Լրահոս
Օրվա լրահոսը

«Ժողովուրդ» օրաթերթի հարցով զբաղվում է ոստիկանության 6-րդ վարչությունը

Դեկտեմբեր 18,2013 12:38

ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Հովհաննես Մարգարյանը վերջապես կատարեց ԱԺ բարձր ամբիոնից հրապարակավ տված իր խոստումը եւ ՀՀ գլխավոր դատախազություն ուղարկեց մի դիմում՝ ընդդեմ «Ժողովուրդ» օրաթերթի: Սակայն այդ դիմումն ընթերցողների մոտ լավագույն դեպքում միայն լայն ժպիտ է առաջանում:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 13-ին հրավիրված ասուլիսին Հ. Մարգարյանն ասել է, թե ինքը 150 հազար դոլար չի տվել Արթուր Բաղդասարյանին պատգամավորական մանդատ ստանալու համար. «Սա ակնհայտ սուտ է եւ զրպարտություն: Ես դիմել եմ ոչ թե դատարան, այլ այս եւ մի քանի այլ հարցերով, որոնք մեղադրանք են համարվում Քրեական օրենսգրքով, դիմել եմ դատախազություն: Այստեղ մի կողմին մեղադրում են առանձնապես խոշոր չափերի կաշառք տալու մեջ, մյուս կողմին` վերցնելու: Նշվում է, որ սա եղել է պարբերաբար, իսկ ես եւ իմ գործընկերները պատգամավոր ենք ընտրվել երեք անգամ…»:

Հիմա դառնանք ժպիտներին՝ պաշտոնապես տեղեկացնելով, որ վերը նշված ձեւակերպմամբ «Ժողովուրդ» օրաթերթը որեւէ տեղեկություն չի հրապարակել. դա սուտ է եւ զրպարտություն: Մենք գրել ենք Արթուր Բաղդասարյանի հարստացման մասին հոդված, որտեղ մի հատվածը մեջբերում ենք արել 3 տարի առաջ հրապարակված նյութից: Հավանաբար Հովիկ Մարգարյանը «տեմպի տակ ընկած» է խոսել՝ չհասկանալով խոսքերի լրջությունը: Ինչո±ւ, որովհետեւ լրատվամիջոցի եւ լրագրողների նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու անթաքույց հույսով գրված Մարգարյանի այդ նամակն իրականում քաղաքական դատողությունների մի ամբողջ փունջ է, թե ինչպես է ՕԵԿ-ը վիրավորվել այս կամ այն քաղաքական գնահատականից: Այնտեղ չկան իրավական քայլեր կատարելու համար անհրաժեշտ տեղեկություններ: Գրեթե երկու էջանոց դիմումի մեջ նշված միակ «քրեածին» ձեւակերպումն այս է. «Ժողովուրդ» օրաթերթը գրել է, որ «հիշենք» «Հայկական ժամանակ» թերթի հրապարակումը, ուր գրված է. «ՕԵԿ համամասնական ցուցակի անցողիկ տեղերում հայտնվելու համար մարդիկ Արթուր Բաղդասարյանին վճարել են յուրաքանչյուրը 150 հազարական դոլար»: Համեմատեցի±ք վերը բերված ձեւակերպման հետ: Միանգամայն տարբեր բաներ են:

Այնուամենայնիվ, ՕԵԿ-ին ի սկզբանե չմերժելու համար վերջին ձեւակերպման մասով ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանն ԱԺ պատգամավորի դիմումը մակագրել է իր տեղակալ Հրաչյա Բադալյանին: Վերջինս էլ իր հերթին հանձնարարագիր է ուղարկել ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի 6-րդ գլխավոր վարչություն՝ կոռուպցիայի եւ կաշառակերության հարցով զբաղվող բաժին, որպեսզի ուսումնասիրեն 150 հազար դոլարի մութ պատմությունը: «Ժողովուրդ» օրաթերթը ոստիկանությանը տվեց անհրաժեշտ բացատրությունը՝ հիասթափեցնելով թերթի գործունեության մեջ քրեածին էլեմենտներ փնտրող օրինապահներին:

Իհարկե, մինչ այս դիմումն էլ խիստ կասկածելի էր, որ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալ Հովիկ Մարգարյանը լուրջ իրավաբանական գիտելիքներ ունի: Բայց այս դիմումը վերջնականապես ապացուցեց, որ պատգամավորն իրավաբանությունից, մեղմ ասած, հեռու է եւ, լինելով օրենսդիր մարմնի ներկայացուցիչ, նույնիսկ օրենքներ չի կարդացել՝ հասկանալու համար, որ համաձայն «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի երկրորդ մասի երրորդ կետի` «Լրատվական գործունեություն իրականացնողն ազատվում է տվյալ տեղեկատվության տարածման համար պատասխանատվությունից, եթե դա՝ հրապարակային ելույթի, պետական մարմինների պաշտոնական փաստաթղթերի, լրատվության այլ միջոցի կամ հեղինակային որեւէ ստեղծագործության բովանդակած տեղեկատվության բառացի կամ բարեխիղճ վերարտադրությունն է, եւ դա տարածելիս ինքը կատարել է հղում այդ աղբյուրին»:

«Ժողովուրդ» օրաթերթը, ղեկավարվելով ԶԼ մասին օրենքի 9-րդ հոդվածով, պատշաճ հղում է կատարել «Հայկական ժամանակ» օրաթերթին, հետեւաբար ազատվում է պատասխանատվությունից: Տեղեկացնենք, որ ՀԺ-ն էլ իր հերթին օգտվել է ռուսական wek.ru կայքէջից՝ թարգմանաբար ներկայացնելով ԱԽՔ Արթուր Բաղդասարյանի մասին 2010թ. արված «Հայաստանը թալանողները-3» հրապարակումը:

Այսպիսով, եթե Հովհաննես Մարգարյանն իսկապես սկզբունքային գործիչ է եւ խնդիր է դրել իր եւ «Օրինաց երկիր» կուսակցության կասկածելի բարի համբավը փրկել, ապա տրամաբանական է, որ պետք է դիմի Ռուսաստանի Դաշնության դատախազությունª պահանջելով պատժել wek.ru կայքին «ստի եւ զրպարտության» համար: Գուցե ՕԵԿ-ին այս հարցում օգնի նաեւ ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար, Արթուր Բաղդասարյանի սիրելի Նիկոլայ Պատրուշեւը:

Հավելենք, որ նույնպիսի իրավազուրկ ու հիմնազուրկ հայցեր էլ ՕԵԿ-ը դատարանին է ներկայացրել, որոնց մանրամասները կտեղեկացնենք առաջիկայում: Մինչ այդ մնում է տարակուսել, թե ինչու է դատարանը վարույթ ընդունել այդ ծիծաղելի հայցերը՝ շատ լավ իմանալով, որ ՕԵԿ եւ բարի համբավ ձեւակերպումներն ընդհանրություններ չունեն: Ու սա ապացուցվել է ոչ մեկ անգամ:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031