Լրահոս
Օրվա լրահոսը

Գառնեցիները կտրականապես դեմ են սրճարան կառուցելու նախագծին. «Հայոց աշխարհ»

Դեկտեմբեր 18,2013 12:54

«Հայոց Աշխարհ»-ի հետ զրույցում Գառնիի գյուղապետ Աշոտ Վարդանյանը հիշատակեց, որ ինքն անձամբ, ինչպեսեւ գառնեցիները, կտրականապես դեմ են սրճարան կառուցելու նախագծին, քանի որ հուշարձանի տարածքը հատուկ պահպանվող է, ուստի այդ վայրում չի թույլատրվում լրացուցիչ ու մանավանդ բիզնես նպատակներով որեւէ ծրագիր իրագործել:

«Հողային օրենսգրքի համաձայն` հասարակական կառուցապատման համար հողի գործառական նշանակությունը պետք է փոխվի, այսինքն՝ այն պետք է դառնա հասարակական տարածք: Սակայն ըստ օրենքի` հատուկ պահպանվող տարածքի նշանակությունը չի թույլատրվում փոխել»,- բացատրեց գյուղապետը:

Մշակույթի նախարարությունը, օրենքի համաձայն, առանց գյուղապետի թույլտվությունը ստանալու չի կարող արգելոցի տարածքում որեւէ շինարարություն կամ առեւտրային ծրագիր իրականացնել:

Մինչդեռ Աշոտ Վարդանյանն արդեն երկու անգամ մերժել է իրեն ուղարկված թույլտվության խնդրագրերը, քանի որ չի ցանկանում նախարարության հետ «հանցավոր գործարքի մեջ մտնել» ու ոտնահարել օրենքը: Եթե նախարարությունն այնուամենայնիվ չի ցանկանում հրաժարվել իր հավակնություններից` գյուղապետը խորհուրդ է տալիս` «Թող դիմեն դատարան»:

Բայց նախարարությունը հավանաբար ոչ դատարան դիմելու ժամանակ ունի, ոչ էլ այդքան նյարդեր: Ուստի անտեսելով գյուղապետի խորհուրդն ու կարծիքը` տաճարի հարեւանությամբ գտնվող նախատեսված վայրում սկսել է սրճարանի տեղադրումը: Այժմ շինարարական աշխատանքները դադարեցված են վատ եղանակային պայմանների պատճառով, բայց տարածքն արդեն բետոնապատված է: Հաշվի առնելով, որ սրճարանը շարժական է լինելու` շատ բան չի մնացել անելու: Գյուղապետը վստահ է, որ հենց եղանակը լավանա, շինարարությունը կվերսկսվի:

Մեր այն հարցին, թե եթե անտեսեք, որ սրճարանը տեղադրվելու է օրենքի խախտմամբ, այնուամենայնիվ որքանո՞վ է նպատակահարմար արգելոցի պարիսպներից ներս այն տեղադրելը, գյուղապետը պատասխանեց. «Անիմաստ է սրճարանի կառուցումը, քանի որ նախապես կանխատեսելի է, որ դրա հետ կապված հույսերը չեն արդարանալու: Երեք տարի առաջ նման մի փորձարկում կատարվել է, երբ արգելոցի տարածքում առեւտրի կրպակ էին տեղադրել: Սակայն առեւտուր չլինելու պատճառով այն շուտով փակվեց:
Բացի դրանից, տաճարի մուտքը ժամը 7-ից հետո փակվում է, իսկ սրճարան նախաձեռնողները հավատացնում են, թե այն տեղադրելու ողջ նպատակը երեկոյան ժամերին տաճարի տարածքն աշխուժացնելն է: Եթե տաճարը փակվեց` սրճարանն ինչպե՞ս է գործելու»:

Հաշվի առնենք նաեւ, որ Գառնու տաճարի տարածքից դուրս մի քանի սրճարան է գործում, որոնք լուրջ մրցակիցներ կլինեն նորի համար: Բացի դրանից, Գառնի գյուղի տարածքում զբոսաշրջային ընկերությունների հետ համագործակցող եւ արդեն անուն ձեռք բերած մի շարք հացատներ կան, որտեղ էլ զբոսաշրջիկները համտեսում են հայկական խոհանոցի ուտեստները:
Այնպես որ՝ նոր սրճարանը ավելորդ եւ անիմաստ շռայլություն է գյուղի համար:

Թագուհի ԱՍԼԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031