒՐ-ի

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031