Այսօր «Կոնգրես» հյուրանոցում մեկնարկեց «Անվտանգությունը եւ համագործակցությունը Հարավային Կովկասում» անունը կրող միջազգային համաժողովը, որը կազմակերպվել էր «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի (Հայաստան) եւ «Պոլիկոնտակտ» քաղաքական տեխնոլոգիաների կենտրոն ԻՈԱԿ (Ռուսաստան) նախաձեռնությամբ:
Համաժողովի առաջին նիստը նվիրված էր Հարավային Կովկասի տարածաշրջանային անվտանգության համակարգի ստեղծման հեռանկարներին: Հրավիրյալներ կային ոչ միայն Հայաստանից եւ Ռուսաստանից, այլեւ՝ Իրանից, Լիբանանից, Թուրքիայից, Ադրբեջանից, Վրաստանից, Բելառուսից:
Տարածաշրջանային բազմաթիվ խնդիրների մասին խոսելու ընթացքում «Ռազմավարական կոնյունկտուրայի կենտրոնի» (ՌԴ) փոխտնօրեն Միխայիլ Չեռնովը հայտարարեց, որ ներկայումս ստեղծվել է մի իրավիճակ, երբ «որեւէ երկիր չի կարող նստել միաժամանակ երկու աթոռի»: Ու գովեց Հայաստանին ժամանակին եւ ճիշտ ընտրություն անելու եւ Մաքսային միություն մտնելու եւ Եվրասիական միության հիմնադրմանը մասնակցելու ցանկության համար, պնդելով, որ դա Հայաստանի համար լուրջ «ռազմական հովանոց» կհանդիսանա եւ միաժամանակ լայն տնտեսական հեռանկարներ կբացի:
Նա նաեւ ասաց, որ Ռուսաստանը ցանկանում է Հարավային Կովկասում ավելի լայն եւ խորը ներկայություն եւ դերակատարություն ունենալ, ի տարբերություն ԱՄՆ-ի, որը կամաց-կամաց հեռանում է աշխարհի տարբեր տարածաշրջաններից, եւ իր փոխարեն այդ տարածաշրջաններ է «բերում» Եվրամիությանը եւ մասնավորապես Գերմանիային, ու ստացվում է շատ թունդ հակամարտություն: Որպես օրինակ նա բերեց Ուկրաինան, որտեղ, ըստ ռուս պաշտոնյայի, Եվրոպան շատ կոպիտ եւ անբռնազբոս ձեւով մտավ այդ երկրի ներքին գործերի մեջ, փորձեց իրենը թելադրել: Ու հավելեց՝ «Նույնը կարող էր լինել նաեւ Հայաստանում»:
Կարդացեք նաև
Եվ եզրահանգեց՝ Ռուսաստանը վերադառնում է Հարավային Կովկաս, ինչով այս տարածաշրջանի անվտանգությունը կբարձրանա, սակայն մարտահրավերները կշատանան:
Պարոն Շեւցովի այս բավականին հանդուգն արտահայտություններից հետո կարճ ռեմարկով հանդես եկավ «Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը, որն ասաց, թե Հայաստանը ոչ մի ընտրություն էլ չի արել, եւ շարունակելու է հին ձեւով իրականացնել իր քաղաքականությունը, այն է՝ «պահել տարբեր ձվերը՝ տարբեր զամբյուղներում», իրականացնել տարբերակված արտաքին քաղաքականություն: Նա նաեւ ասաց, որ բոլոր երկրներն էլ աշխարհում ցանկանալու են եւ փորձելու են միաժամանակ նստել ոչ միայն երկու աթոռի, այլեւ՝ հնարավոր բոլոր «տաբուրետկաներին» ու գետնին փռված գորգերին, եւ դա նորմալ է, բնական է, ու ամեն երկիր իրավունք ունի իր շահերը հետապնդել:
Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ