Նախապես ասենք, որ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին պաշտպանելու խնդիր չունենք (տվյալ պարագայում նա պաշտպանության անհրաժեշտություն չունի էլ), առաջինը կամ առաջիններից մեկը մենք ենք խստորեն քննադատել նրա թույլ տված սխալները եւ առաջիկայում էլ նույն կերպ ենք վարվելու, եթե այդպիսիք նշմարենք նրա գործունեության մեջ: Բայց, ինչպես ասում են, հանուն ճշմարտության:
Օրերս Հայաստանի Հանրապետության դատավորների միության խորհուրդը Մարդու իրավունքների պաշտպանին հրապարակավ ներկայացրեց այնպիսի մեղադրանքներ, որ մեր երկրի դատական համակարգը կամ դատավորները շատ վաղուց ընդհանրապես չէին ներկայացրել որեւէ մեկին:
Դեկտեմբերի 9-ին ՄԻ պաշտպանի հրապարակած «Արդար դատաքննության իրավունքի վերաբերյալ» արտահերթ զեկույցը խորհուրդը գնահատեց եւ ներկայացրեց ոչ միայն իբրեւ իրականությանը բացարձակապես չհամապատասխանող, սիրողական մակարդակի ուսումնասիրությունների վրա հիմնված, դատական իշխանությունն ու դատավորի բարձր կոչումը նսեմացնող, հակաօրինական, այլեւ նույնիսկ հակապետական, պետական եւ հասարակական կարգի ապակայունացման լուրջ վտանգ պարունակող: Արձագանքն այնքան բուռն էր, որ միանգամից պարզ դարձավ` ՄԻ պաշտպանը դատական իշխանության կրունկը շատ ցավոտ է տրորել:
Խորհրդի արձագանքը պարզապես ծիծաղելի կհամարեինք, եթե իրականությունը կամ խնդիրը, որին առնչվում է այդ ամենը, չափազանց տխուր չլիներ: Չափազանց տխուր, որովհետեւ հենց դատական համակարգում գոյություն ունեցող ահավոր անարդարության ու կոռուպցիայի հետեւանքով է նաեւ, որ մեր երկիրը դատարկվում է:
Կարդացեք նաև
Ո՞ւմ հայտնի չէ, որ Հայաստանի դատական համակարգը երկրի ամենակոռումպացված ոլորտներից է, եւ որ շատ դատավորներ, չարաշահելով դատական համակարգի անկախության սկզբունքն ու հրամայականը, այդ առումով նշված համակարգին օրենսդրությամբ տրված հնարավորությունը, անկախացել են նույնիսկ օրենքից: Կարելի է ասել, որ ՄԻ պաշտպանի զեկույցում այս առումով որեւէ նորություն չկա, այն պարզապես հանրահայտ իրողությունների համակարգված արձանագրումն է:
Մի պահ պայմանականորեն ընդունենք, թե ՄԻ պաշտպանն իր զեկույցում սխալվում է, եւ այդ զեկույցը, ինչպես հիշյալ խորհուրդն է նշել, «իրականությանը բացարձակ չհամապատասխանող» է, «հիմնազուրկ դատողություններից բաղկացած», «ամբողջությամբ երեւակայության արդյունք է», «միտված է դատական իշխանության նկատմամբ հանրության շրջանում թյուր պատկերացումների ձեւավորմանը», եւ այլն, եւ այլն:
Լավ, ՄԻ պաշտպանն է սխալվել, երեւակայությանը զոռ տվել, անլուրջ եւ, հիշյալ միտումն ունենալով, անազնիվ եղել, բայց հարյուրավոր փաստաբաններ նո՞ւյնպես սխալվել էին… Նրա՞նք էլ հանրության շրջանում թյուր պատկերացումների ձեւավորման միտումն ունեին, երբ ինչպես 2012 թվականին, այնպես էլ այս տարի ստիպված եղան փաստաբանների համար բացառիկ ու ծայրահեղ միջոցի դիմել` գործադուլ անել` բարձրաձայնելով դատական համակարգում արմատացած «բեսպրեդելի» եւ կոռուպցիայի, երկակի ստանդարտների կիրառման, անօրինության եւ անարդարության մասին:
Մի պահ ընդունենք, թե նրանք էլ էին սխալվում: Բազմաթիվ, քաղաքական տարբեր կողմնորոշում ունեցող ու չունեցող լրատվամիջոցներ, հարյուրավոր լրագրողներ նո՞ւյնպես սխալվում էին ու սխալվում են` դատական համակարգում տեղ գտած անօրինության, այլանդակությունների մասին տարբեր նյութեր հրապարակելով:
Գլխավոր դատախազի նախկին ու ներկա տեղակալնե՞րն էլ էին սխալվում` Հայաստանի Հանրապետության դատախազության կոլեգիայի տարբեր նիստերի իրենց զեկուցումներում խոսելով դատարանի կողմից օրենքի ոչ միատեսակ կիրառման, ոչ իրավաչափ դատական ակտերի, դատական համակարգում արձանագրված խայտառակ խախտումների մասին:
Ինչ-որ մի քիչ շատ չի՞ ստացվում սխալվողների, հիմնազուրկ դատողություններից բաղկացած եւ իրականությանը բացարձակ չհամապատասխանող տեղեկատվություն տարածողների, անազնիվ միտում ունեցողների «բանակը»:
Ա. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում