Համաձայն Billboard ամսագրի կողմից կազմած աղյուսակի` Bon Jovi խմբին է պատկանում 2013թ. ամենաեկամտաբեր միջազգային շրջագայություն ունեցած արտիստի տիտղոսը: Նյու Ջերսիի ռոքերները 2013-ի շրջագայության ընթացքում ընդհանուր առմամբ վաստակեցին $205,158,370` նվագելով 90 անշլագային համերգ՝ ավելի քան 2 միլիոն հանդիսականի համար: Աղյուսակում երկրորդ ամենահաջողակ շրջագայությունն ունեցած երաժիշտ P!nk-ը 60 միլիոն ԱՄՆ դոլարով զիջում է Bon Jovi-ին: Հաշվարկի ընթացքում պարզվել է, որ Bon Jovi-ի շրջագայության յուրաքանչյուր համերգը երաժիշտներին բերել է միջինում 2.3 միլիոն ԱՄՆ դոլար:
Անհավատալիորեն, Bon Jovi-ի համար սա նորություն չէ: Սա արդեն երրորդ անգամն է, որ խումբն ավարտում է տարին` հայտնվելով Billboard ամենաեկամտաբեր շրջագայությունների առաջին հորիզոնականում: Նախորդ անգամները 2008-ին եւ 2010-ին էին: Նրանց վերջին չորս շրջագայություններից երեքը մոտավորապես նույն արդյունքներն էին տվել, եւ նույնիսկ 2011-ի նրանց համեմատաբար ավելի փոքր Bon Jovi Live շրջագայությունը նրանց բերել էր 140 միլիոն ԱՄՆ դոլար` ընդամենը 59 համերգների արդյունքում:
Billboard-ը հայտնում է, որ 2013-ի երկրորդ ամենաեկամտաբեր շրջագայությունը նույնիսկ երաժշտական խմբի կամ արտիստի շրջագայություն չէր` այն Cirque du Soleil-ի Immortal կրկեսային շրջագայությունն էր, որը հիմնված էր Մայքլ Ջեքսոնի երաժշտության վրա: Cirque du Soleil-ի շրջագայության 209 ներկայացումների համար 1.4 միլիոն տոմս է վաճառվել, ինչը կազմակերպիչներին բերել է $157,299,100: «Առաջին հնգյակը» եզրափակում են P!nk-ը, Բրյուս Սփրինգստինը եւ Ռիհաննան:
Չնայած նրան, որ Rolling Stones-ն ընդամենը 23 համերգ է նվագել 2013-ին, խումբը հայտնվել է աղյուսակի 6-րդ հորիզոնականում: Նրանք վաստակել են 126 միլիոն ԱՄՆ դոլար` նվագելով ընդամենը 326,998 հանդիսականի համար: Այսպիսով, համերգների յուրաքանչյուր տոմսի արժեքն էր միջինում $385:
Bon Jovi-ի շրջագայության հաջողության վրա չանդրադարձավ նույնիսկ այն փաստը, որը խմբի ներսում ամեն ինչ հարթ չէ: 2013թ. օգոստոսին խմբի երկարատեւ կիթառահար Ռիչի Սամբորան ստիպված եղավ լքել խումբը՝ աշխատավարձերի հետ կապված անհամաձայնությունների պատճառով: Այն ժամանակ Սամբորան ասել էր, թե դուրս է գալիս խմբից` իր ընտանիքին հոգ տանելու նպատակով եւ երկրպագուները հույս ունեն, որ կիթառահարն ապագայում ինչ-որ մի ժամանակ կվերադառնա Bon Jovi: Ներկա պահի դրությամբ Ռիչի Սամբորայի ներգրավվածությունն ու կարգավիճակը Bon Jovi-ում դեռեւս հայտնի չէ:
Billboard-ի ամենաեկամտաբեր շրջագայությունների առաջին 25-յակում հայտնվել են նաեւ Ռոջեր Ուոթերսը (11), Փոլ Մաքքարտնին (16), Fleetwood Mac-ը (17) եւ Iron Maiden-ը (25):
Հայկական ռոք ասոցիացիա
«Առավոտ» օրաթերթ