Լրահոս
Օրվա լրահոսը

Սեւան Նշանյանին դատապարտում են Թուրքիայում բաց խոսելու համար

Դեկտեմբեր 18,2013 13:22

 Թուրքիայում երկու տարվա բանտարկության է դատապարտվել հայազգի լեզվաբան, լրագրող, մի քանի գրքի հեղինակ Սեւան Նշանյանը: Ո՞րն է բանտարկության իրական պատճառը: Այս մասին այսօր «Նոյան Տապանի» մամուլի սրահում խոսեց հրապարակախոս Սարգիս Հացպանյանը:

Նրա խոսքով, Սեւան Նշանյանը Հրանտ Դինքից հետո երեւացող միակ անձնավորությունն է, որն ուղիղ ասում է իրականությունը: Սարգիս Հացպանյանը ակնկալում է հայ մտավորականների աջակցությունը, իսկ թուրք մտավորականներն արդեն ստորագրահավաք են սկսել՝ ի պաշտպանություն հայ մտավորականի, այդ ստորագրությունների թիվն էլ անցել է հազարը:

Հացպանյանն ասում է, որ միայն Թուրքիայի նախագահն է ի զորու չեղյալ հայտարարել դատարանի վճիռը:

«Թուրքիոյ վճռաբեկ դատարանը հաստատած է 2008 թուականէն յարուցուած դատական գործի արդիւնքով կայացուած վճիռը, որ կը նախատեսէր 4 տարիով ազատազրկել Նշանեանը ապօրինի շինութիւն կառուցելու հիմնաւորումով: Այս Դատարանի որոշումէն ետք Նշանեան Twitter-ի իր էջին մէջ գրած է, որ արդէն շաբթուան վերջը բանտ պիտի ըլլայ Իյասթեփէի իրեն պատկանող հողատարածքին մէջ տուն կառուցելու պատճառով: Յիշեցենք, թէ Թուրքիոյ մէջ հայ լեզուաբանին դէմ յարուցուած են դատական քանի մը գործեր: Նախապէս Նշանեան կը մեղադրուէր իր համացանցային կայքին մէջ տեղադրած յօդուածներէն մէկուն մէջ Մոհամմէտ մարգարէն վիրաւորելուն մէջ: Դատական գործը յարուցուած է 15 անձերու բողոքի հիման վրայ: Դատախազութեան ներկայացուած բողոքին մէջ Նշանեան կը մեղադրուի «կրօնական արժէքները հրապարակայնօրէն նուաստացնելու» «յանցանք»ին մէջ»,- նշում է Սարգիս Հացպանյանը:

Անդրադառնալով Նշանյանի՝ 2008-ին հեղինակած «Սխալ հանրապետություն» գրքին՝ բանախոսը նշում է, որ Սեւան Նշանյանը համարձակորեն հայտարարել է, թե Թուրքիան նստած է մի տարածքի վրա, որն արյունով է ներծծված: Նրա ներկայացմամբ, « Սխալ հանրապետությունը» գիրքը Թուրքիայի իննսուն տարվա պատմությունն է ամփոփում՝ Սեւրի, Լոզանի դաշնագրերից սկսած, վերջացրած քեմալիստական գաղափարախոսության եւ Աթաթուրքի մերկացմամբ:

Սարգիս Հացպանյանը պնդում է, որ մասնավորապես այս գրքից հետո են ուժեղացել պոլսահայ լրագրողի ու մտավորականի դեմ հետապնդումները, որը 2004-ին մարդու իրավունքների պայքարի համար արժանացել է հեղինակավոր մրցանակի: «Ժամանակակից թուրքերենի ծագումնաբանական բառարանը» ենթավերնագրով հրատարակված «Բառերի տոհմածառը» գրքում էլ Սևան Նշանյանը փաստել է, որ թուրքերենն այլ լեզուներից ռեկորդային թվով բառեր է փոխառել, նորերն է ստեղծել, ու այդ առումով աշխարհի ամենակոսմոպոլիտ լեզուն է:

Խոսելով այդ գրքի մասին՝ Սարգիս Հացպանյանը նշում է, թե ինչպես են թուրքերը 1923-ից սկսած յոթ-ութ անգամ փոփոխության ենթարկել տեղանունները՝ թաքցնելու համար նրանց ո՛չ թուրքական ծագումը, ու Սեւան Նշանյանը իր գրքով ասել է ողջ ճշմարտությունը:

Ասուլիսի ժամանակ անդրադարձ եղավ նաեւ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուին՝ Երևան կատարած այցի ժամանակ «Հայոց ցեղասպանություն. ականատես վերապրողների վկայություններ» գրքի թուրքերեն տարբերակը նվիրելուն: Այդ գրքում 1071 էջ վկայություն կա, Դավութօղլուն խոստացել էր օդանավում կարդալ: Հացպանյանը չգիտի, նա կարդացե՞լ է, թե՞ ոչ, բայց որ նրա՝ Թուրքիա հասնելուց հետո հայ մտավորականի կյանքին սպառնացող վտանգը մեծացել է, դա փաստ է:

Հացպանյանն ասում է, որ Սեւան Նշանյանի դեմ մոտ երկու տասնյակի չափ հայց կա, ու եթե բոլորն իրականացվի, լեզվաբանին 260 տարի բանտարկություն է սպառնում: Բայց այս ամենից իսկական մտավորականն ու մարդու իրավունքների առաջամարտիկը չի ընկրկում:

Ի դեպ, Սեւան Նշանյանը մեղադրվել է նաեւ հունական ավերված Շիրինջ գյուղը վերանորոգելու մեջ, որն այժմ ակտիվ կյանքով է ապրում, չորս-հինգ համալսարան այնտեղ ճամբար ունի: Թուրքական դատարանը նրան դատապարտել է իբր ապօրինի շինարարություն համար:

Ինչ վերաբերվում է հերթական բանտարկությանը, Սարգիս Հացպանյանի ձեւակերպմամբ, Սեւանին ուզում են 2015-ին ընդառաջ բանտում տեսել: Հացպանյանը SOS է հնչեցնում՝ երկրորդ Հրանտ Դինքի վտանգի առաջ ենք կանգնած:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031